Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսության ոլորտին տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման շարունակականությունը 2016թ. ընթացքում ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակում 2011-2015թթ. տնտեսավարողներին տրամադրվել է 84.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկեր: Շահառուների թիվը կազմել է շուրջ 98.9 հազար միավոր: Վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմակերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացման գործում: Գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով: Որոշմամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2016թ. համար սահմանվել է մարտի 1-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվելու է կազմակերպել առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգ: Այն հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել պատվաստանյութեր՝ հանրապետության տարածքում ստեղծելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ: