Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջև առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:
Մասնավորապես, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը: Էլեկտրոնային առևտուրը կնպաստի նաև ստվերային տնտեսության և շրջանառության կրճատմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15 տոկոսով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7 տոկոսով ստվերային տնտեսության կրճատմանը:
Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն` վերոհիշյալ լրացումների նախատեսումը պայմանավորված է հանձնաժողովների, ինչպես նաև Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից իրենց լիազորությունների անաչառ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ կառավարության եզրակացության՝ թեև ներկայացված նախագծերի փաթեթը կարևոր, ուշադրության արժանի նախաձեռնություն է, այնուամենայնիվ, առկա են մի քանի դիտարկումներ: Մասնավորապես, Հաշվեքննիչ հանձնաժողովի (ներկայիս Վերահսկիչ պալատ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ապաքաղաքականացվածության վերաբերյալ դրույթները շատ ավելի վաղ են ուշադրության արժանացել:
Դեռևս սահմանադրական բարեփոխումների ընթացքում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նշված խնդիրները և միջազգային փորձի ուսումնասիրմամբ լուծումներ նախատեսել: Ուստի, վերոհիշյալ նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել նպատակահարմար է քննարկել ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունները համապատասխան իրավական ակտերում նախատեսելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակին առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի քննարկումից և հրավիրում է մասնակցելու քննարկումներին:
Քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումը՝ զրկելով քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից:
Օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն, քանի որ բացակայում են նախագծի ընդունման իրավական հիմքերը: Բացի այդ, նշվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի սկզբունքներին համահունչ մշակում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի համաձայն՝ վերանայվում են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման (հոգաբարձուների) խորհուրդների ձևավորման սկզբունքները:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օրինագծի նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը՝ իրականացնելով պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն տարվա մեջ առնվազն երկու անգամ: Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, ՀՀ բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը (իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:
Օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: