ԵԹԵ Ս.ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐԵՆԻՑ Է ՍԿՍԵԼՈՒ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵԼԻ Է ՓՈՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում կարեւորեց համակարգում երիտասարդ սերնդին ներգրավելու հարցը` նշելով. «Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»:

Երիտասարդներին համակարգում ներգրավելու եւ սերնդափոխություն իրականացնելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյան
-Պարո՛ն Կարախանյան, դատելով փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծրագրային ելույթից, որտեղ վերջինս կարեւորում էր համակարգում երիտասարդ, կարող մարդկանց դերը, կարծես թե, Ս. Սարգսյանը մտադիր է պետական համակարգում սերնդափոխություն իրականացնել: Դուք՝ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Ես կարծում եմ՝ ճիշտ է սերնդափոխություն իրականացնել, որովհետեւ երիտասարդները այսօր ավյունով լցված են: Իհարկե, չեմ կիսում այն միտքը, որ պետք է միայն երիտասարդ լինի, պետք է ահելի կողքին ջահել լինի, ջահելի կողքին էլ միշտ պետք է ահել լինի` թեկուզ խորհուրդների կարգով:
-Սակայն արդյոք Սերժ Սարգսյանը կարող է սերնդափոխություն իրականացնել` հաշվի առնելով այն, որ նա այդ մասին դեռ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոսում, սակայն մինչ օրս սահմանափակվել է ընդամենը մի քանի յուրային երիտասարդների առաջ մղելով:
-Նա երկրի առաջնորդն է, ինչպես Հանրապետական կուսակցության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է: Կարծում եմ, որ նա ամբողջ ինֆորմացիային ավելի լավ է տիրապետում: Բայց եթե կան առողջ մտածելակերպի երիտասարդներ, որոնք պետության, պետականության գաղափարներով օժտված են, եւ որոնց առաջին շահը, զգայական աշխարհը անպայմանորեն միտված է հօգուտ Հայաստան աշխարհի, ես կարծում եմ, որ կստացվի:
-Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի՝ առայժմ առաջ են մղվում միայն Սերժ Սարգսյանի փեսայի մտերիմները: Դա պարզ դարձավ նաեւ այս վերջին նշանակումներից: Ձեզ այս հանգամանքը չի մտահոգո՞ւմ:
-Ես այդ մասին որեւէ ինֆորմացիա չունեմ եւ առանձնապես մտերիմ էլ չեմ նախագահի փեսայի հետ, այնպես որ չեմ կարող ասել:Բացարձակապես տեղյակ չեմ…
-Պարո՛ն Կարախանյան, ամեն դեպքում, եթե սերնդափոխություն լինի, ավագ սերունդը ինչպե՞ս դա կընդունի: Արդյո՞ք համակարգում երիտասարդ սերնդի ներգրավումը մրցակցություն չի առաջացնի:
-Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե մրցակցության խնդիր կլինի, այլ համալրման, որ մեկը մյուսին լրացնի: Եվ այն, ինչ որ տրված չէ իմ տարիքի, իմ սերնդի մարդկանց, դա կա երիտասարդների մոտ: Բայց երիտասարդների մոտ էլ բացակայում են էլի բաներ: Եթե երկու սերունդն էլ տոգորված լինեն պետության, պետականության գաղափարներով, չեմ կարծում, որ այստեղ կարող է մրցակցություն առաջանա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, փետրվարի 12-ին Ս. Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որով կարեւորեց համակարգում երիտասարդ, նախաձեռնող մարդկանց դերը: Տպավորություն է, թե Սարգսյանը մտադիր է պետական համակարգում սերնդափոխություն իրականացնել: Դուք դա ճի՞շտ եք համարում:
-Իհարկե, կիսում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ պետք է ավելի երիտասարդների` 18-25 տարեկաններին տեղավորել համակարգում: Բայց տարիքը չափանիշ չի: Ես գիտեմ 60-70 տարեկան մարդկանց, որոնք ե՛ւ հոգով, ե՛ւ մտքով երիտասարդ են: Գիտեմ 30-40 տարեկանների, որոնք իրենց արժեհամակարգով, իրենց հոգու կրթվածությամբ որեւէ բանի պիտանի չեն: Խնդիրը ոչ թե տարիքն է, այլ արժանիքները. պարկեշտություն, ազնվություն, սկզբունքայնություն, աշխատասիրություն, կարգապահություն, իշխանությունների կողմից շատ սիրված իրական հայրենասիրություն: Եւ, վերջապես, եթե Սերժ Սարգսյանն իրենից է սկսելու սերնդափոխություն կատարել, կարելի է փորձել:
-Այնուամենայնիվ, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ մինչ այս դրսեւորած գործելաոճը եւ հնչեցված, սակայն այդպես էլ կյանքի չկոչված խոստումները, կարծում եք՝ նրան կհաջողվի՞ սերնդափոխություն անել:
-Իհարկե, կարող է հաջողել: Սերժ Սարգսյանը կարող է 18-20 տարեկաններին նշանակել ամբողջ համակարգում, բայց դրանից երկրի խնդիրները չեն լուծվում: Խնդիրը մեզ մոտ համակարգային է: Համակարգային կոռուպցիա, ընտրակեղծարարություն, մոնոպոլացում…: Այս համակարգը պետք է փոխվի:
-Պարո՛ն Մարտիրոսյան, այնուամենայնիվ, եթե սերնդափոխություն լինի, ավագ սերունդը ինչպե՞ս դա կընդունի: Արդյո՞ք համակարգում երիտասարդ սերնդի ներգրավումը խանդի տեղիք չի տա ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ:
-Կառավարման համակարգում մրցակցությունը տարիքի հետ կապ չունի: Եւ ոչ թե տարիքային, այլ սկզբունքների, գաղափարների, մոտեցումների, աշխատաոճերի մրցակցություն պետք է լինի…
-Նաեւ այս վերջին նշանակումներից հետո շատերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոնները վստահում է իր փեսայի մտերիմներին:Սա ինչի՞ մասին է խոսում:
-Մենք ադրբեջանական քաղաքականության ուղղությամբ ենք ընթանում: ՀՀ-ում այդ մոտեցումը արդեն կա, որ օլիգարխներն իրենց երեխաներին, ազգականներին առաջ են տալիս: Սա նոր երեւույթ չէ, եւ հենց այս ուղղությամբ էլ շարունակում է Սերժ Սարգսյանը գնալ: Բայց ինձ համար էական չէ, որ նա իր շրջապատի մարդկանց է պաշտոնների նշանակում, ինձ համար էականն այն է, որ համակարգում խնդիրները լուծվեն:

 

 

 

 
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ՏԵՂ ՀԱՍՆԻ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում տեղի է ունեցել կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի համակիրների մասնակցությամբ հանդիպում, որի ժամանակ Միքայելյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու:

«Մենք խորհրդակցել ենք կուսակցության համախոհների եւ իմ մարտական ընկերների հետ ու որոշել ենք մասնակցել: Ես գալիս եմ իմ համախոհների հետ միասին, որ Հրազդանում այս մթնոլորտը փոխվի: Եթե նորմալ մարդիկ կան քաղաքապետարանում, կմնան, կաշխատեն… Իմ իշխանությունը իմ ժողովուրդն է: Ես պայքարելու եմ, որ ժողովրդի՝ ինձ տված ձայնը տեղ հասնի»,- ասել է Միքայելյանը:
Նա հայտնել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարելու է «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշել է, որ մեծ սիրով է ձեռնամուխ լինելու այդ գործին. «Թույլ տվեք ձեզ շնորհավորել Սասուն Միքայելյանի նման քաղաքապետի թեկնածու ունենալու կապակցությամբ: Ուզում եմ նաեւ ինձ շնորհավորել, որ Հրազդանում աշխատելու եւ ձեզ հետ ամենօրյա շփում ունենալու հնարավորություն եմ ստանալու: Ես մեծ սիրով ղեկավարելու եմ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը, եւ դա մեծ պատիվ է ինձ համար: Մեծ պատիվ է ոչ միայն այն պատճառով, որ նա Արցախյան լեգենդար հրամանատարներից մեկն է, Հայաստանի քաղաքական կյանքի ամենավառ դեմքերից մեկն է, որ Հրազդանի ամենահայտնի եւ սիրված քաղաքացիներից մեկն է, այլեւ որ Հրազդանը ՀՀ ամենամեծ պոտենցիալ ունեցող քաղաքներից մեկն է, եւ ես պատիվ եմ համարում այդ քաղաքի պոտենցիալը մեծացնելու եւ իրացնելու գործին մասնակցելը»,-ասել է Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը նաեւ նշել է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ծրագիր է մշակել. «Պետք է աշխատենք բոլոր այն տեղերում, որտեղ հնարավորություն կա ընտրություններին մասնակցելու»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք եւ Վայոց ձոր, տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

 
«ՅՈՒՆԻՖԻՇԻ» ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-ՈՒՄ
Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել: Նշենք, որ ընկերությունը գրավադրվել է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետեւանքով այն անցել է բանկին: Իսկ ի՞նչ է վաճառում «Յունիֆիշ»-ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք-շինություններով, շարժական գույքով, տրանսպորտային միջոցներով, 650 ջրավազաններով եւ 53 հորատված ջրհորներով: Այս ամենի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 6 մլրդ դրամ: Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի է հանվել բնակելի տուն՝ հողամասով, որի արժեքն է ավելի քան 406 մլն դրամ:
ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ ձկնաբուծարանի կենդանի ձկները` մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան եւ այլն: Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում: Իսկ ինչպես հայտնի է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին:

 

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Նախորդ շաբաթ մեկնարկած ՀՀ դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում երեկ Սերժ Սարգսյանը լսել է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ: Փաստորեն, Ս. Սարգսյանը ներկայումս որոշել է անձամբ իրականացնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գործառույթները` նրա փոխարեն լսելով դեսպանների զեկույցները: Մնում է գուշակել` արդյոք նա դժգոհ է Նալբանդյանի աշխատանքից, ով հենց ինքը պետք է երկրի նախագահին ներկայացներ իրեն տրված բոլոր դեսպանների զեկույցները, թե պարզապես փորձում է կիսել մշտական գործուղումներից գերհոգնած Նալբանդյանի բեռը:

 

 

ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2015 թվականի օգոստոսի 18-ին «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով, կանացի խնդրով (արգանդի միոմա) լաբորոսկոպիկ վիրահատության ենթարկված եւ 14 օր հետո, գիտակցության չգալով, մահացած Կարինե Աղաբեկյանի գործով դեռ վերջնական եզրակացություն չկա: Դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովն արդեն երրորդ անգամ պետք է նիստ գումարի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երրորդ հանձնաժողովի եզրակացությունից հետո հայտնի կլինի` արդյո՞ք կնոջ մահը բժիշկների մեղքով է եղել, թե՞ ոչ:




Լրահոս