Դեռեւս փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի՝ 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն անընդունելի հայտարարությամբ հանդես եկավ` ցեղասպանություն հասկացողությունը համարելով զավեշտական:
«Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում՝ ցեղ վերացնել, ինչ է նշանակում 1,5 հայերի գլխատել, սա շատ անընդունելի եւ շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ …»,- ժողովի ժամանակ հայտարարել էր Վարդանյանը:
Կարելի է նկատել, որ երեկ դիվանագիտության օրն էր, քանի որ այս քայլը ոչ ոքի աչքից չվրիպելով՝ սկսեց լայն թափով քննարկվել հանրության շրջանում:
«Ժողովուրդ»-ը Վրաստանում Հայաստանի դեսպանի հայտարարության մասին իր տեսակետը հարցրեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանից, ով ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Այս հայտարարությունը ես վատ եմ գնահատում: Սա հերթական խայտառակ նշանակումն էր Սերժ Սարգսյանի դիվանագիտական կորպուսում: Ես ափսոսում եմ, որ դիվանագիտական կորպուսը այսպիսի բարձիթողի վիճակում է գտնվում… այս մարդն էլ նման հայտարարությունններով է հանդես գալիս: Ափսոսում եմ, որ նման նշանակումներ են անում` անտեսելով պրոֆեսիոնալ կադրերը…»:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան