ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այս տարվա հունվար ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանը շարունակում է մնալ բացասական սպասումների շրջափուլում: Այսինքն՝ տնտեսությունը շարունակում է ապրել ապագայի հետ կապված ավելի վատ սպասումներով, ինչը ենթադրում է տնտեսության ավելի ու ավելի մեծ անկում:
Այսպես՝ այս տարվա հունվարին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն անցած տարվա համեմատ նվազել են 3,7 տոկոսով: Այս ցուցանիշն իր մեջ ներառում է ինչպես հարկերը եւ տուրքերից մուտքերը, այնպես էլ տարբեր աղբյուրներից ստացվող այլ եկամուտները: 2016-ի հունվարին պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 75 միլիարդ 615 մլն դրամ, այն դեպքում, երբ 2015-ին այդ ցուցանիշը եղել է 78 մլրդ 482 մլն դրամ: Ավելին՝ պետբյուջեի ընդհանուր եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սկսել են նվազել 2015-ից: Իսկ, օրինակ, 2014-ին, չնայած տնտեսական վիճակն առանձնապես բարվոք չէր, այնուամենայնիվ, բյուջեի եկամուտների աճ էր արձանագրվել 2013-ի համեմատ, 2013-ին աճ էր գրանցվել 2012-ի համեմատ եւ այսպես շարունակ: Ասել կուզի՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի ողբերգական է դառնում:
Ի դեպ, պետական բյուջե մուտք եղած հարկեր եւ տուրքերը եւս, անցած տարվա հունվարի համեմատ, այս տարի նվազել են: Անցած տարվա առաջին ամսին հավաքագրված հարկեր եւ տուրքերը կազմել են 75 միլիարդ 751 մլն դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 73 մլրդ 686 մլն դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ բյուջեի եկամուտներից ոչ միայն հարկեր եւ տուրքերն են նվազել, այլ նաեւ այլ եկամուտներն ու պաշտոնական դրամաշնորհները: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարին ստացել է ընդամենը 2,9 մլն դրամի դրամաշնորհ, այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին այդ թիվը եղել է 198,4 մլն: Նշենք նաեւ, որ հարկատեսակներից ուշագրավ է մաքսատուրքերի նվազման փաստը. այս հարկատեսակի գծով պետական բյուջեի մեկ ամսվա մուտքերը նվազել են մոտ 800 մլն դրամով: Հայաստանի մաքսատուրքերի հիմնական մասը գոյանում է Եվրասիական տնտեսական միությունից ստացված մասնհանումների հաշվին: Այսինքն՝ մաքսատուրքերի նվազումը ենթադրում է, որ ընդհանուր ԵՏՄ երկրների արտաքին առեւտուրը եւս նվազել է, ինչի արդյունքում էլ Հայաստանի մասնաբաժինը կրճատվել է:
Հայաստանի տնտեսությունում առկա եզակի դրական երեւույթն այն է, որ այս տարվա հունվարի արդյունքներով արտահանման ծավալները 5,6 տոկոսով, կամ նույնն է, թե մոտ 5 մլն դոլարի չափով անցած տարվա համեմատ ավելացել են: Անցած տարվա հունվարին Հայաստանից արտահանվել է 84 մլն 450 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ թիվը կազմել է 89 մլն 216 մլն: Ի դեպ, արտահանման աճն արձանագրվել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների վերականգման շնորհիվ: Բանն այն է, որ անցած տարվա սկզբին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման եւ փոխարժեքի մշտական տատանումների պատճառով Հայաստանից դեպի այդ երկիր գրեթե ապրանք չէր արտահանվել: Իսկ այս տարի հունվարին արդեն իսկ ՌԴ է արտահանվել ավելի քան 15 մլն դոլարի ապրանք:
Այն փաստը, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ամսի համեմատ, ավելի քան 16 տոկոսով աճել է, կարծում ենք՝ լիարժեք համահունչ է Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումներին: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվարին կազմել է 77 հազար 528 մարդ: Ի դեպ, բերված թիվը գործազուրկների ընդհանուր թիվը չի: Որպես կանոն գործազուրկների ընդհանուր թիվը պաշտոնապես գրանցվածների մոտ քառապատիկի չափ է: Սակայն ակնհայտ է մեկ բան՝ եթե պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է, ապա դա նշանակում է, որ ընդհանուր թիվը եւս աճել է: Ի դեպ, ընդհանուր գործազրկության մակարդակը, ԱՎԾ-ն սովորաբար հրապարակում է գարնանը` ներկայացնելով նախորդ տարվա ամփոփ տվյալները:
Այսպիսով՝ ժամանակն ապացուցում է, որ Հայաստանում առանց լրջագույն քաղաքական փոփոխությունների դրական տնտեսական սպասումներ չեն կարող առաջանալ, հետեւաբար նաեւ զարգացում չի կարող լինել: Լավագույն դեպքում, ՀՀ կառավարությունը կարողանա նորանոր վարկեր ներգրավվելով՝ պահպանել առկա վիճակը, բայց այդպիսով երկրի տնտեսությունում որեւէ զարգացում չի կարող տեղի ունենալ: Այսինքն՝ ՀՀ ներկա իշխանությունները եւ Հայաստանի զարգացումը դարձել են իրար հակադիր գործոններ, եթե կա մեկը, ապա մյուսը չի կարող լինել կամ էլ հակառակը: Ուստի, որպեսզի պետության տնտեսությունը զարգանա, այս իշխանությունները պետք է այլեւս երկրի ղեկին չլինեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ի ԳՈՒՅՔԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանում «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի գույքը, սակայն այն այդպես էլ չի վաճառվում:
Դեռեւս նախորդ տարի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ հայտնել, որ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրով պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության օգտագործմանը հանձնված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գույքը 2007 թվականի նոյեմբերի 30-ի համապատասխան ակտով վարչության կողմից հանձնվել է ընկերությանը, սակայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չի կարողանում իրականացնել իրավունքի պետական գրանցում եւ խնդրի կարգավորման նպատակով խնդրել է ստորագրել նշված լրացումից բխող համաձայնագիր: Արդյունքում «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի գույքը վաճառքի է հանում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, որը, սակայն, այդպես էլ չի վաճառվում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ն լուծարվեց: Այդ ընթացքում ամբողջությամբ մարվեցին զոհված օդաչուների ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարների գծով պարտավորությունները: Մարվեցին նաեւ Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի` աշխատանքից կրճատված աշխատակիցների վերջնահաշվարկների եւ արձակման նպաստների վճարման գծով պարտավորությունները:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել մետաղյա պահարաններ, գանձապահարաններ: Բացի այս՝ վաճառվում են նաեւ ընկերության տրանսպորտային միջոցները. 1990 արտադրության «ԳԱԶ 53» տրանսպորտային միջոց, որի մեկնարկային գինը մարտի 17-ի դրությամբ կկազմի 540 հազար դրամ, 1982 թվականի արտադրության «Ուռալ 375»՝ 1 մլն 20 հազար դրամով, 1986 թվականի արտադրության «Կարտոֆիլափորիչ»՝ 10 հազար 200 դրամով եւ այլն: Բացի այս՝ վաճառվում է նաեւ 1987 թվականի արտադրության տրակտոր:
Տեղեկացնենք, որ աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ իր ցուցանիշներով ՀՀ-ում երկրորդն է: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ եւ Երեւանից 120կմ հեռավորության վրա: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007 թվականին օդանավակայանի թռիչքուղին ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴԻՆ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ Է
Փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ինքնաձիգի կրակոցից վիրավորվել, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը: Վերջինս ոստիկանններին ասել է, որ չի տեսել, թե ով է իր վրա կրակել: Այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության փորձը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Նշենք, որ Ս. Միքայելյանը ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս գտնվում է փախուստի մեջ: Հավանական է, որ քրեական գործ կհարուցվի նաեւ Սերգեյ Միքայելյանի հանդեպ: Քննությունը պետք է պարզի, թե որտեղից են ձեռք բերվել վերոհիշյալ 2 ինքնաձիգները:
ԿԱՆԱՅՔ ԷԼ ԵՆ ԽՈՊԱՆ ԳՆՈՒՄ
Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու: Նա մի շաբաթ առաջ ինքնասպան է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ: Գյուղապետի խոսքով` կինը Սոչիում աշխատում էր: Նրա նախկին ամուսինը Սոչի քաղաքից Ազատամուտ է տեղափոխել իր փոքրահասակ աղջիկներին: Տավուշի մարզից, այդ թվում խորհրդային տարիներին քաղաքատիպ ավան հանդիսացած Ազատամուտից հիմնականում ամուսնալուծված, միայնակ կանայք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Նրանք աշխատում են հացի արտադրամասերում, սննդի վերամշակման ձեռնարկություններում, գյուղատնտեսության մեջ: Ռուսաստանի տարբեր քաղաքներում Հայաստանից վերաբնակվածները հիմնում են լավաշի փռեր, որտեղ աշխատելու համար Հայաստանից հրավիրում են կանանց, ովքեր տիրապետում են լավաշ թխելու հմտություններին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ