Վերջին առնվազն երեք համապետական ընտրություններում ՀՅԴ-ի արձանագրած արդյունքները վկայում են, որ եթե այս քաղաքական ուժը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեր, ապա առաջիկա` 2017 թվականի ԱԺ ընտրություններում Դաշնակցությանը սպասում էր կատարյալ ձախողում: Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը մի կերպ հաղթահարեց նվազագույն 5 տոկոս անցողիկ շեմը: Այնուհետեւ 2013-ի փետրվարի 18-ին ՀՅԴ-ն չհամարձակվեց մասնակցել նախագահական ընտրություններին, չնայած այդ կուսակցությունն այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Իսկ 2013-ի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը ՕԵԿ-ի հետ գրեթե հավասար՝ շուրջ 15 հազար չնչին քվե ստացավ՝ չկարողանալով մայրաքաղաքի կառավարմանը մասնակից դառնալ: Այսինքն՝ ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ ՀՅԴ-ն առանց իշխանությունների աջակցության, հաջորդ գումարման խորհրդարանում չէր կարողանա տեղ ունենալ: Իսկ եթե ՀՀ իշխանությունները նման բան թույլ տային, ապա այդ հանգամանքն իր հերթին կհանգեցներ ներդաշնակցական զարգացումների, որոնց արդյունքում ՀՅԴ-ում «իշխանափոխությունը» կլիներ անխուսափելի: Ասել կուզի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի նպատակը երկրորդի, կամ ավելի ճիշտ այդ քաղաքական ուժի ներկա վերնախավին փրկելն ու նրանց ազդեցությունն իրենց հայրենի կուսակցությունում պահպանելն է: Եթե ՀՅԴ-ին առաջիկա մեկ տարում չհաջողվի իշխանական լծակներով ավելացնել քաղաքական դաշտում մնալու իր հնարավորությունը, ապա ՀՀԿ ստիպված է լինելու Դաշնակցությանն իր հետ դաշինքով տանել խորհրդարան:
«Ժողովուրդ»-ը փետրվարի 19-ի համարում անդրադարձել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությունում ստուգումներ անցկացնելու եւ դրանց արդյունքում ի հայտ եկած չարաշահումների մասին լուրերին: Եւ, ահա, մեր հրապարակման հաջորդ օրը ՀՀ ՊՆ էր այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Այդ այցի մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՊՆ-ում անցկացված խորհրդակցության թեման եղել է նախարարության գնումների գործընթացը: Ինչպես հայտնի է՝ ՊՆ-ում առկա կոռուպցիայի վերաբերյալ բոլոր լուրերը կապվում են հենց գնումների գործընթացի հետ: Այնուհետեւ Գեւորգ Կոստանյանի այցելությունից ընդամենը երկու օր անց` փետրվարի 22-ին, ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտեում սկսել են նյութեր նախապատրաստել` ՊՆ-ում հնարավոր չարաշահումները քննելու նպատակով, եւ հիմքում դրվել է «Ժողովուրդ»-ի հրապարակումը: Իսկ թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը, պարզ կդառնա առաջիկա օրերին:
«Հայբիզնեբանկը» վերջին տարիներին սկսել է շատ ակտիվ զարգանալ եւ դա տեղի է ունենում նաեւ հիմնականում պետական ձեռնարկությունների շրջանառությունը սպասարկելու արդյունքում: Այսինքն՝ արդեն մի քանի տարի է՝ պետական գերատեսչությունները մեկը մյուսի ետեւից սկսում են իրենց շրջանառությունը իրականացնել հենց «Հայբիզնեսբանկի» միջոցով: Իսկ այս բանկի հմայքը կայանում է նրանում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջ` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Վերջինս, ըստ հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006-ին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի մարդկանցից մեկն է, որը անձամբ ներդրում է ունեցել, որպեսզի Սերժ Սարգսյանը գլխավորի Հայաստանի իշխանական բուրգը: Ու հիմա հատուցում է ստանում:
Պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013-ի սեպտեմբերից անազատության մեջ է եւ շինծու մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից զրկվել է: Բանն այն է, որ Ավետիսյանի ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի առաջարկությամբ ԵԴ դիմումի կազմումն ու առաքումը վստահվել է փաստաբան Արա Զաքարյանին: Սակայն փաստաբանը ԵԴ դիմումն այդպես էլ չի ուղարկել եւ ժամկետները բաց է թողել: Վոլոդյա Ավետիսյանի մյուս փաստաբանը՝ Գագիկ Սարուխանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արա Զաքարյանը դիմումը չուղարկելու վերաբերյալ իրեն ասել է.«Ուղղակի վրիպել եմ, ժամանակն ացել է, չեմ արել»: Այնուամենայնիվ, քաղբանտարկյալի հարազատները հույս ունեն, որ Ավետիսյանը, հնարավոր է նաեւ, վաղաժամկետ ազատվի, քանի որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը միջգերատեսչական հանձնաժողովին դիմում է ներկայացրել, որը կքննարկվի առաջիկա օրերին:
ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը: Ընդ որում, Ուորլիքն իր այդ մտադրության մասին նախապես տեղեկացրել է թվիթերյան գրառման միջոցով. «Ես պատրաստվում եմ մասնակցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը։ Մենք ցանկանում ենք ոգեկոչել ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է Ուորլիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ` միջոցառմանը մասնակցել են ամերիկացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, տասնյակ կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի անուններն ու նրանց հնչեցրած ելույթները՝ «Խոջալուի ցեղասպանության» եւ «հայերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» անթույլատրելիության շուրջ, մեջբերված է պաշտոնական հաղորդագրությունում:
Իհարկե, այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակն առաջին տարին չէ, որ նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Միացյալ Նահանգներում: Նմանապես առաջին անգամը չէ, որ այդ միջոցառմանը մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական այդ սուտը մերկացնելու եւ իրական ճշմարտությունը վեր հանելու հարցում Հայաստանի իշխանությունները, չնայած կատարված որոշակի աշխատանքին, այդուամենայնիվ, չեն հաջողել:
Այնինչ` դրա համար հսկայածավալ նյութեր կան` սկսած ականատեսների վկայություններից եւ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի` ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցից, որտեղ վերջինս խոստովանում է, որ Խոջալուի կոտորածը հենց ադրբեջանական զինուժի ձեռքի գործն էր:
Մի քանի տարի առաջ, ի դեպ, հայ նվիրյալ մասնագետների կողմից ստեղծվեց հատուկ կայքէջ, որտեղ մեկտեղված է ադրբեջանական այս ստահոդ քարոզչությունը մերկացնող ողջ տեղեկատվությունը, հրատարակվեցին տարբեր գրքեր, սակայն դրանք տարածելու եւ այդ ողջ տեղեկատվությունն օգտագործելու հարցում արդեն պետք է որ առավել ակտիվ լինեին Հայաստանի դիվանագիտական կորպուսի, ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների, սփյուռքի նախարարության եւ ՀՀ գիտական դաշտի ներկայացուցիչները:
Այնինչ` երեկ եւս ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն իր կեղծ քարոզչության իրագործման հարցում շարունակում է նորանոր ամբիոններ նվաճել` այդպիսով հաճախ ստիպելով հավասարության նշան դնել Բաքվում եւ Սումգայիթում հայկական կոտորածների եւ Խոջալուի դեպքերի միջեւ: Մի բան, որը, փաստորեն, իր թվիթերյան գրառմամբ նախօրեին արձանագրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: