Արթուր Բաղդասարյանի հիմնադրած «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ տարաբնույթ խոսակցությունները չեն դադարում: Մասնավորապես հանրության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ այս նորաստեղծ ուժին միացած հասարակական կազմակերպությունների հարցը: Մամուլում եղան հրապարակումներ, որ այդ կազմակերպություններից մի քանիսն առհասարակ գոյություն չունեն:
Նշենք, որ օրեր առաջ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում այս հարցի հետ կապված որոշ բացահայտումներ արեց, ինչի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՎԿ մամլո խոսնակ Վահե Մոսինյանի հետ:
-Պարո՛ն Մոսինյան, օրեր առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով կուսակցությանը միացած ՀԿ-ներին, եւս մեկ անգամ հստակեցրեց, որ դրանց թիվը 150-ի է հասնում: Ինչո՞ւ այդ ՀԿ-ների ցանկն այդպես էլ չի հրապարակվում, ո՞րն է խնդիրը:
-Ցանկը բազմաթիվ անգամ հրապարակվել է, անգամ համագումարին տեղադրված է եղել: 150-ը ընդհանուր կազմակերպությունների թիվն է, ոչ միայն ՀԿ-ների, դրանց թվում են շարժումները, կուսակցությունները… Այս մասով կազմվելու է խորհուրդ, որն աշխատելու է հասարակական կազմակերպությունների ճյուղաբաժանման հետ, այսինքն՝ նույն ոլորտում աշխատող ՀԿ-ները միավորվելու են այդ ճյուղերի մեջ: ՀԿ-ների այդ խորհուրդը գլխավորելու է անձամբ պարոն Բաղդասարյանը:
-Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած ՀԿ-ներն արդյո՞ք ՕԵԿ-ականների հետ կապված չեն:
-Չի բացառվում, որ ՀԿ-ների որոշ նախագահներ կամ անդամներ լինեն տարբեր կուսակցություններից, ենթադրենք ՕԵԿ-ական լինի կամ միավորված այլ կուսակցության անդամ: Բայց որ մեծ մասը կամ 25 տոկոսը անդամակցում է կամ նախկինում կապ ուներ ՕԵԿ-ի հետ, դա միանշանակորեն չի համապատասխանում իրականությանը: Դրանք հասարակական գործունեություն ծավալող կառույցներ են:
-Պարո՛ն Մոսինյան, օրենքով սահմանված է, որ ՀԿ-ները քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել: Ինչպիսի՞ն կարող ենք տեսնել ձեր ընդհանուր համագործակցությունը:
-Մենք չենք ասել, որ նրանք պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Մեր նախկին ֆորմատը թույլ էր տալիս, որ մենք անդամակցեինք, քանի որ նախկինում «Հայկական վերածնունդ»-ը հասարակական-քաղաքական միավորում էր: Իսկ երբ որոշում կայացվեց նաեւ ՀԿ-ների նախագահների հետ խորհրդակցել, որպեսզի ստեղծվի «Հայկական վերածնունդ» միավորում կուսակցություն, այդ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն մեր ստեղծված խորհրդի շրջանակներում: Որեւէ մեկը քաղաքականությամբ չի զբաղվելու, այլ մեր ծրագրերը, գաղափարները իրականացնելու է հանրային դաշտում: Կազմակերպությունները գործելու են սահմանադրական սկզբունքներին համապատասխան:
-Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով կուսակցության անվանափոխությանը, նշել էր, որ ձեզ միավորվող կազմակերպությունները չեն ցանկացել ՕԵԿ-անունով հանդես գալ: Ինչո՞ւ:
-Դա լիովին համապատասխանում է իրականությանը: Նրանք երբեւէ չեն աջակցել ՕԵԿ-ին, երբեւէ չեն եղել կուսակցության համախոհ, ընդհանուր գաղափարակից, երբեւէ քվե չեն տվել խորհրդարանական ընտրություներին: Այսինքն՝ մարդիկ են, կուսակցություններ, ովքեր լիովին այլ ուղղությամբ են ընթացել եւ երբեւէ չեն համագործակցել կամ չեն համակրել ՕԵԿ-ին: Խնդիրը ոչ թե անվան մեջ է, այլ հիմքում դրված գաղափարի: Այդ մարդկանց համար ընդունելի է եղել «Հայկական վերածնունդ» միավորման գաղափարը: Այդ անդամ կուսակցությունները միավորման գաղափարի շրջանակներում միավորվել են, եւ բոլորով, այդ թվում՝ ՕԵԿ-ը, հիմք են դրել մեկ կուսակցության: Հայաստանի պատմության մեջ իրականում կուսակցություն հիմնադրելու նման տարբերակ չի եղել: Եթե նայում ենք համաշխարհային փորձը, ապա շատ քիչ նման իրողությունների կարող ենք հանդիպել կամ առնչվել:
-Օրեր առաջ մեզ հետ զրույցում Դուք հերքեցիք այն լուրերը, որ Վարդան Օսկանյանը այցելել է ՕԵԿ գրասենյակ եւ երկար առանձնազրույց ունեցել պարոն Բաղդասարյանի հետ: Բայց ինքը` Բաղդասարյանը, հաստատեց մեր տեղեկությունը` ասելով, որ այո, հանդիպել է: Ինչո՞ւ եք ապակողմնորոշում, սխալ տեղեկություն տալիս:
-Արթուր Բաղդասարյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց այդ լուրը: Նա նշեց, որ ինքը իր անձնական շփումների ժամանակ հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների, դեսպանների, տարբեր երկրներում իշխող կուսակցությունների անդամների հետ, եւ դրանք կրում են անձնական համագործակցության բնույթ: Նա չնշեց, որ հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ կամ որեւէ պայմանավորվածություն է ձեռք բերել: Նման բան իրականում չկա:
ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում էր հրավիրել:
Ըստ կազմակերպիչների` քննարկման նպատակը նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներն առավել մասնակցային դարձնել էր: Ուշագրավն այն է, որ քննարկմանը մասնակցելու հրավերը բացառապես ընդդիմադիր գործիչներն էին ընդունել: Իսկ, ահա, իշխանության ներկայացուցիչներին կա՛մ չէր հետաքրքրել քննարկումը, կա՛մ նրանք պարզապես ասելիք չունեին: Բացի այս՝ հետաքրքիր էր նաեւ այն, որ քննարկումը ծավալվում էր առանց ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթ լինելու: Ներկաներն անգամ տեղյակ չէին` ի վերջո, նախագիծն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով, թե ոչ:Այս առնչությամբ քննարկմանը ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Իրենք (իշխանույթունները, Ա. Թ) ունեն նախագիծը, բայց չեն եկել քննարկման: Այն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Եթե իրենք ազնիվ ցանկություններ ունենային, ապա առաջինը կբանակցեին իրենց գործընկերների հետ»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման ժամանակ անընդունելի համարեց համամասնական ընտրական համակարգի ռեյտինգային տարբերակը: Նրա խոսքով՝ այդպիսի համամասնական ընտրակարգ ասվածը տարբերվելու է բոլորին հայտնի կարգից: «Իշխանությունը կարող է ներդնել ռեյտինգային տարբերակը եւ հաղթել բոլոր տեղամասերում: Այս հարցի վրա պետք է կենտրոնանալ: Նման իրավիճակներ ստեղծվել են միայն համապետական ընտրությունների՝ նախագահական ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ»,- ասաց Մարուքյանը: Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին տարբեր պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր, սակայն, ներկա չէին քննարկմանը: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանցից պարզել, թե ինչու քննարկմանը չէին մասնակցում: Սակայն իշխանական այս ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. ««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը: Եւ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» ցանկություն հայտնի ձեռք բերել այն»: Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան սպասարկող երթուղին չի աշխատել: Այս մասին «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր ստացավ:
Հիշեցնենք, որ «Քինգ դե լյուքս» ընկերությունը վերջերս սնանկացավ: Ընկերության սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով Գ. Ծառուկյանի սանիկն է, սակայն դավաճանեց Ծառուկյանին: Հարությունյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա ընկերը, որն ասաց, թե հեռախոսի տերը Հայաստանում չէ:
ԱՃ` ԸՆԴԵՐՔԻ ՀԱՇՎԻՆ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ամբողջ արդյունաբերության այս տարվա հունվարի արտադրանքի ծավալը, անցած տարվա նույն ամսի համեմատ, աճել է 15,7 տոկոսով: Առաջին հայացքից այս ցուցանիշը կարող է հույս ներշնչել, որ տնտեսությունը սկսում է կենդանանալ: Սակայն խնդիրն այն է, որ այդ թիվը պայմանավորված է հանքարդյունաբերության արտադրության ծավալների շեշտակի աճով: Բանն այն է, որ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, հանքարդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է մոտ 80 տոկոսով: Տեղեկացնենք, որ հանքարդյունաբերությունը կազմում է ՀՀ ողջ արդյունաբերության 27 տոկոսը, այսինքն՝ մեկ քառորդից էլ ավելին: Ստացվում է՝ արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի պղնձի եւ մոլիբդենի խտանյութ արդյունահանելու, կամ նույնն է, թե ընդերքը դատարկելու հաշվին:
ԸՕ-Ն ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն այսօր շրջանառության մեջ կդնեն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի ՀՀ կառավարության՝ այս հինգշաբթի կայանալիք նիստի հաստատմանը: Նկատենք, որ մինչ ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը, ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ արդեն իսկ ՀՀԿ վերնախավը չակերտներ էր բացում: Ըստ այդմ, ԱԺ ընտրությունները չնայած համամասնական ընտրակարգով են անցկացվելու, սակայն դրա հետ միասին, ըստ ընտրատարածքների, ռեյտինգային քվեարկություն է անցկացվելու: Այսինքն՝ իրականում իշխանությունները ցանկանում են կիրառության մեջ դնել մի մեխանիզմ, որի պայմաններում, չնայած ընտրությունները կհռչակվեն իբրեւ համամասնական, ինչպես պահանջում է ընդդիմությունը դեռեւս 2011 թվականից, մյուս կողմից էլ ընտրությունները մեծ հաշվով կվերածվեն մի մեծ համամասնական ընտրության: