Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: «Վստահ եղեք, որ Դուք Երևանում թողնում եք ոչ միայն Ձեր գործերը, այլ նաև մարդկանց, ովքեր բարձր են գնահատում ինչպես Ձեր գործունեությունը, այնպես էլ Ձեր մարդկային որակները: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի ջանադրությամբ և համագործակցության պատրաստակամությամբ կաշխատի՝ ավելի ամրապնդելով Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հարաբերությունները:
Անդրեյ Սորոկինը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, բարեմաղթանքների, ինչպես նաև Երևանում իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի պետական մարմինների կողմից ԵԱՀԿ գրասենյակի նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար: Նա հպարտությամբ է նշել, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերի շնորհիվ ամուր հիմքեր և լավ նախադրյալներ են ստեղծվել մի շարք ոլորտներում Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հետագա սերտ փոխգործակցության ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: