ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին օրեր առաջ հանդիպել է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո ԵՄ ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին հորդորել է թափանցիկ հետաքննություն վարել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ: Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներում:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, նախօրեին Աժ-ում ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կայացած հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Հանդիպումը եղել է փակ կոնտեքստով: Քննարկումը եղել է հիմնականում ԼՂ խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Սիրիայի փախստականների շուրջ, ԸՕ, սահմանադրական բարեփոխումների, նաեւ ԵՄ-Հայաստան հետագա զարգացման հետ կապված: Մոգերինին հանդիպման ժամանակ ցանկանում էր ավելի շատ ինքը լսել, քան արտահայտվել:
-Իսկ ընդհանուր առմամբ Մոգերինիի այցից ի՞նչ ակնկալիքներ ունեիք, եւ որքանո՞վ կարելի է դրանք իրականացած համարել:
-Եվրոպական կառույցների բոլոր ներկայացուցիչները եւ հեղինակավոր կառույցները անընդհատ այցելություններ են ունենում, եւ, բնականաբար, այդ այցելությունները իրենց օգտական ազդեցությունները թողնում են: Բայց եթե մտածենք, որ որեւէ օտարերկրյա կառույցի այցելություն կարող է բեկումնային ազդեցություն ունենալ մեր երկրի վրա, չեմ կարծում, որովհետեւ մեր երկրի ճակատագիրը որոշողները մենք ենք: Սակայն այցը դրական ազդեցություն կարող է ունենալ, որովեհետեւ ինֆորմացիայի փոխանակումը շատ կարեւոր է:
-Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, ըստ սահմանված ժամանակացույցի, պետք է մարտի 1-ին հրապարակվեր: Սակայն դա տեղի չունեցավ, ինչո՞ւ: Դա կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:
-Ես առաջին անգամ եմ լսում, որ կարող է ինչ-որ անհատի այց կապված լինի այդ խնդրի հետ: Բոլորդ հանգիստ կարող եք ականատես լինել այդ քննարկումներին:
Արփինե Թովմասյան