Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպես են մսխվում ՀՀ պետական բյուջեի գումարները: Եթե որեւէ մեկին հետաքրքրում է, ապա կարող է ծանոթանալ կա՛մ ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունների, կա՛մ վերահսկողական այլ ծառայությունների իրականացրած ստուգումների արդյունքների հետ: Հավատացե՛ք, ձեր առաջ բացահայտվող պատկերը պարզապես ապշեցուցիչ կլինի, այնպես, որ դրան կնախանձեր անգամ փող աշխատելու համեմատաբար ազնիվ 400 միջոց իմացող Օստապ Բենդերը:
Հայաստանում դժվար է գտնել պետական որեւէ գերատեսչություն, որտեղ բյուջեի միջոցները չմսխվեն: Սա նույնիսկ այն դեպքում, երբ փորձում են պետական բյուջեն ծառայեցնել դրական նպատակների: Օրինակ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու խնդրով: «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում նախարարությունը ՀՀ պետական բյուջեից վարկեր է տրամադրել ձեռնարկատերերին: 2010թ. հատկացվել է 44,9 մլն, 2011թ.` 34,2 մլն դրամ գումար: Իսկ նախորդ տարի վարկավորման ծավալները կտուկ ավելացել են` հասնելով 262,6 մլն դրամի: Եվ ահա, այս ոլորտում 2012թ. ՀՀ ՎՊ անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մինչեւ 3 մլն դրամ վարկ ստացած 30 կազմակերպություններից ուսումնասիրության պահին գործել են ընդամենը 8-ը, 2011թ.` վարկավորված 17 կազմակերպությունից` 8-ը, իսկ 2012թ. վարկավորված 130 սուբյեկտներից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել էին իրենց գործունեությունը: Ասել է թե՝ վարկային միջոցները տրամադրվել են կազմակերպությունների, որոնք այդպես էլ չեն կարողացել նորմալ կազմակերպել իրենց բիզնեսը եւ որոշ ժամանակ անց ստիպված են եղել փակվել: Էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, կարող է արդարանալ, թե իրենք չեն կարող վերահսկել տրամադրված վարկի արդյունավետ օգտագործումը, եւ որ այդ ձեռնարկատերերը «տակ են տվել» պարզապես բիզնեսը վատ կազմակերպելու արդյունքում եւ այլն, եւ այլն: Բայց խնդիրն այն է, որ նույն նախարարությունը շատ հաճախ վարկավորում իրականացրել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա:
Այսպես, ՎՊ հաշվետվության մեջ հանդիպում ենք հետեւյալ օրինակների` «2010թ. բազալտե, գրանիտե-տուֆաավազային սալիկների արտադրությամբ զբաղվող «Վայքի Շիկ» ԲԲԸ-ն ներկայացրած «ֆինանսական աջակցության ծրագրերի ուսումնասիրության հաշվետվության թերթիկում շրջանառությունը նշվել է 54,5 մլն դրամ, զուտ շահույթը` 21,1 մլն դրամ, մինչդեռ շահութահարկի հաշվարկում իրացումից հասույթը կազմել է 17,4 մլն դրամ, իսկ հարկվող շահույթը` 1,8 մլն դրամ: Իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա ընկերությունը վարկավորվել է 15,000.0 հազ. դրամի չափով: «Ռոզալյա Կահույք» (կահույքի արտադրություն – վաճառք) ՍՊԸ-ի աջակցության թերթիկի համաձայն` շրջանառությունը կազմել է 18 մլն դրամ, զուտ շահույթը` 5,4 մլն դրամ, իսկ շահութահարկի պարզեցված հաշվարկում իրացումից հասույթը` 2,5 մլն դրամ: Այդ ցուցանիշների հիման վրա ՍՊԸ-ն վարկավորվել է 9 մլն դրամի չափով: 2011 թ. վարկավորված «Գրիգոր-Գուրգեն» Ա/Կ-ն զբաղվել է հանքի շահագործմամբ – շինանյութերի արտադրությամբ, նրա ֆինանսական աջակցության ծրագրերի ուսումնասիրության հաշվետվության թերթիկում շրջանառությունը նշվել է 25 մլն դրամ, այն դեպքում, երբ շահութահարկի հաշվարկում իրացումից հասույթը կազմել է ընդամենը 2 մլն դրամ: Այն վարկավորվել է 12 մլն դրամի չափով… Հատկանշական է, որ շատ դեպքերում խոշոր վարկային երաշխավորություններ են տրամադրվել այնպիսի կազմակերպություններին, որոնց նախորդ տարվա հասույթները զրոյական են եղել կամ նրանք ունեցել են փոքր թվով աշխատողներ: Արդյունքում, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գումարները վերականգնվել են դատական կարգով»:
Հարկ է նկատել, որ սա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված բացահայտումների մի մասն է միայն, այն հատվածը, որը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված վարկային միջոցների օգտագործմանը: Ընդ որում, խոսքը այն գերատեսչության մասին է, որտեղ 2008թ. սկսած՝ նախարարի պաշտոնը զբաղեցնում են վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմները` Ներսես Երիցյանը, Տիգրան Դավթյանը, հիմա էլ` Վահրամ Ավանեսյանը: Ավելին, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու խնդիրը գոնե հայտարարությունների մակարդակով, մշտապես կարեւորվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Նրա նախաձեռնությամբ 2011թ. նույնիսկ ստեղծվեց փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ, որի ղեկավարը, բնականաբար, Տ.Սարգսյանն է: Ու, փաստորեն, այս ոլորտում չարաշահումներն ու մսխումները կարծես թե դարձել են օրինաչափություն:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, բայց` ապարդյուն: Նախարարության մամուլի խոսնակը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, անպատասխան մնաց նաեւ մեր գրավոր հարցումը: Մեր հարցերն անպատասխան թողեց նաեւ փոխնախարար Կարինե Մինասյանը, որը, ի դեպ, ընդգրկված է Տ.Սարգսյանի ղեկավարած խորհրդի կազմում. նա կա՛մ զբաղված էր, կա՛մ տեղում չէր:
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ