ԲԺԻՇԿԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԱՎԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ` վերջին շրջանում ծննդկանների ու հղի կանանց մահացության դեպքերի եւ դրանց հետ կապված համապատասխան մարմինների արձագանքի շուրջ:

-Տիկի՛ն Սարգսյան, վերջին շրջանում շատ խոսվեց տարբեր բժշկական հաստատություններում ծննդկանների մահվան դեպքերի եւ իրավապահ համակարգի կողմից հարուցված գործերի մասին: Հարազատները մեղադրում են բժիշկներին, վերջիններս էլ փորձում են պաշտպանվել: Նման իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր բացահայտել ճշմարտությունը եւ, ի վերջո, պարզել, թե ում մեղքով են տեղի ունեցել այդ ողբերգությունները:
-Դեպքերն արտառոց չեն, բայց ցավալի են: Առողջապահական ոլորտում նման դեպքեր լինում են: Ես նախ հնչեղությունը բարձր եմ գնահատում, որովհետեւ դա զգոնության է բերում նաեւ բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց երբեմն թույլ են տալիս անպատասխանատվություն՝ մոռանալով իրենց երդման մասին: Հնչեղությունը շատ կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ դա նաեւ նախարարության աշխատանքի արդյունքն է, ոչ թե լրագրության: Նախարարությունում արձագանքում են իրավիճակներին, եւ կարծում եմ, որ շատ դեպքերում, այո՛, թյուրիմացության պատճառով, բացթողման պատճառով հիվանդը զրկվում է կյանքից: Բայց էնպես չէ, որ դա միշտ բժշկի մեղքով է լինում: Դուք՝ լրագրողներդ էլ երբեմն իրավիճակը ավելի աղմկոտ եք դարձնում, եւ բժիշկը թիրախ է դառնում: Չնայած ես գիտեմ մեր պրակտիկայում, մեր կյանքում բազմաթիվ բժիշկների, որոնք իրենց պարտականությունները կատարելիս շատ հաճախ թերանում են: Կա երկկողմանի սխալ:
-Այնուամենայնիվ, տիկի՛ն Սարգսյան, անկախ նրանից, թե ինչպիսի հնչեղություն է լինում, փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում որեւէ բժիշկ լիարժեք պատասխանատվության չի ենթարկվում:
-Համակարծիք եմ: Շատ դեպքերում, այո, բժիշկն իրոք կարգազանց է, իրոք իր պարտականություններում թերանում է եւ նա պետք է պատժվի: Դժբախտաբար մինչեւ հիմա հաջողվում է խուսափել: Ես ինքս արդեն թացը չորից տարբերելու հնարավորություն չունեմ, որովհետեւ երբեմն երկկողմանի կարծիքների մեջ ուղղակի խճճվում ես: Մի կողմից՝ մեղադրանք, մյուս կողմից՝ պաշտպանություն, որը լրիվ հակառակ պատկերն է ներկայացնում: Էստեղ արդեն անհրաժեշտ է դատական գործընթաց, որի արդյունքում ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս: Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է: Բայց նախօրոք մեղադրել՝ բացառելով անմեղության կանխավարկածը, ես հակված չեմ նման բաների: Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթաց ունենք, բայց բժշիկը չպետք է պաշտպանված լինի ավելին, քան քաղաքացին: Տվյալ դեպքում քաղաքացին զոհ է:
-Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց որոշ նախարարների, այդ թվում նաեւ խոսեց առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին: Հետեւե՞լ եք այն խնդիրներին, որոնց մասին խոսեց վարչապետը, կիսո՞ւմ եք նրա տեսակետը:
-Ես գտնում եմ, որ եթե նույնիսկ նախարարը լավ է աշխատում, նա չի կարող չթերանալ ինչ-ինչ հարցերում: Եվ վարչապետի դիտողությունը դրական եմ գնահատում: Դա ավելի է զգոնացնում, ավելի շատ պատասխանատվության է մղում տվյալ ոլորտի պատասխանատուին: Իսկ ինչո՞ւ պետք է նախարարը չքննադատվի:
-Տիկի՛ն Սարգսյան, իսկ Դուք փորձե՞լ եք որեւիցե դեպքի հետ կապված, օրինակ, ծննդկան Մերի Մարգարյանի կամ մեկ այլ մահվան գործով դիմել եւ որպես հանձնաժողովի անդամ` միջամտել, որպեսզի մեղավորները պատժվեն:
-Անկեղծ պետք է ասեմ՝ ոչ: Միգուցե դա էլ իմ թերությունն է, բայց ես վստահ չեմ: Երեւի հենց այդ պատճառով ես չեմ փորձել մտնել այդ գործի մեջ: Ես վստահ չեմ, որ ես կարող եմ հասնել ճշմատությանը: Ես շուրջ 4-5 տարի առնչվել եմ դատարանների հետ եւ հասկացել, որ էստեղ ճշմարտության հասնելը շատ բարդ է: Միգուցե նաեւ դա է պատճառը, որ ես ավելի շատ հավատում եմ էվոլուցիոն պրոցեսների ընթացքում բարեփոխումներին, որոնց արդյունքում նաեւ դատական համակարգում որոշակի դրական տեղաշարժեր կլինեն: Ես նորից հույսս կապում եմ սերնդափոխության հետ, որովհետեւ սերունդը, որ մենք ունենք, դատական համակարգում նրանք այլ մեթոդների են սովոր: Նրանք սովոր են, որ իրենց հրահանգավորեն, թե ինչպիսի վճիռներ կայացնեն: Նրանք հիմնականում քաղաքականացված են: Հետեւաբար ես հավատում եմ, որ դանդաղ կգնանք դրան: Իհարկե, դա չի նշանակում, որ դժգոհությունը շատ արագ կկրճատվի, ոչ, որովհետեւ մեր քաղաքացու դժգոհությունը պայմանավորված է անարդարությամբ, որը համատարած է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԲՈՂՈՔԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՇՈՒԿԱՆ ԿՓԱԿԻ

Երեկ «Մալաթիա» տոնավաճառում իրավիճակը շատ լարված էր: Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները՝ մոտ 4000 հոգի, հավաքվել էին կենտրոնական մուտքի մոտ ու պահանջում էին իջեցնել տաղավարների սակագները: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնեց, որ իրականում աշխատողներին ուղղորդում են բողոքել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներն էին բողոքում տաղավարների բարձր վարձավճարներից, սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չզիջեց նրանց եւ չնվազեցրեց վարձավճարները: Իսկ այս դեպքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով նաեւ բաժնեմաս ունի տոնավաճառում, պատրաստ է զիջել առեւտրականներին: Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, քանի՞ սեփականատեր ունի տոնավաճառը:
-Երեք՝ Վարազդատ Զատիկյանն է, Ռադիկ Սարգսյանի կինը եւ ես:
-Դուք այսօր (երեկ, Ս. Հ.) առեւտրականների հետ զրույցում հայտարարել եք, որ իրենց ինչ-որ մեկը սադրում է: Անուններ կհնչեցնե՞ք:
-Եթե մարդկանց չեմ ճանաչում, ինչպես կարող եմ անուններ տալ:
-Այսինքն` ենթադրո՞ւմ եք, որ սադրում են, թե՞ վստահ եք…
-Այնտեղ դեմքեր կան, որոնք ընդհանրապես տոնավաճառի հետ կապ չունեին: Տեսագրությունները, որոնք նայում եմ, համոզվում եմ, որ նրանք եկել էին զուտ ուղղություն ցույց տալու համար: Տոնավաճառի հետ կապ չունեցող մարդը կանգնել էր եւ առեւտրականներին ասում էր՝ դուք հո՞ հավ չեք, խի՞ եք կանգնել, բոլորի հետ միացեք:
-Կարծում եք՝ սա Ձե՞ր դեմ էր կազմակերպված:
-Մինչեւ հաստատ չիմանամ, իրավունք չունեմ ասելու: Բայց երբ տոնավաճառի հետ կապ չունեցող մարդը առեւտրականներին դրդում է ոտքի կանգնել, ճանապարհ փակել, սա նշանակում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է:
-Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:
-Բնակության հասցեն կարող եմ ասել եւ նշել, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում:
-Բողոքները կարող են շարունակական լինել: Զիջելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Ես դեռեւս հունվար ամսին տոնավաճառի աշխատակիցների 60 տոկոսի տաղավարների վարձերը իջեցրել եմ 20 հազար դրամով: Մնաց 40 տոկոսինը: Այսօր (երեկ, Ս. Հ.) ես հայտարարեցի, որ կիջեցնեմ նաեւ մյուս՝ 40 տոկոսի տաղավարների վարձավճարները, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում:
-Ի վերջո, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց առեւտրականների հետ:
-Ես առաջարկել եմ 20 հազար դրամի չափով զեղչել նաեւ մյուս՝ 40 տոկոսի տաղավարների վարձավճարները: Ովքեր կցանկանան, թող մնան: Եթե իրենք ցանկանում են կրկին իջեցվի, ապա ես հրաժարվում եմ հաշվապահության հետ կապված աշխատանքներն անելուց: Առանց այն էլ վնասով ենք աշխատում:
-Այսօր՝ (երեկ, Ս. Հ.) ուշ երեկոյան, տեղեկություններ տարածվեցին, որ առեւտրականները կրկին բողոքի ակցիա են անցկացնելու: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ գնալու են Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառ: Ի՞նչ եք մտադիր անել:
-Ես վերջնական իմ խոսքն ասել եմ. եթե վաղն էլ են դուրս գալու բողոքի, մարտի 1-ից կհայտարարեմ, որ շուկան փակ է, եւ նրանք կմտնեն միայն ապրանքը դուրս հանելու դեպքում: Ես իմ խոսքի տերը կլինեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՉՄԵՌԱԾ ՄԱՀԱՑԱԾԸ
Դիլիջան քաղաքի բնակչուհի Նարինե Ալիխանյանը 2015 թվականի մայիսի 21-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան իր ամուսնուն՝ 1956 թվականին ծնված Գագիկ Մարտիրոսյանին մահացած ճանաչելու պահանջով: Նրա դիմումն ընդունվել է դատավոր Աշոտ Խաչիկյանի վարույթ: 2015 թվականի մայիսի 25-ին դատարանը որոշում է կայացրել Գ. Մարտիրոսյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին Նարինե Ալիխանյանի հաշվին մամուլում հաղորդագրություն հրապարակել: Այդ հաղորդագրությունը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2015 թվականի հունիսի 10-ի համարում, որից հետո Գ. Մարտիրոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ստացվել: Դիլիջանի քաղաքապետարանից դատարան ստացված գրության համաձայն՝ Դիլիջան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2բ տան բնակիչ Գագիկ Մարտիրոսյանը շուրջ 8 տարի բացակայում է Դիլիջանից, քաղաքապետարանը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: 2015 թվականի հուլիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է հայցը բավարարել եւ Գ. Մարտիրոսյանին ճանաչել մահացած: Սակայն Գագիկ Մարտիրոսյանի քույրը՝ Երեւան քաղաքի բնակչուհի Նելլի Գաբրիելյանը, Գ. Մարտիրոսյանին մահացած ճանաչելու վճիռը վերացնելու պահանջով 2015 թվականի նոյեմբերի 28-ին դիմել է Տավուշի մարզի դատարան: Նա դատարանին հայտնել է, որ իր եղբայր Գ. Մարտիրոսյանը նախկին կնոջից ամուսնալուծվելուց հետո երկրորդ անգամ ամուսնացել է Դիլիջանի բնակչուհի Նարինե Ալիխանյանի հետ, որը նրանից փոքր է 16 տարով: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք բնակվել են այդ ընթացքում ձեռք բերված Մանթաշյան 2բ հասցեում գտնվող տանը:
1999 թվականին ծնվել է նրանց որդին՝ Սերգեյ Ալիխանյանը: Ընտանեկան անախորժությունների պատճառով 2006 թվականին Գ. Մարտիրոսյանը հեռացել է տնից եւ բնակություն հաստատել Երեւանում՝ քրոջը՝ Ն. Գաբրիելյանին պատկանող բնակարանում: 2007 թվականին Գ. Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել, անդամալույծ դարձել եւ մինչ օրս անկողնային վիճակում է: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի վճռով հաստատվել է Նելլի Մարտիրոսյանի խնամակալության տակ Գ. Մարտիրոսյանի գտնվելու փաստը: Ն. Գաբրիելյանը եղբոր անձնագիրը փոխելու համար դիմել է անձնագրային բաժին եւ իմացել, որ Տավուշի մարզի դատարանի կողմից Գ. Մարտիրոսյանը մահացած է ճանաչվել: 2016 թվականի փետրվարի 5-ին Դիլիջան քաղաքում դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է Ն. Գաբրիելյանի դիմումը բավարարել եւ վերացնել Գագիկ Մարտիրոսյանին մահացած ճանաչելու մասին 2015 թվականի հուլիսի 23-ին իր կայացրած վճիռը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս