
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ:
Մարտի 1-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Մ.Սարգսյանն ինքնասպանություն է գործել:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել խցի սանհանգույցում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել` երկաթե ամրանից սպորտային հագուստի գոտիով կախվելու միջոցով:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։