Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հարցով ՄԻԵԴ դիմելու գործով: Պարզվում է` ստրասբուրգաբնակ Գեւրոգն է ամիսներ առաջ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի անդամներին հայտնել, որ գործը ՄԻԵԴ չի ուղարկվել:
Նշենք, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 2013 թվականին ազատազրկման էր դատապարտվել խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով, եւ նրա պատժի կրման ավարտին դեռեւս 3 տարի կա: Ազատամարտիկը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում եւ արդեն 2 անգամ վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է նրա միջնորդությունները ազատ արձակելու վերաբերյալ, ընդ որում, առանց որեւէ պատճառաբանության:
Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը պետք է դեռեւս 6 ամիս առաջ ուղարկված լիներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, սակայն երեկ նրա փաստաբան Գագիկ Սարուխանյանը հայտնեց, որ մեկ այլ փաստաբան Արա Զաքարյանը գործը չի ուղարկել ՄԻԵԴ՝ պատճառաբանելով. «Ուղղակի վրիպել եմ, ժամանակն անցել է, չեմ արել»: Փաստաբանը հայտնել է, որ Արա Զաքարյանի քայլի վերաբերյալ նա իր կասկածներն ունի. «Վարկածը, միանշանակ, հետեւյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է, ի վերջո, եւ կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ եւ, հավանաբար, իշխանությունները կիրառել են իրենց այդ միջոցները: Որեւէ այլ հանգամանք այստեղ լինել չի կարող»:
Իսկ, ահա, Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2015 թվականի նոյեմբերից տեղյակ է եղել Վոլոդյա Ավետիսյանի գործի մասին եւ խնդրի մասին տեղյակ է պահել Վոլոդյա Ավետիսյանի որդուն` Նորայր Ավետիսյանին:
«Ես տեղյակ էի, որ Վոլոդյա Ավետիսյանի գործով զբաղվում էին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանն ու քարտուղար Վարուժան Ավետիսյանը եւ կոնկրետ իրենք են երաշխավորել, որ Արա Զաքարյանը լինի այս գործով փաստաբանը: Ես կապ հաստատեցի Վոլոդիայի տղայի` Նորայրի հետ, հետաքրքրվեցի, թե ինչ փուլում է իր հայրիկի գործը, արդյո՞ք ուղարկել են ՄԻԵԴ, թե ոչ: Նորայրն ինձ ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանն է երաշխավորել փաստաբանի հարցում, եւ իրենք վստահում են փաստաբանին: Հետաքրքրվեցի, թե արդյո՞ք իրենք ունեն գործը ՄԻԵԴ ուղարկելու անդորրագիրը, Նորայրը պատասխանեց, թե ինքը չունի: Ես խորհուրդ տվեցի, որ անպայման գնա, հետաքրքրվի, տեսնի՝ անդորագիրը կա, արդյո՞ք ուղարկվել է, թե ոչ: Որոշ ժամանակ անց Նորայրն ասաց, թե չեն կարողանում փաստաբանին բռնացնել, փաստաբանը ասում է, որ իրեն հարմար չէ հանդիպել եւ նման բաներ: Ինձ հասած տեղեկություններով՝ Գագիկ Սարուխանյանը, որը Վոլոդյա Ավետիսյանի ընկերն է, եւ Նորայրը գնացել են Վարուժան Ավետիսյանի մոտ ու հայտնել, որ փաստաբանի մասով կասկածներ ունեն: Ավետիսյանն ասել է, որ 100 տոկոսով գործն ուղարկել է ՄԻԵԴ: Այս խոսակցությունից երկու շաբաթ անց փաստաբան Արա Զաքարյանը խոստովանել է, որ չի ուղարկել գործը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այսինքն՝ այս գործին անմիջական մասնակից են եղել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Չեմ ուզում որեւէ մեկին վատաբանել, բայց կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը, որոնք կանգնած են եղել այս գործի գլխին, պետք է ապացուցեն, որ կատարվածի հետ կապ չունեն կամ չեն խոչընդոտել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը չժխտեց, որ ինքն է երաշխավորել՝ Արա Զաքարյանը զբաղվի Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ ուղարկելու հարցով. «Համոզված եմ, որ Արա Զաքարյանը ճնշումներին ենթարկվող մարդ չէ: Գիտեմ նաեւ, որ բավականին երկար ժամանակ Արա Զաքարյանի մայրը ծանր հիվանդ էր, եւ երեւի նա հարմար չի գտել այդ մասին ասելու: Կյանքին սպառնացող հարց էր, ու նա զբաղված է եղել այդ հարցերով: Ենթադրում եմ, որ դա է հիմնական պատճառը եղել: Չեմ հիշում, որ պարոն Սէֆիլյանը երաշխավորել է, թե ոչ, բայց ես երաշխավորել եմ: Դե, մասնագիտական գործունեության մեջ նման բաներ կարող էր պատահել»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Վոլոդյա Ավետիսյանի որդին խնդրի մասին տեղյակ է պահել իրեն, իսկ ինքը շտապել է հանգստացնել` նշելով, որ Արա Զաքարյանը ուղարկել է գործը ՄԻԵԴ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ես հավաստիացրել եմ, որ նա պարկեշտ մարդ է եւ իր գործը հարգող մարդ, եւ չի կարող նման հանգամանք լինի, եւ հետո պարզվեց, որ անձնական խնդրի առումով ֆիզիկապես չի հասցրել այն անել: Ինքը վատ է զգում այդ հանգամանքից, բայց կյանք է, պատահել է: Ցավոք, սա համընկավ Վոլոդյա Ավետիսյանի գործի հետ, բայց կարող էր այլ գործի հետ եւս համընկնել»:
Դիտարկմանը, թե Արա Զաքարյանը 6 ամիս ժամանակ է ունեցել եւ միթե այդ ընթացքում չէր կարող գոնե տեղյակ պահել դատապարտյալի հարազատներին, որ չի կարող օգնել նրանց այդ հարցով, որպեսզի մարդիկ այլ փաստաբանի դիմեին, արդյո՞ք սա իրենց մոտ կասկածներ չի հարուցում, Ավետիսյանը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, մանրամասների մեջ չեմ մտել: Ցավալի է ինձ համար, որ նման երեւույթ է եղել»:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, հայտնեց, որ առայժմ սպասում են վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի կողմից կայացվելիք որոշմանը: Ըստ ազատամարտիկի որդու՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը դիմել է անկախ հանձնաժողովին Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցով, իսկ ամենաուշը երկու օրից հայտնի կլինի հանձնաժողովի որոշումը. «Սպասենք, տեսնենք, թե ինչ կանի հանձնաժողովը, որ հետագան հասկանանք, թե ինչ ենք անելու»:
Հ.Գ.-1 Նշենք, որ արդեն մոտ 20 օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել փաստաբան Արա Զաքարյանի հետ` պարզելու, թե ինչու ազատամարտիկի գործը չի ուղարկել ՄԻԵԴ, բայց ապարդյուն: Նա կա՛մ հեռախոսազանգերին չի պատասխանում, կա՛մ էլ ասում է, թե կզանգահարի ու անհետանում է:
Հ.Գ.-2 Նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը ՄԻԵԴ-ի թեմայով բավականին տեղեկացված է եւ, այսպես ասած, «զգայուն», քանի որ պնդում է, որ իր նկատմամբ իրականացված բռնությունների, խոշտանգումների գործն էլ ՀԱԿ-ը չի ուղարկել ՄԻԵԴ: Մինչդեռ նա Ֆրանսիայում բուժում է ստանում, քանի որ մարտի 1-ին ստացած ծեծի հարվածների հետեւանքով Գեւորգի մի աչքը կուրացել է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՆՆԻՉԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
2015թ. հուլիսին քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն ու ընկերը դանակահարվել էին: Քննության ընթացքում պարզվել է, որ հուլիսի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի շրջակայքում, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Էրեբունու ավագ քննիչի Սուրեն Մանուկյանի, նրա ընկերոջ` Էդգար Սարգսյանի եւ վերջիններիս հարեւաններ Արթուր Այվազյանի եւ Վահան Այվազյանի միջեւ, որից հետո Այվազյանները հեռացել էին: Սակայն կարճ ժամանակ անց Վ. Այվազյանը վերադարձել էր, քննիչ Ս. Մանուկյանին եւ Է. Սարգսյանին առաջարկել շարունակել զրույցը, որը կրկին վերածվել էր վիճաբանության, ինչից հետո Վահանը դանակահարել էր Ս. Մանուկյանին եւ Է. Սարգսյանին:
Վ. Այվազյանը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի, շուրջ երեք ամիս հետախուզման մեջ լինելուց հետո, նա 2015թ. հոկտեմբերի 27-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին: Այս գործով նախաքննությունը ՀՔԾ-ում ավարտվեց, եւ գործն ուղարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն:
ԿԱԼԱՆԱՎԱՅՐ ՉԷ, ԱՅԼ ՍՊԱՆԴԱՆՈՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ հայտարարել է, որ ՔԿՀ-ի ղեկավարության հրահանգով է բռնության ենթարկվել խցակիցների կողմից: Նա վստահեցրել է, որ պահանջելու է՝ կալանավայրում իր նկատմամբ բռնություն կիրառած բանտարկյալները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի կալանավայրերում բռնությունները դադարեն. «Նուբարաշենում կեսը, եթե ոչ 70-80 տոկոսը, սարսափելի վախվորած վիճակում է ապրում, փշի վրա, դա կալանավայր չէ, այլ սպանդանոց: Եթե իմ ձայնը լսող կա, իրենցը չկա, կորած մարդիկ են: Ես դժգոհություն էի հայտնել դիտորդներին, որ իրենք ոչ մի ազդեցություն չունեն»:
Թե ինչ ընթացք կստանան ՀՔԾ-ում Գասպարիին խոշտանգումների ենթարկելու գործով նախապատրաստվող նյութերը, ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ Վ. Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Եւ կալանավորվեց, քանի որ դատարան չէր ներկայանում:
ԵՐԻՏԹԵՎԻ PR-Ը՝ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ԿԱԼԱՆՔԻ ՖՈՆԻՆ
Քաղհասարակության եւ լրատվական դաշտի կողմից բարձրացված աղմուկը հասավ իր նպատակին: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Վարդգես Գասպարիի կալանքի միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:
Նկատենք, որ այս որոշումը հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Վազգեն Ռշտունիի` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելու հետ: Վերջինս, ինչպես «Ժողովուրդն»-ն արդեն գրել էր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասայանի, ինչպես նաեւ` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է, այլ կերպ ասած` երիտթեւի ներկայացուցիչներից մեկը:
«Ժողովուրդ»-ը փետրվարի 18-ին կանխատեսել էր Ռշտունու վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում նշանակումը` հավելելով, որ վերջնական նպատակը հետագայում Ռշտունիին վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելն է: Եվ այս պայմաններում Գասպարիի կալանավորումը, ապա ազատ արձակումը կարող էր վճռաբեկ դատարանի ապագա նախագահ Ռշտունու իմիջին ծառայեցվել` ցույց տալով, որ նրա համար արդարությունը վեր է ամեն ինչից, եւ նա արժանի է էլ ավելի բարձր պաշտոնի: Ամենեւին էլ չի կարելի բացառել, որ իշխանական երիտթեւի վերջնանպատակը հենց դա էր, որի ընթացքում հընթացս գովազդվեց նաեւ նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը եւս արագ արձագանքեց կալանքի խնդրին: Ու վերջնարդյունքում Վազգեն Ռշտունու կողմից ղեկավարվող ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կայացրեց իսկապես հանրության համար ընկալելի որոշում՝ անհապաղ ազատ արձակելով Վարդգես Գասպարիին: Իհարկե, թեեւ մի կողմից նկատելի է, որ երիտթեւն ինքնագովազդի հնարավորությունը բաց չի թողնում, բայց մյուս կողմից ուրախալի է, որ ծրագրված «գործարքից» շահեց գոնե մի քաղաքացի:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն, օրինակ, չի կաշկանդվում հասարակական տրամադրություններից, ու դժվար է հիշել մի դեպք, որ քաղհասարակությունը արդարացի բողոքի ձայն բարձրացնի, դատարաններն ընդառաջ գնան դրան: Հակառակ օրինակները՝ որքան ուզեք:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ