ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի մասին ասում են, որ նա շատ «սկզբունքային» պատգամավոր է` մշտապես քվեարկում է այնպես, ինչպես իրեն թելադրվում է: Ելույթներ չի սիրում ունենալ, օրինաստեղծ գործունեությամբ էլ գրեթե չի զբաղվում, միայն բարեխղճորեն  սեղմում է «դեմ», «կողմ» կամ «ձեռնպահ» կոճակները՝ համաձայն հրահանգների…
Մախսուդյանը, իհարկե, իր մի շարք կուսակիցներից տարբերվում է կենսագրությամբ, քանի որ բուհն ավարտել է, ինչպես ասում են, ճիշտ ժամանակին՝ 1970թ.: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, դարձել ճարտարագետ մեխանիկ ու գնացել բանակ: Մինչ գնալն աշխատել է Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում որպես գլխավոր ինժեների տեղակալ: Այսինքն՝ մարդու բախտը բերել է, բուհն ավարտելուց հետո աշխատանք չի որոնել, այլ միանգամից զբաղեցրել է պատասխանատու պաշտոն: Նրա աշխատանքային կենսագրության մեջ գրված է. 1975-1979թթ.՝ շահագործման բաժնի պետ, 1979-1986թթ.՝ գլխավոր ինժեներ, 1986-1989թթ.՝ ձեռնարկության տնօրեն, 1989-1994թթ.՝ «Մեքենայացման եւ էլեկտրաֆիկացման» ձեռնարկությունում տնօրեն, 1994-2001թթ.՝ ՀՀ տրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում տնօրեն, 2001-2007թթ.՝ «Մարտունու բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ԲԲԸ գործադիր տնօրեն: Այսինքն՝ միշտ հավատարիմ է մնացել իր ստացած մասնագիտությանը: Եվ ինչո՞ւ չմնար, եթե նշված ձեռնարկությունը, ըստ էության, իր սեփականությունն է՝ չնայած այս մասին նա «համեստաբար» չի նշում իր հայտարարագրում:
Անտեսելով իր կուսակցության կայացրած որոշումը՝ ԲՀԿ-ական Մախսուդյանը մասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը եւ իր այդ քայլն արդարացնելու նպատակով հայտարարեց, որ ինքը գործարար է: Հավանաբար պարոն Մախսուդյանը  տեղյակ չէ, որ ԱԺ պատգամավորը գործարարությամբ զբաղվելու իրավունք չունի, կամ էլ պարզապես ավելի անկեղծ է, քան գործարարությամբ զբաղվող ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը… Անկեղծությունը` անկեղծություն, բայց անհասկանալի է, թե ուր են նայում համապատասխան մարմինները, եւ ինչու պատգամավորի այդ հայտարարությունից հետո նրանից պարզաբանումներ չպահանջվեցին:  
2007թ. Մախսուդյանը պատգամավոր է դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով: Ասում են՝ «ԲԱՄՕ»-ի խնամի սեփականատերերն են միջնորդել Ծառուկյանին՝ Մախսուդի Վահագին պատգամավոր դարձնել, Ծառուկյանն էլ չի մերժել: Իհարկե, Մախսուդյանը միշտ վիրավորվում, անգամ դատարանների դռներին է հայտնվում, երբ հիշեցնում են, որ պատգամավոր է դարձել փեսայի շնորհիվ, նաեւ վիրավորվում ու դարձյալ դատարան է գնում, երբ հիշեցնում են ԱԺ-ից տրված բացատրությունն այն մասին, որ ինքն ԱԺ-ից գումար է պահանջել ու ստացել Երեւանում բնակարան վարձելու համար… Բայց ավելի շատ նեղվում է, երբ հարազատ կուսակցության առաջնորդի մասին են ինչ-որ բան գրում կամ խոսում: Էլի է դատարաններ դիմում ու հերքում պահանջում: Երանի նման ակտիվությամբ օրենքներ գրեր, ելույթներ ունենար… Բայց երեւի նրա համար խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ պետք է օրենքներ գրել կամ ելույթներ ունենալ…
Իհարկե, շատերը հիշում են, որ մի անգամ շատ էր ակտիվացել պատգամավորը, երբ քննարկվում էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կրակն էր ընկել Մախսուդյանի ձեռքը, որովհետեւ վերջինս պահանջում էր ամենախիստ միջոցները կիրառել ապօրինի շինարարությամբ զբաղվողների նկատմամբ: Դժվար է ասել, թե ով էր տրորել Մախսուդյանի ոտքը, որ կամենում էր օրենքի խստացմամբ վրեժխնդիր լինել:
Ասում են, որ մի ժամանակ Մախսուդյանը շատ էր մտահոգված, որ հասարակական զուգարանների կառուցման հարցում օրենսդրական կանոնակարգում լինի: Այդ կապակցությամբ անգամ ելույթ էր ունեցել. «Առիթ է եղել, ակնարկել եմ, որ պիտի վճարովի զուգարաններ լինեն հանրապետության ողջ տարածքում: Ճանապարհներին սանհանգույցներ չունենք, իսկ դա շատ վատ է, օրինակ՝ գնում ենք Գառնի, Գեղարդ, մարդիկ տեղ են ման գալիս անտառներում, որ իրենց կարիքները հոգան: Եկե՛ք այսօր դա չկապենք հանրահավաքների հետ»: Իհարկե, նա դեռ ժամանակ ունի այս կարեւոր հարցը լուծելու, որովհետեւ 2012-ից նորից խորհրդարանում է, նորից ԲՀԿ համամասնական ցուցակով: Թե որ արժանիքների համար Ծառուկյանը նրան նորից խորհրդարան բերեց, երեւի գիտեն երկուսով, մանավանդ որ, ինչպես ասում են, այս անգամ փեսան քիչ է միջամտել նրա՝ պատգամավոր դառնալուն…
Խոսում են, որ Մախսուդյանը մի քանի նախարարի չի սիրում, այդ թվում` գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ում 2012-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց. «Ձեր հայրենասիրությունն ու մարտական տրամադրված վիճակը չեն կարող արդյունք ապահովել, եթե չլինեն համակարգային փոփոխություններ»: Ա՛յ սա արդեն «սկզբունքային ու համարձակ» պատգամավորի խոսք էր… Իհարկե, հազիվ թե այն բանից հետո, երբ հաստատվի ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու որոշումը, Մախսուդյանն այս եզակի «ռեպլիկները» հնչեցնի: Ու գուցե ավելի լավ, մի քիչ կհանգստանա, մանավանդ որ խորհրդարանի ամենատարեց պատգամավորներից մեկն է…
Հ.Գ. Ի դեպ, Մախսուդյանի հայրենի չոլաքարցիները, հիշելով պատգամավորի անցած տարիները, պատմում են. «Մախսուդի Վահագն այն մարդն էր, որ ամեն օր գործի էր գնում Մարտունի դատարկ ավտոմեքենայով` ուշադրություն չդարձնելով ճանապարհին կանգնած ու ցրտաշունչ ձմռան օրերին մրսող ջահել ուսանողներին»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս