ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին օրեր առաջ հանդիպել է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո ԵՄ ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին հորդորել է թափանցիկ հետաքննություն վարել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ: Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներում:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան կատարած այցից ինչպիսի՞ տպավորություն ստացաք:
-Ուրախ եմ, որ Մոգերինին եկավ Հայաստան` քննարկելու բանակցային գործընթացների խնդիրները` իր սեփական գնահատականը ստանալու համար: Քննարկման ընթացքում ես բարձրաձայնեցի ԼՂ հիմնախնդրի մասին, եւ շնորհակալություն հայտնեցի, քանի որ եվրամիությունում ընկալում են, որ պետք է միայն խաղաղ բանակցություններով խնդրի լուծմանը հասնել:
Ուշադրություն հրավիրեցի քաղհասարակության մակարդակի վրա, կարեւորեցի վիզաների ազատականացման խնդիրի շուրջ քննարկումները: Նաեւ բանակցային գործընթացի շրջանակներում մի առաջարկ արեցի` կարեւորելով մեր ապագա հարաբերությունների մեջ թափանցիկության էլեմենտի բարձրացումը…
Վստահ եմ, որ լսելով մեզ եւ քաղհասարակության ներկայացուցիչներին, կոալիցիոն գործընկերներին, իշխանություններին՝ Մոգերինիի մոտ կձեւավորվեն ճիշտ պատկերացումներ, թե ինչ խնդիրներ ունենք, եւ դա կնպաստի, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանան, խորանան եւ չդառնան ուղղակի տեխնիկական համագործակցություն:
-Արդյո՞ք Մոգերինիի այցը կարող է որեւէ ազդեցություն ունենալ արծարծված խնդիրների շուտափույթ լուծման հարցում:
-Ցանկացած առաջարկ, որ անում ենք, մենք ինքներս էլ պետք է կյանքի կոչենք: ԵՄ-ն կարող է մեզ հետ ճանապարհ անցնել, օգնել իր փորձով, գիտելիքներով, փորձագիտական կարծիքով, ինչ-որ չափով երեւի ռեսուրսներով, բայց ճանապարհ անցնողը մենք ենք լինելու: Եվրամիությունը մեր տեղը չի գալու Հայաստան՝ կառուցելու, մենք ինքներս պետք է կառուցենք:
-Մարտի 1-ին նոր ԸՕ-ի նախագիծը պետք է հրապարակվեր, սակայն, չգիտես թե ինչու, հետաձգվեց: Ըստ Ձեզ՝ դա կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:
-Ես չէի կապի: Ինչ-որ արհեստական տեսանկյունից կարելի է ասել, որ դա այդպես է, բայց ինձ թվում է, թե ուղղակի տեխնիկական խնդիր է:
Արփինե Թովմասյան