«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, պատրաստվում է եւս մեկ վիճակախաղ սկսել: Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա, մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են: Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել:
Քաղաքական շրջանակներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ այդ ընկերությունը կապված է մի քանի օր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակված Լեւոն Մկրտչյանի ընտանիքի հետ: «Ժողովուրդ»-ը նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից փորձեց պարզել, թե վերը նշված ընկերության հետ ինչ կապ ունեն նախարարը եւ նրա եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Կրթության եւ գիտության նախարարը ոչ մի առնչություն չունի այդ ընկերության եւ բիզնեսի հետ: Իսկ Վահագն Մկրտչյանը, ինչպես գիտեք, հատնի գործարար է»: Ի դեպ, «Արմենիա» գինու գործարանն էլ է նույն Մկրտչյանի հետ կապվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: