ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Լևոն Յոլյանի և Հովհաննես Հովսեփյանի նշանակումները վարձատրություն էին «Այո»-ի շտաբում աշխատելու համար: Այս մասին նա նշեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո` լրագրողների հետ զրույցում:
«Թե՛ Լևոն Յոլյանը, թե՛ Հովհաննես Հովսեփյանը նախկինում էլ եղել են թե՛ ՀՀԿ նախընտրական շտաբի, թե՛ ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի առանցքային ներկայացուցիչ և առաջին անգամ չէ, որ նրանք ընտրվում են նախընտրական շտաբում որպես քարոզչության ներկայացուցիչներ: Եվ այս առումով սա դիտարկել որպես վարձատրություն կամ վարձահատույց լինել՝ համամիտ չեմ»,- հայտարարեց նա:
Շարմազանովի խոսքով, թե պարոն Յոլյանը, թե պարոն Հովսեփյանը սկզբունքային, պրոֆեսիոնալ անձնավորություններ են: ՀՀԿ խոսնակը նաև ավելացրեց, որ վստահ է, որ Հովհաննես Հովսեփյանի անցած ճանապարհն ու սկզբունքայնությունը նրան թույլ կտան ավելի օպերատիվ ու ամբողջական լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են այդ ոլորտի առջև: