«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել.
«Վաղը՝ մարտի 4-ին, ժամը 17:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9, 10-րդ դահլիճ, 2-րդ հարկ (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ), նախագահող դատավոր՝ Կարինե Պետրոսյան) կհրապարակվի Սերժ Սարգսյանի մերձավոր ձեռներեց Սենիկ Ջուլհակյանի կողմից ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի ներկայացված հայցով վճիռը:
Հայցվորը պահանջում է Հմայակ Հովհաննիսյանից հերքել 2014 թվականի դեկտեմբերի 9-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Սերժ Սարգսյանին հասցեագրված և մամուլում «Մի՜ սպանեք մորս, պարոն Սերժ Սարգսյան» խորագրով հրապարակված նամակի բովանդակությունը:
Հրապարակումից առաջ սույն նամակը Հմայակ Հովհաննիսյանը հանձնել էր Սերժ Սարգսյանի աշխատակազմ, որտեղ այն ընդունվել և գրանցվել էր որպես պաշտոնական դիմում:
Համաձայն այն ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, որը պարտադրում էր ՀՀ բոլոր պաշտոնյաներին բանական ժամկետում պատասխանել ՀՀ քաղաքացիների դիմումներին, Սերժ Սարգսյանը պարտավոր էր պատասխանել իրեն հասցեագրված նամակին, սակայն առ այսօր ոչ միայն դա չի արել, այլև որոշել է հերթական անգամ դատական մարմինների միջոցով պատժել արդարություն պահանջող քաղաքացուն՝ Հմայակ Հովհաննիսյանին կրկին ներքաշելով դատական քաշքշուկների մեջ:
Սերժ Սարգսյանը պետության պատժիչ համակարգն օգտագործում է ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլև նրանց հարազատների դեմ՝ դատապարտելով նրանց ռեժիմի անմեղ պատանդների ճակատագրին: Գործելով հանցավոր քրեական խմբավորմանը հատուկ մեթոդով, ռեժիմը Հմայակ Հովհաննիսյանին ճնշելու և Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակը յուրային գործարարին բաժին հանելու նպատակով դատական հետապնդումների մահակն իջեցրել է նրա մոր՝ 1937 թվականի ստալինյան Մեծ տեռորի ժամանակ երիտասարդ հորից զրկված Դիանա Հմայակի Հովհաննիսյանի գլխին՝ կալանք դնելով տարեց կնոջ բնակարանի վրա, որտեղ, չունենալով այլ բնակարան, բնակվում է նաև նրա միակ զավակը:
Այս պատմությունը բացահայտում է սերժսարգսյանական ռեժիմի գիշատիչ ու մարդատյաց էությունը՝ թալանել և հարստանալ քաղաքացիների հաշվին ամեն գնով՝ չխնայելով մայր ու մանուկ և ոտնահարելով բոլոր մարդկային և իրավական նորմերը:
Սերժսարգսյանական ռեժիմի օրոք քաղաքացին կարող է հետապնդվել նույնիսկ այնպիսի անմեղ արարքի համար, ինչպիսին է ծնողին հոգեբանական խոշտանգումից և ունեզրկումից պաշտպանելու նպատակով երկրի իշխանավորին բարոյախրատական խոսքով դիմելն է: Եվ ինչպես մարտի մեկի չարագործության ժամանակ, այնպես էլ այս դեպքում ռեժիմն իր վայրագությունները կատարում է յուրային մեծահարուստների և նրանց թիկունքին կանգնած կոռումպացված դատական համակարգի միջոցով, որը «տանիքավորում» և արդարացնում է ՀՀ քաղաքացիների դեմ ուղղված բռնությունները, թալանն ու բիրտ հալածանքը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը՝ վերահաստատելով իր սկզբունքային դիրքորոշումը, քաղաքացիների իրավազրկության ստեղծված իրավիճակից միակ ելքը տեսնում է հանցավոր ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի և երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական արդար ընտրությունների անցկացման մեջ»: