Դաշնակցության ներկայիս ղեկավար կազմը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով՝ փաստացի իր քաղաքական գործունեության հետագա ճակատագիրն ամբողջությամբ վստահեց Սերժ Սարգսյանին, ու նա է այսուհետ որոշելու՝ հնամյա կուսակցությունը կշարունակի՞ քաղաքականությամբ զբաղվել, թե՞ քաղաքական մահկանացուն կկնքի:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին լուրերի տարածվելու առաջին իսկ պահից, երբ Դաշնակցության ղեկավար կազմը հաստատեց, որ նման բանակցություններ է վարում, Հայաստանի հանրության ընդդիմադիր մասը սկսեց անարգանքի սյունին գամել 125-ամյա կուսակցությանը: Իսկ արդյոք Դաշնակցությունն այսօր հնարավորություն ուներ ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիա չկազմել եւ մնալ քաղաքկան բեմահարթակում: Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե տարբեր ընտրություններում Դաշնակցության օգտին գրված քվեների չափն ինչ էվոլուցիա է ունեցել վերջին 17 տարիներին:
Այսպես, խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության պատմությունն այսպիսինն է. 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: 99-ի ԱԺ ընտրությունները, կարելի է ասել, այն եզակի խորհրդարանական ընտրություն էր, որի արդյունքները հնարավորինս համապատասխանում էին ընտրողների իրական տրամադրություններին: Բավական է նշել, որ այդ ընտրություններում մասնակցության թիվը եղել է 1 մլն 137 հազար (դրանից հետո ընտրությունների մասնակցությունը մշտապես արհեստական բարձրացվել է, հավելագրված քվեներն էլ գրվել են իշխանությունների օգտին): 99-ին կազմավորված խորհրդարանում Դաշնակցությունն ունեցել է 10 պատգամավոր, որոնցից 5-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրված եղել:
2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող Դաշնակցության քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:
2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության օգտին գրված քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում Դաշնակցությունն ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով:
2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում Դաշնակցության քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո Դաշնակցությունը մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել, եւ բոլորի համար ակնհայտ էր, որ այդ խնդիրը լուծվել էր իշխանությունների բարի կամքի շնորհիվ: Գործող խորհրդարանը հենց վերը նշված ընտրությունների հիման վրա է կազմավորվել, որտեղ ՀՅԴ-ն ունի 5 պատգամավոր:
Նախագահական ընտրություններին Դաշնակցությունը մասնակցել է միայն 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՅԴ-ի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քվեների թիվը, ըստ պաշտոնական արդյունքների, կազմել էր 100 հազար 966: Հետագայում Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ իշխանական կոալիցիա կազմեց եւ փաստացի նրա ու ՀՀԿ-ի հետ ստանձնեց նաեւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը: Թերեւս հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ մեկ տարի անց՝ 2009-ին, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն նվազագույն 6 տոկոս շեմը չկարողացավ հաղթահարել: 2008-ին նախագահական ընտրություններում Երեւանում Վահան Հովհաննիսյանի օգտին գրանցված քվեների թիվը կազմել էր 38 հազար 370: Եթե այս քվեների 70 տոկոսն էլ ՀՅԴ-ն 2009-ին ստանար, ապա Երեւանի ավագանու կազմում կունենար խմբակցություն: Սակայն փաստն այն է, որ այդ ընտրություններում շուրջ 400 հազար քվեարկության մասնակցության պայմաններում Դաշնակցությունը չէր կարողացել անհրաժեշտ 24 հազար քվեն ստանալ: ՀՅԴ-ի քվեները կազմել էին ընդամենը 18 հազար 94: Այս ցուցանիշը նույնիսկ ՕԵԿ-ի քվեների թվից էլ փոքր էր: Իսկ վերջին անգամ ՀՅԴ-ն մասնակցել է 2013 թվականի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին: Այս ընտրություններում Դաշնակցությունը, կարելի է ասել, կատարյալ ձախողվեց` ստանալով 15 997 քվե, անհրաժեշտ նվազագույն 6 տոկոսի փոխարեն՝ 3,8 տոկոս:
Նման պայմաններում ՀՅԴ ներկա ղեկավար կազմը չէր կարող չգիտակցել, թե 2017 թվականին իրեն ինչ ծանր փորձություն է սպասվում: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանություններին սատարելուց հետո ՀՅԴ-ն այլեւս գալիք ընտրությունների հետ կապված չէր կարող հույսեր փայփայել: Ավելին՝ Դաշնակցության վիճակն այն աստիճան ծանր է, որ նույնիսկ իշխանական լծակներ ունենալով եթե այս քաղաքական ուժը համարձակվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցել, ապա հաստատ չի կարողանա նվազագույն անցողիկ շեմը հաղթահարել: Այսինքն՝ ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու եւ քաղաքական դաշտում մնալու տեսանկյունից ՀՅԴ-ի միակ հույսը ՀՀԿ-ի հետ դաշինքով գալիք ընտրություններին մասնակցելն է: Իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը որոշի ՀՅԴ-ին միայնակ թողնել, ապա այս կուսակցությունը 2017-ին խորհրդարան մտնելու շանս չի ունենա, ինչը առնվազն կհանգեցնի փորձառու կուսակցության ներսում «իշխանափոխության»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՅՈԼՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել` Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի: Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»` շարունակելու նախարարական աշխատանքը: Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, եւ ենթադրվում է, որ Լեւոն Յոլյանի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Դեռեւս 2013 թվականին Մարդու իրավունքների՝ այն ժամանակվա պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգի վերաբերյալ զեկույց էր հրապարակել: Նա մասնավորապես իր զեկույցում նշել էր դատարաններում գործող կաշառքների «սակագները»: Օրինակ՝ 1-ին ատյանում 500-ից 10 հազար դոլար, վերաքննիչ դատարաններում՝ 2 հազարից 15 հազար դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10 հազարից 50 հազար դոլարով են հարցերը կարգավորվում: Նախկին օմբուդսմենը զեկույցը ուղարկել էր ՀՀ բոլոր դատավորներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորները զեկույցն առանց որեւէ մեկնաբանության կամ կից պարզաբանումների հետ են ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Եւ Թաթոյանը ստիպված է «վայելել» այն:
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է Հայաստանի տնտեսական կյանքում իր ազդեցությունն ընդլայնել: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Կոկա-կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը տուգանել է 50 մլն դրամի չափով՝ իբր գերիշխող դիրքի չարաշահման համար: Ուշագրավն այն է, որ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության ներկայացրած բողոքի հիման վրա: Հիշեցնենք, որ «Պեպսի-կոլայի» հայաստանյան ներկայացուցչությունը կապվում է Արմեն Սարգսյանի անվան հետ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը, որին պատկանում էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլերի» 100 տոկոս բաժնեմասը, դեռեւս 2014 թվականին ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Ըստ լուրերի՝ «Պեպսիի» գործերը Հայաստանում կառավարում է Արմեն Սարգսյանի որդին: Ի դեպ, Արսենյանը տարիներ շարունակ արգելել է Վայոց ձորում «Կոկա-կոլա» վաճառել, որտե՞ղ էր քնած հակամոնոպոլիստ Արտակ Շաբոյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՈՎ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
Երեկ Աժ-ում անդրադառնալով հարցին՝ արդյոք Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է՝ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Որեւէ մի հայտարարություն առ այն, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, նույն Եվրոպայի խորհրդում չի եղել: Անձանց, որ կանվանեն քաղբանտարկյալներ, այդպիսի ցուցակ չկա»: Միեւնույն ժամանակ այլեւս իշխանության մաս դարձած ուժի ներկայացուցիչը 1995-98 թվականներին իր եւ իր գործընկերների բանտարկությունը որակել է որպես բացառապես քաղաքական. «Բա քաղբանտարկյալը ո՞նց է լինում: Եթե, օրինակ, ես բանտարկվում եմ երկու մահապատժի ենթակա հոդվածներով, գումարային վաթսունհինգ տարով, բայց հետո նույն իրենց դատարանը վերաորակավորում է, փոխում է պատժամիջոցները եւ երեք տարի է որոշում պատիժը»: Իսկ, ահա, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ում ներկայացրած ուժն այդ տարիներին իշխանություն էր, հակադարձել է դաշնակցական Ռուստամյանին՝ ասելով.«Հանրապետականից՝ հանրապետական: Այնտեղ եղել են հստակ ապացուցված, վիզ վերցված քրեական գործեր: Արդյունքում մինչեւ հիմա մարդիկ դեռեւս գտնվում են բանտերում: Եվ անգամ այն մարդիկ, որոնք դուրս են եկել, նրանց նկատմամբ արդարացման վճիռներ եւ բեկանող վճիռներ չեն կայացվել»,- նկատել է Մանուկյանը:
ՄԵՂՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
Վալերի Պերմյակովի գործով դատական երեկվա նիստում վկայություն է տվել սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը, ով հայտնել է, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին: Վկայի փոխանցմամբ՝ ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել՝ նրա սաղավարտը, ու ոտնահետքերով գնացել են: Պերմյակովին գտնելուց հետո տարել են իր աշխատասենյակ, կատարել են ճանաչողական զննում, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, անգամ բժշկական ստուգում անցկացրել ու հենց իր աշխատասենյակում փաստաթուղթ ստորագրելով՝ Պերմյակովին հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն: Ավետիսյանների փաստաբանների հարցին, թե տեղյակ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարել, հրամանատարի տեղակալը պարզաբանել է, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ ոչ թե օգնության գնացածը, այլ այն կառույցը, որից դիմել էր փախուստի: Սերգեյ Մերլզիկինը նաեւ պատմել է, որ իր հարցին՝ Պերմյակով, ինչո՞ւ սպանեցիր մարդկանց, վերջինս պատասխանել է. «Ես դա չեմ արել»:
ԷԼԻ ԼԱՐՎԱԾ Է
Փետրվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
ԿՍԿՍԵ՞Ն
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին բռնությունների ենթարկելու փաստով: Հիշեցնենք, որ նախօրեին ՄԻՊ-ը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազին՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործընթաց սկսելու առաջարկով: