ՄԱՐՏԻ 1-Ի ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երեւանում հետընտրական զարգացումները ողբերգական ավարտ ունեցան: Մարտի 1-ին իրավապահների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, իսկ 200 մարդ ստացավ տարբեր տեսակի վնասվածքներ: Տեղի ունեցածից անցել է 8 տարի, եւ մինչ օրս բազմաթիվ հարցեր մնում են օդից կախված:

10 զոհն ու չփարատված կասկածը
Եվ այսպես, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ, անսպասելի հարձակում գործեց 10 օր խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների վրա: Իրավապահների եւ քաղաքացիների բախման արդյունքում զոհվեց 10 մարդ, որոնցից 1-ը մահացել էր նռնակի պայթյունից, 4-ը՝ կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, 5-ը՝ ստացած հրազենային վնասվածքներից:
1975 թվականին ծնված Դավիթ Պետրոսյանը Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին: Նրա մարմնից հանվել էր 1 գնդակ:
1980 թվականին ծնված Գրիգոր Գեւորգյանը հրազենային վիրավում էր ստացել Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց:
1985 թվականին ծնված Տիգրան Խաչատրյանը ստացել էր գանգուղեղային բաց-կույր վնասվածք: Նրա գանգից հանվել էր մետաղի կտոր («չերյոմուխա-7» հատուկ միջոցից): Տիգրանը եւս վիրավորվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց:
1974 թվականին ծնված Արմեն Ֆարմանյանը, 1979թ Գոռ Քլոյան՝ եւս սպանվել էին «չերյոմուխա-7»-ից:
1961թվականին ծնված Հովհաննես Հովհաննիսյանը հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի ձախ կեսի առջեւի մակերեսից: Նրա մարմնից հանվել էր 1 գնդակ:
1977թ ծնված Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, 1979թ Սամվել Հարությունյանը` գանգուղեղի:
1977թ ծնված Համլետ Թադեւոսյանը ոստիկանության զորքերի վաշտի հրամանատարն էր, բեկորային վնասվածք էր ստացել ստորին վերջույթների շրջանում: Նա այդ օրը եղել էր Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ: Իսկ 1989թ ծնված Տիգրան Աբգարյանը ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող էր, եւս սպանվեց հրազենային վիրավորումից:
8 տարի անց 10 զոհերի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռեւս շարունակվում է նախաքննություն ընթանալ: Բայց մինչ օրս այս գործով չկա մեղադրյալ, եւ պարզ չէ՝ ի վերջո, ով հրահանգեց կրակել: Ցայսօր փարատված չեն նաեւ կասկածները` արդյո՞ք 10 զոհ ունեցանք, թե նրանք շատ էին, պարզապես հայտարարվեց ընդամենը 10 հոգու մասին` մնացածի մահվան վկայականներում այլ պատճառ գրանցելով:

«Չերյոմուխա-7»-ից կրակողները հայտնի էին
Դեռեւս 2009 թվականի հուլիսի 9-ին փաստահավաք խումբը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ «չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի օգտագործման արդյունքում զոհվել էին քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Տիգրան Խաչատրյանը, իսկ, ահա, Արթուր Մուրադյանը, Խաչիկ Դավթյանը եւ Հովհաննես Ասատրյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Նույն զեկույցի համաձայն՝ «չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակ փամփուշտները ԿՍ-23 տեսակի կարաբինից կրակել էին թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, եւ Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաեւ ՀՀ ՈՍ ոստիկանության զորքերի ՀՆՋ ենթասպաներ Լեւոն Հակոբյանը՝ 20 հատ, եւ Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ: Ընդհանուր առմամբ օտագործվել է 56 հատ «չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց:
Այսպիսով, առնվազն 3 զոհերի ուղղությամբ կրակած անձանց անունները հայտնի են, խոսքը վերաբերում է կոնկրետ «չերյոմուխա-7» հատուկ միջոց գազանռնակային գնդակի հետեւանքով մահացածներին: Եւ իրավապահներն ընդամենը պետք է գնային հետքերով եւ համապատասխան մարդկանց մեղադրանք առաջադրեին, սակայն մինչ օրս քայլ չի արվել:

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չհրապարակեց
Մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու ԱԱԾ-ն իր կողմից նախապես նկարված տեսանյութը այդպես էլ չկցեց հարուցված քրեական գործին: Բանն այն է, որ ԱԱԾ-ն միայն ներկայացրեց տեղի ունեցած դեպքերի մասով որոշակի կտորներ, որոնք, ըստ էության, որեւէ էական նշանակություն չունեցան՝ կատարվածի իրական մեղավորներին հայտնաբերելու համար:
Նշենք, որ Մարտի 1-ին վիրավորվածների գրեթե մեծ մասը վնասվածքը ստացել էր թիկունքից: Ի դեպ, վնասվածք ստացած քաղաքացիներից ոչ մեկ այդպես էլ չներկայացավ դատարան: Ըստ էության, վերջիններս կարող էին լույս սփռել դեպքի բացահայտման վրա: Շատ հետաքրքիր էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը: Երբ դեռ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումը չէր սկսվել, նա հեռուստատեսությամբ հայտարարեց, թե մարդիկ թալանում են խանութները: Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ օրերին խանութներից հափշտակություն իրականացնող անձինք որեւէ առնչություն չունեին ընդդիմության հետ: Տեսակետ կար, որ անգամ այդ ամենը նախապես պլանավորված սցենար էր, որը մեծ եռանդով քարոզում էր այսօրվա ընդդիմադիր Վարդան Օսկանյանը:
8 տարի անց այս եւ այլ բազմաթիվ հարցեր դեռ մնում են անպատասխան:

Նախկին դատախազը փակված է համարում
Դեռեւս 2014 թվականին քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտման թեմային, ասել էր, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող այդ գործով բացահայտումները բոլորը իրականացված են. «Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որեւէ դատական ատյանում: Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»: Նկատենք, որ Հովսեփյանի ասած մի շարք դատապարտված անձինք մոտ 100 ընդդիմադիր գործիչներ ու ակտիվիստներ էին, որոնք բոլորը ճանաչվեցին իբրեւ քաղբանտարկյալներ, եւ գրեթե ոչ ոք չի ընդունել իր մեղքը:
Այս պատկերին զուգահեռ, 2014 թվականին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սեփական PR-ի համար հանդիպեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը» հանձնարարեց Մարտի 1-ի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

«Հավայի քննչական ծառայություն»
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումից անցել է մեկուկես տարի, սակայն մինչ օրս գործով որեւէ տեղաշարժ չկա: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ի պատասխան մեր հարցման՝ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Իսկ, ահա, հատուկ քննչական ծառայությունը խոստացավ մեր գրավոր հարցմանը պատասխանել առաջիկայում: Իհարկե, ՀՔԾ-ի պատասխանը կանխատեսելը դժվար չէր: Հասկանալի է, որ մինչ օրս հատուկ քննչական ծառայությունը, ըստ էության, ոչինչ չի արել: Վահրամ Շահինյանը խնամքով քնեցրել է գործը` առավել ակտիվություն ցուցաբերելով շարքային ոստիկանի կամ քննիչի նկատմամբ առաջադրված էժանագին մեղադրանքների գործերով: Ու թերեւս վաղուց հասունացել է այս կառույցի անունը փոխելու անհրաժեշտությունը՝ ոչ թե հատուկ, այլ «հավայի քննչական ծառայություն»: Այդպես ավելի ազնիվ կլինի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Վարդգես Գասպարիի գործով դատավարությունը: Դատարանի հետ անհամաձայնությունից հետո ակտիվիստը դարձյալ պառկել էր նիստերի դահլիճում: Նիստի նախագահող Նելլի Բաղդասարյանը Վ. Գասպարիից պահանջել էր պատշաճ դիրք ընդունել նիստերի դահլիճում, սակայն ոչ մի արդյունք:
Նշենք, որ փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշման հիման վրա Վ. Գասպարին կալանավորվել էր եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթարկվել խոշտանգումների: ԱԺ 32 պատգամավորներ քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ անհիմն որոշման մասով դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ անհիմն էր համարել Շենգավիթ դատարանի դատավորի կայացրած որոշումը, եւ Վ. Գասպարին ազատ էր արձակվել: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի հետ:
-Պարո՛ն Բալայան, ինչպես տեսանք, ՀՀ վերաքննիչ դատարանը իրավաչափ չհամարեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած որոշումը, ինչից հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտնվեց ազատության մեջ: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց:
-Չեմ կարող մեկնաբանել վերաքննիչ դատարանի եւ մեկ այլ դատարանի որոշումը: Նման իրավունք չունեմ:
-Շենգավիթ դատարանի դատավորի որոշումից հետո լուրեր տարածվեցին, որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ պահելը քաղաքական հաշվեհարդարի հրահանգ է եղել: Դուք կամ որեւէ մեկը դատավոր Նելլի Բաղդասարյանին հրահանգե՞լ եք, որ նման որոշում կայացնի:
-Ի՞նչ հրահանգ: Որեւէ մեկն իրավասություն չունի դատավորին հրահանգ տալու: Դա քրեորեն պատժելի արարք է:
-Իսկ քրեորեն պաժելի արարք չէ՞ մարդու նկատմամբ ոչ իրավաչափ որոշում կայացնել եւ նրան կալանքի տակ պահելը: Եթե նման ոչ հանրային հնչեղություն ունեցող գործով անձին ազատազրկման մեջ պահեին, ու նա չբարձրաձայներ, կշարունակեր մնալ ապօրինի կալանքի տակ:
-Չեմ կարող ասել, դիմե՛ք դատական դեպարտամենտ:
Ք. Մ.

 

 

 

ՃՆՇԵ՞Լ ԵՆ
Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չուղարկելու վերաբերյալ փաստաբան Արա Զաքարյանի պատճառաբանությունը, թե. «Ուղղակի վրիպել եմ, ժամանակն անցել է, չեմ արել», նրա գործընկեր Գագիկ Սարուխանյանի համար կասկածահարույց է. «Վարկածը, միանշանակ, հետեւյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է, ի վերջո, եւ կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ եւ, հավանաբար, իշխանությունները կիրառել են իրենց այդ միջոցները»: Այս առնչությամբ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Armlur.am-ին ասել է. «ԶԼՄ հրապարակումների հիման վրա փաստաբանների պալատը դիմելու է փաստաբան Արա Զաքարյանին պարզաբանումների համար։ Ուսումնասիրության արդյունքում քննարկվելու է կարգապահական վարույթ հարուցելու հարցը»։

 

ՍԽԱԼՎԵԼ է
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 1990թ. կալանավորված ՀՅԴ-ականներից հետո քաղբանտարկյալներ չկան, ասել է. «Ով դրա մասին խոսում է, խորհուրդ կտամ նորից վերհիշել Մարտի 1-ը եւ 10 զոհերին… որից հետո շուրջ 130 հոգի հայտնվեցին բանտախցերում: Այսօր էլ մենք ունենք քաղբանտարկյալներ, այդ ամեն ինչի վառ օրինակն էր Վարդգես Գասպարին: Այնպես որ, Արմեն Ռուստամյանը նման բան ասելով` սխալվել է»:




Լրահոս