ArmLur.am-ը շարունակում է հարց ու պատասխանի շարքը, որտեղ տեղեկություն է տրվում այն հարցերի վերաբերյալ, որոնք անհանգստացնում և հետաքրքրում են մեր ընթերցողներին: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե ՀՀ քաղաքացին խուսափել է զինվորական ծառայությունից, եւ դեռ չի լրացել նրա 27 տարին, բայց նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ապա ի՞նչ պետք է անի նա:
Արման Հովհաննիսյան (ատամնաբուժ, 26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը եւ քաղաքացին զորակոչվում է բանակ՝ առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր), կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ` ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ազատազրկման, կալանքի եւ ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների եւ պահեստազորայինների զինվորական գրքույկները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: