Ութ տարի առաջ այս օրը գրվեց Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից մեկը. ՀՀ անզեն քաղաքացու վրա հրազենից կրակ բացվեց ոչ թե երկիր ներխուժած արտաքին թշնամու կողմից, այլ ՀՀ իշխանությունների, որոնք այդ կերպ ցանկանում էին լռեցնել իրենց իրավունքների համար 10 օր շարունակ հանրահավաքներով ու երթերով պայքարող մարդկանց: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում սպանվեցին` Դավիթ Աֆրենտի Պետրոսյանը՝ ծնված 1975թ, Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյանը՝ ծնված 1980թ., Տիգրան Հովսեփի Խաչատրյանը՝ ծնված 1985թ., Արմեն Վաչագանի Ֆարմանյանը՝ ծնված 1974թ., Գոռ Սարգսի Քլոյանը՝ ծնված 1979թ, Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյանը՝ ծնված 1961թ., Զաքար Սարիբեկի Հովհաննիսյանը՝ ծնված 1977թ., Սամվել Էդիկի Հարությունյանը՝ ծնված 1979թ, Համլետ Աղասու Թադեւոսյանը՝ ծնված 1977թ., Տիգրան Էդիկի Աբգարյանը՝ ծնվել է 1989թ.,:
ՀՀ քաղաքացիներին սպանելու, նրանց ուղղությամբ կրակ բացելու եւ նման հրամանի համար որեւէ պաշտոնյա կամ իրավապահ համակարգի աշխատակից մինչ օրս այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած ՀՀ իշխանությունները ամեն կերպ փորձում են Մարտի 1-ի իրադարձությունները մոռացության մատնել, բայց դժվար թե ստացվի: Կասկածից վեր է, որ վաղ թե ուշ ավարտվելու է ՀՀԿ-ի իշխանությունը: Ու այդ ժամանակ, ի տարբերություն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, առավել հեշտ կլինի մեղավորներին բացահայտել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել երկրի ներսում եւ ինֆորմացիայի տիրապետում են տասնյակ ղեկավար այրեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից եւ այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին: Ըստ լուրերի՝ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը: Ըստ նույն լուրերի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա եւս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով թվով 9-րդը:
«Օրինաց երկիր» անունը «Հայկական վերածնունդ միավորումով» փոխարինելու վերաբերյալ նորաստեղծ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին իրեն պատկանող «Հ3» հեռուստաընկերության եթերից ուշագրավ խոստովանություն է արել: «Երբ, որ այդ բոլոր կուսակցություններին ասեցինք՝ եկեք, դառնաք «Օրինաց երկիր», դեմ եղան»,- հայտարարել է Բաղդասարյանը: Թե ինչն է ստիպել նրան այդպիսի ինքնախոստովանություն անել, դժվար է ասել, բայց ամեն դեպքում գնահատելի է Բաղդասարյանի անկեղծությունը: Ի դեպ, նա միայն այդ հարցով չէ, որ անկեղծացավ: Երբ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին եւ «Վերածննդի» խոսնակին հարցրել էր` Բաղդասարյանն արդյո՞ք հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ, նրանք հերքել էին: Բայց մենք, չհավատալով այդ հերքմանը, հրապարակեցինք լուրը` հանդիպման մասին: Եւ, ահա, Բաղդասարյանը հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ նախկին ԱԳՆ-ն ինտելեկտուալ մարդ է, եւ նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Վերածննդին» առնչվող հարցեր:
Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, եւ ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին: Ժամանակներ, երբ թվում էր, թե ավելի վատ չի կարող լինել: Սակայն այս տարվա հունվարին ստացված տրանսֆերտների չափը փաստում է, որ վատից էլ վատ կարող է լինել: Այսպես, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 29 մլն 372 հազար դոլար: 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին` 78 մլն 614 հազար: Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ էլ եղել է հեռավոր 2005 թվականին: Նույնիսկ 2006-ին տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել եւ կազմել է 31 մլն 128 հազար դոլար: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյատեւում է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում է աղքատանալ:
ՁԵՐԲԱԶԱՏՎԵՑ
Ինչպես եւ կանխավ տեղեկացրել Էինք` Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որին երեկ ստորագրված մեկ այլ հրամանագրով փոխարինեց ՎՊ նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանը:
Այդպիսով, ըստ էության, ավարտին հասցվեց կառավարությունը քոչարյանական կադրերից ձերբազատելու գործընթացը: Հիշեցնենք, որ երբ Ռոբերտ Քոչարյանի հետ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ հեռակա բանավեճ սկսած Տիգրան Սարգսյանը 2014թ. ապրիլին պաշտոնանկ արվեց, եւ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ում նշանակումը ողջունվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացնելով նոր վարչապետին` հայտարարել էր, թե նրան տալիս է բացարձակ քարտ բլանշ` կադրերի ընտրության հարցում: Եվ երբ դրանից հետո նախարարական պորտֆելները մեկը մուսի հետեւից տրվեցին քոչարյանական տարիների պաշտոնյաներին, շատերը տարակուսեցին, թե ինչ է կատարվում: Կարեն Ճշմարիտյան, Հովհաննես Մանուկյան, Նարեկ Սարգսյան եւ, իհարկե, Երվանդ Զախարյան: Այս նշանակումների հետ կապված, սակայն, «Ժողովուրդը» դեռեւս 2014 թ. ապրիլի 30-ին գրել էր. «Եթե Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի հեղինակ նախարարները կարողանան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը, եւ նույն Քոչարյանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ կրկնել երբեմնի հաջողությունը, լավ, դրանից հաստատ Սերժ Սարգսյանի հեղինակությունը չի տուժի: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վագրագետները» ձախողվեն, եւ չկարողանան ցանկալի տնտեսական աճ արձանագրել, այդ ժամանակ Ս. Սարգսյանը կկարողանա Ռ. Քոչարյանին եւ նրա տնտեսական քաղաքականության գովքն անողներին հակադարձել` ասելով` սա էլ ձեր թիմն էր, թե կարող էին, թող անեին: Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խաղից շահած դուրս կգա, եւ, որ ամենակարեւորն է, երկու դեպքում էլ նա Ռ. Քոչարյանին կզրկի իր հենարանից. եթե քոչարյանական նախարարները լավ աշխատեն, «իրենով կանի» եւ կկիսի նրանց հաջողության դափնիները, իսկ եթե ոչ, պաշտոնանկ կանի որպես «ոչ պիտանի ձախողակների»:
Ինչպես տեսնում ենք՝ իրականացավ երկրորդ տարբերակը. Կարեն Ճշմարիտյանը, Հովհաննես Մանուկյանը եւ Երվանդ Զախարյանը, երկու տարի չանցած, պաշտոնանկ արվեցին: (Այս ցուցակում բացառություն է Նարեկ Սարգսյանը, որին, սակայն, այսօր ավելի շատ Ս. Սարգսյանի, քան Քոչարյանի կադր կարելի է համարել): Եվ հիմա` նոր Սահմանադրութան ընդունումից հետո, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը փակած եւ իր դիրքերը երկար ժամանակով անսասան դարձրած Սերժ Սարգսյանն այլեւս հանգիստ կարող է ձեռնամուխ լինել իր ընտանիքին մտերիմ երիտասարդ կադրերով նոր թիմի ձեւավորմանը: