Կոնգրեսականներ Փալոնեն և Դոլդն առաջարկել են ավելացնել Հայաստանին և ԼՂՀ­-ին տրամադրվող աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ) և Ռոբերտ Դոլդը (հանրապետական) ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում կոչ են արել աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում օգնության ավելացմանն ուղղված իրենց ջանքերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, կոնգրեսականներին ուղղված նամակում նրանք առաջարկում են աջակցել ՀՀ-­ին և ԼՂՀ­-ին տրամադրվող արտաքին օգնության 7 առաջնահերթ ուղղությունների:

Մասնավորապես, առաջարկվում է առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար և կայուն զարգացման ծրագրերի համար, իսկ առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար (ներառյալ Տնտեսական աջակցության հիմնադրամի, թմրամիջոցների շրջանառության դեմ միջազգային պայքարի և առողջապահության միջազգային ծրագրերի շրջանակներում): Այնուհետև առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել սահմանային հարձակումները, պատերազմի սպառնալիքներ հնչեցնելը և չի համաձայնել հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների պահպանմանը:

Առաջարկվում է նաև աջակցություն տրամադրել Սիրայում բնակվող հայերին, ինչպես նաև Հայաստանին՝ ՀՀ տեղափոխված սիրիահայ փախստականների օգնության համար, Վրաստանին տրամադրվող օգնության 10 տոկոսը հատկացնել Սամցխե­Ջավախքի տարածաշրջանում կայուն աշխատատեղերի ստեղծման նպատակին, ինչպես նաև սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան աջակցության սահմանափակման 907­րդ բանաձևի կասեցման հարցում ԱՄՆ նախագահի իրավասությունը: Ընդգծվում է նաև Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես բանակցող կողմի վերականգնման կարևորությունը, հաղորդել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:




Լրահոս