Այսօր` մարտի 4-ին, հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է (1878): Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։
Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ: Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-1906)։ Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել)։ Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որը հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը: 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։
Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենիև այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են՝ աստղադիտարանը (1930-1935) անատոմիկումը (1926-1933) անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932) հանրային գրադարանը (1932-1938)։ Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու) Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։
Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։