Վերջերս հայտնի դարձավ, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին իրավապահ մարմինները գաղտնալսել են, գործն ուղարկել դատարան: Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից:
«Ես այդ խնդրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց փաստաբանների համար շատ կարևոր հարց է բարձրացված։ Այդ կապակցությամբ փաստաբանների պալատում մարտի 9-ին քննարկում է տեղի ունենալու։ Այդ ժամանակ կորոշենք մեր անելիքները։
Ինչ վերաբերում է փաստաբանների հեռախոսային խոսակցություններին, ապա «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է հեռախոսային խոսակցությունների վերահսկում, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ:
Նույն մասը սահմանում է նաև, որ անհապաղ ոչնչացման են ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները»: