Մեր պետական պաշտոնյաները չեն պատրաստվում անցնել խնայողությունների ռեժիմի. նրանք շարունակում են բյուջեի հաշվին հսկայական գումարներ վատնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակին, մեր պետական պաշտոնյաները չեն պատրաստվում անցնել խնայողությունների ռեժիմի: Նրանք շարունակում են բյուջեի հաշվին հսկայական գումարներ վատնել` տարատեսակ ապրանքներ, ծառայությւններ գնելու համար` դա հիմնավորելով քաղաքացիների բարեկեցության ապահովմամբ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի գնումները կազմում են ավելի քան 11 մլրդ դրամ:

Այսպես՝ Երեւանի քաղաքապետարանի ընթացիկ տարվա գնումների ցանկում տեղ են գտել շոկոլադը, սուրճը, բնական հյութերը եւ այլն: Մասնավորապես քաղաքապետարանը մոտ 1 մլն դրամ է հատկացրել շոկոլադի գնմանը. գնել է 140 կգ շոկոլադ՝ յուրաքնչյուր կգ-ի դիմաց վճարելով 6500 դրամ: Քաղաքապետարանում չեն մոռացել նաեւ շոկոլադին համապատասխան լավ սուրճ ձեռք բերելու մասին եւ գնել են 200 կգ աղացած սուրճ՝ յուրաքանչյուր տուփը՝ 500 դրամով, նաեւ՝ 45 տուփ լուծվող սուրճ՝ տուփը 2500 դրամով: Թե ինչպես է սպառվելու այս քանակի եւ նման թանկ գներով ձեռք բերված շոկոլադն ու սուրճը, այս մասին պաշտոնական փաստաթղթում ոչինչ նշված չէ:

Ինչպես այլ պետական գերատեսչությունները, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանը գնել է ռեգուլյար եւ պրեմիում տեսակի բենզին: Այսպես՝ պրեմիում տեսակի 1 լիտր բենզինի համար քաղաքապետարանը վճարել է 420 դրամ: Գնվել է 73 200 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ 30 մլն 744 հազար դրամով: Իսկ, ահա, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը գնվել է 405 դրամով, 86 080 տոննա ռեգուլյար բենզինի համար վճարվել է մոտ 35 մլն դրամ: «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է պետական կառույցների կողմից գնված բենզինի սակագներին: Այս դեպքում եւս անհրաժեշտ է հիշեցնել, որ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն այսօր ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Այսինքն՝ քաղաքապետարանը 25 դրամով ավել է վճարել ռեգուլյար տեսակի բենզինի համար, իսկ, ահա, պրեմիում տեսակի 1 լիտր բենզինը՝ 10-20 դրամով է գերազանցել շուկայական գնին:
Բացի այս՝ քաղաքապետարանը գնել է նաեւ 100 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ յուրաքանչյուրի համար վճարելով 30 հազար դրամ, նաեւ գնվել է 140 հատ 10 հազար դրամանոց ծաղկային կոմպոզիցիա: Քաղաքապետարանը 3 մլն դրամ էլ հատկացրել է 60 հատ ծաղկեպսակի համար, որից յուրաքանչյուրը արժի 50 հազար դրամ: Թե ում համար են գնվել այս 60 ծաղկեպսակները, անհայտ է, սակայն, հայտնի է, որ դրանք նախատեսված են 2016 թվականի համար:

Քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար գնել է նաեւ անձնական 1 հատ համակարգիչ՝ 1 մլն 690 հազար դրամով. սեղանի 5 հատ i7 մոդելի համակարգիչ՝ 2 մլն դրամով, եւ i5 մոդելի 25 համակարգիչներ՝ 7.5 մլն դրամով: Գնվել է նաեւ 49 հատ բազկաթոռ՝ ավելի քան 2 մլն դրամով: Շուրջ 17 մլն դրամ էլ հատկացվել է տպագրական ծառայությունների համար:
Անդրադառնանք քաղաքապետարանի կոմունալ վարձավճարներին: Այսպես՝ ընթացիկ տարվա համար քաղաքապետարանը գազի համար վճարել է մոտ 30 մլն դրամ, էլեկտրաէնեգրիայի համար՝ մոտ 63 մլն դրամ, փոստային ծառայությունների համար` 50 մլն դրամ, հեռախոսային եւ տվյալների փոխանցման ծառայությունների համար` մոտ 24 մլն դրամ, բջջային հեռախոսների ծառայությունների դիմաց` մոտ 17 մլն 700 հազար դրամ: Ի դեպ, քաղաքապետարանի ընթացիկ տարվա գնումների պլանների մեջ տեղ է գտել հետեւյալ ծախսը՝ ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վարձակալությունը վարորդի հետ միասին, որն արժեցել է 90 մլն 720 հազար դրամ: Այսինքն՝ 18 ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցի վարձակալություն՝ վարորդի հետ միասին, որից յուրաքանչյուրի համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է 5 մլն 40 հազար դրամ:
Այս ամենից զատ` Բուզանդի 1/3 եւ Արգիշտի 1 հասցեների շենքի պահպանման ծառայությունը կազմել է մոտ 266 մլն դրամ: Իսկ մարդատար ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար հատկացվել է 211.5 մլն դրամ: Այստեղ խոսքը 47 մեքենայի մասին է, որից յուրաքանչյուրի պահպանման ծառայության համար բաժին է հասել 4.5 մլն դրամ:

Փողոցների, մայթերի, բակային տարածքների սալահատակման եւ ասֆալտապատման աշխատանքները կազմել են 3 մլրդ 584 մլն դրամ: Մասնավորապես սալահատակման եւ ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 150 մլն դրամ, եզրաքարերի հիմնանորոգման համար՝ 15 մլն դրամ, շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգման համար՝ 10 մլն դրամ, իսկ հենապատերի համար՝ 80 մլն դրամ:
Ուշագրավ է, որ քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսել դրոշների ձեռքբերման, տեղադրման եւ պահպանման համար: Այդ նպատակով այս տարի հատկացվել է մոտ 54 մլն դրամ: Նշենք, որ Անկախության օրը միայն դրոշակաձողերի տեղադրման ծառայությունները արժենալու են 4 մլն դրամ: Քաղաքապետարանը նաեւ մեկ ծառ է գնել՝ 20 մլն դրամով: Իսկ թե դա ինչ ծառ է կամ ինչ անուն ունի, հստակ տեղեկություն չկա: Ի դեպ, ծառերի ճյուղերի էտումն իրականացնելու համար հատկացվել է 20 մլն դրամ, կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման համար՝ մոտ 198 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար էլ քաղաքապետարանը հատկացրել է 120 մլն դրամ:

Ահա, այսպիսի հատկացումներ են արված տնտեսական բարդ իրավիճակում հայտնված մեր երկրի մայրաքաղաքում: Չնայած «գոտիները ձգելու» ու ծախսերը կրճատելու` ՀՀ վարչապետի հորդորներին, Երեւանի քաղաքապետը շարունակում է շռայլություններ թույլ տալ: Փաստորեն, քանի Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, նրա աշխատակազմի անդամները պիտի շոկոլադ ուտեն: Ափսոս միայն, որ մայրաքաղաքի բյուջեի, այլ ոչ թե միլիոնատեր պարոն Տարոն Մարգարյանի հաշվին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս