Ընտրական նոր օրենսգրքի առանձնահատկությունները. ինչ փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ իշխանությունները, ի վերջո, հրապարակեցին ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որը ներառված է ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում եւ հաստատվելուց հետո այն պետք է ուղարկվի խորհրդարան:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իրականացան «Ժողովուրդ» օրաթերթի այն կանխատեսումները, որ առաջիկա` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրատարածքների թիվը երեք անգամ կրճատվելու է, իսկ կուսակցություններից յուրաքանչյուրն էլ ներկայացված է լինելու առանձին ցուցակով:

Այսպես՝ ընտրատարածքների թիվը 41-ից առաջարկվում է դարձնել 13: Դրանցից 4-ը լինելու են Երեւանում. 1-ին ընտրատարածքում ընդգրկված կլինեն Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, 3-րդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները եւ 4-րդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մնացած թվով 9 ընտրատարածքներն իրենց մեջ ներառելու են մարզերը, որոնցից Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը կազմելու են մեկ ընդհանուր ընտրատարածք, իսկ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերից ամեն մեկն առանձին ընտրատարածք է լինելու:

Քվեարկության կարգի հետ կապված նորամուծություններից մեկն էլ այն է, որ ընտրողների գրանցումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ ընտրողն իր անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալու է տեղամաս, որտեղ փաստաթուղթը դրվելու է հատուկ սարքի մեջ, որը անձին նույնականացնելու է ընտրական ցուցակի հետ եւ ասելու է՝ տվյալ անձը արդեն քվեարկել է, թե ոչ: Երբ համակարգը ասում է, որ տվյալ ընտրողը դեռ չի քվեարկել, նոր միայն նա քվեաթերթիկ ստանալու իրավունք է ստանում:

Առաջարկվում է, որ ԱԺ ընտրություններում կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացված լինի առանձին քվեաթերթիկով, որի մի երեսին նշված է լինելու տվյալ կուսակցության կամ դաշինքի անվանումը եւ, այսպես կոչված, հիմնական համամասնական ցուցակի առաջին երեք անունները: Իսկ քվեաթերթիկի հաջորդ երեսին պետք է նշված լինի տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրած անհատ թեկնածուների անունները: Ի դեպ, ընտրատարածքից յուրաքանչյուրում կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են առաջադրել առնվազն հինգ անհատ թեկնածուներ: Անհատ թեկնածուների առավելագույն քանակը պետք է լինի յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվարկով մեկական թեկնածու: Օրինակ՝ Երեւանում, որի չորս ընտրատարածքների ընտրողների միջին թիվը լինելու է մոտ 200 հազար, ընտրատարածքից յուրաքանչյուրում ամեն մի կուսկցություն կարող է առաջադրել մինչեւ 20-ից 21 թեկնածու:

Ի դեպ, կուսակցությունների եւ դաշինքների համամասնական թեկնածուների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան 80-ը եւ ոչ ավել, քան 300-ը: Միայն այս հանգամանքի շնորհիվ մարդ-կուսակցությունները գործնականում չեն կարողանա ընտրություններին մասնակցել կամ էլ ստիպված կլինեն այլ մարդ կուսակցությունների կամ առավել ազդեցիկ քաղաքական ուժերի հետ դաշինքներ կազմել: Վերը նշվածից բացի՝ համամասնական ցուցակները պետք է ունենան նաեւ երկրորդ մաս, որում ներառված պետք է լինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ըստ այդմ, ազգային փոքրամասնության բաժնում պետք է լինեն առնվազն 8 թեկնածուներ` չորս տարբեր ազգային փոքրամասնությունների` երկուական թեկնածուներ:

Ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի թեկնածուների առավելագույն թիվը կարող է լինել 4: 2011 թվականին իրականացված մարդահամարի արդյունքներով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնություններն են եզդիները, ռուսները, ասորիները եւ քրդերը: Այս նորամուծության պատճառով կուսակցությունները ստիպված կլինեն նաեւ ազգային փոքրամասնությունների շրջանում «մարդաորս» սկսել: Ի դեպ, Հայաստանում ազգային բոլոր փոքրամասնությունների ընդհանուր թիվը բնակչության 2 տոկոսից էլ քիչ է՝ մոտ 57 հազար ՀՀ քաղաքացի:

ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը լինելու է կողմ քվեարկված ձայների եւ անճշտությունների հանրագումարի 5 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը: Մանդատները բաշխվելու են հետեւյալ սկզբունքով՝ կուսակցության հասանելիք մանդատների թվի կեսը տրվելու է հիմնական ցուցակի թեկնածուներին, իսկ մնացած կեսը` տարածքներում կուսակցությունը ներկայացնող թեկնածուներին` ըստ նրանց ստացած անհատական ձայների: Այլ կերպ ասած՝ տարածքներում կուսակցությունները ներկայացնող թեկնածուների միջեւ եւս ներքին մրցակցություն է ծավալվելու:

ԱԺ ընտրությունները մեկ փուլով ավարտվում են, եթե կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ի սկզբանե ստացել է բաշխման սպասող 101 մանդատներից առնվազն 53-ը: Իսկ եթե որեւէ կուսակցություն չի ստացել այդքան մանդատ, ապա տեղի է ունենում մանդատների նախնական բաշխում: Եթե ԱԺ ընտրությունների առաջին փուլով որեւէ քաղաքական ուժ ստանում է մանդատների մեծամասնությունը, կամ քաղաքական ուժերը պաշտոնապես ԿԸՀ-ին տեղակացնում են կոալիցիա կազմելու մասին, որի պատգամավորների թիվը կազմում է ընդհանուրի մեծամասնությունը, ապա երկրորդ փուլ չի անցկացվում: Այն դեպքում, երբ մեծամասնություն չի ձեւավորվում, ապա երկու առավել շատ թվով ձայներ ստացած քաղաքական ուժերի մասնակցությամբ երկրորդ փուլ է անցկացվում:

Մի խոսքով, մանդատների բաշխման նոր կարգը այնպես է նախատեսված, որ խորհրդարանում քաղաքական ուժերից կամ դաշինքներից մեկն անպայման մեծամասնություն ունենա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս