ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐ
1894թ. հունիսի 23-ին Սորբոնի համալսարանում կայացած սպորտի միջազգային կոնգրեսում ֆրանսիացի մանկավարժ եւ հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի առաջարկով որոշվեց վերականգնել ժամանակակից օլիմպիական խաղերը, ստեղծել միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) եւ անցկացնել մրցումներ` անտիկ շրջանի օլիմպիական խաղերի օրինակով: Այդ օրը մոլորակի վրա նշվում է որպես Միջազգային օլիմպիական օր:
Ամեն տարի ՄՕԿ-ի հովանու ներքո աշխարհի բոլոր երկրներում համաշխարհային այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով միջոցառումներ են կազմակերպվում: Ավանդույթի համաձայն՝ ամենազանգվածայինը վազքարշավն է, որին մասնակցելու համար ՀԱՕԿ-ը հրավիրել էր 13-ից բարձր տարիքի վազքասերների, նրանց թվում էին նաեւ սայլակավոր մարզիկներ… Երեկոյան Հյուսիսային պողոտայում անցկացվեցին տարբեր մարզաձեւերի ցուցադրական մրցումներ, իսկ ավելի ուշ Ազատության հրապարակում կայացավ օլիմպիական օրվան նվիրված մեծ համերգ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ, օղակների արքա Ալբերտ Ազարյանի հետ, բայց մեր փոքրիկ զրույցը ոչ թե տոնական էր, այլ խնդրահարույց հարցերի շուրջ: Այն կներկայացնենք վաղվա համարում:   

ՀԵՆՐԻԽԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՍՊԱՍԵԼ
Վերջին շաբաթների հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման Դոնեցկի «Շախտյոր»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Լիվերպուլ» տեղափոխության հարցն էր:
Ֆուտբոլիստի տրանսֆերի չափի, դրա նկատմամբ հավակնությունների վերաբերյալ հնչում էին տարբեր, երբեմն իրարամերժ կարծիքներ: Եվ ահա ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրված եք իմ ֆուտբոլային գործերով, բայց ուզում եմ ձեզ խնդրել, որ ոչ միայն չանեք անհարկի մեկնաբանություններ, այլեւ կանխեք բոլոր նրանց, ովքեր, անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով,  թյուրիմացություններ են ստեղծում: Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ եւ գտնվում եմ Փարիզում: Խոստանում եմ, որ իմ ֆուտբոլային գործերի մասին ձեզ անպայման առաջինը կտեղեկացնեմ կա՛մ իմ էջի, կա՛մ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի միջոցով»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս