ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ` ՀԱՅՈՒՀՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԱՍԻՆ
Մինչ մերոնք կինոնախագծերի հայտերի ընդունման մասին հայտարարություն են տարածում, պարզվում է՝ «Ay Yap» թուրքական մեդիա-ընկերությունը «Kanal D» հեռուստաալիքի հետ համատեղ պատրաստվում է նոր սերիալ նկարել:
Ինչպես հաղորդում է aznews.az-ը, հեռուստասերիալը ներկայացնելու է հայ աղջկա եւ ադրբեջանցի տղայի սիրո պատմությունը: Այսինքն` թուրքերն էլ յուրովի են պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ դեռ պարզ չէ, թե ինչպիսի հայուհու կերպար են նրանք ներկայացնելու: Դե, իսկ ադրբեջանցին հաստատ կլինի բարեգութ, մեծահոգի… Եվ մենք հիշեցինք «Եթե բոլորը…» հայկական կինոնկարը, որտեղ նույնպես ադրբեջանցին բարեսիրտ ու բարեգութ էր, հայ տղամարդիկ` հարբեցող ու մեքենա առեւանգող, իսկ հայ կանայք` գեր ու ամեն ինչից դժգոհ…
Վերոնշյալ լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ սերիալի գլխավոր դերակատարներն են լինելու Մարիամ Ուզերլին եւ Կիվանչ Թաթլըթուղը. այս պահի դրությամբ դերասանների հետ բանակցություններ են վարվում: Ակնկալվում է, որ հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2014թ.:

ՉԵ՞Ն ՈՒՇԱՑԵԼ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայոց ցեղասպանության հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջազգային հանձնախումբն ընդունում է կինոնախագծեր: Հայտերն ընդունվում են մինչեւ ս. թ. հունիսի 30-ը:
Հայտարարության մեջ չկան մանրամասներ, օրինակ, այն մասին, թե երբվանից են ընդունվել կինոնախագծերի հայտերը, ու եթե հայտարարությունը նոր է տարածվել, արդյոք  նշանակում է, որ հենց այդ օրվանից են դրանք ընդունվելու: Այդ դեպքում բնական հարց է ծագում` ինչո՞վ է պայմանավորված ժամկետի` այդքան կարճ լինելը: Իսկ ընդհանրապես մեզ թվում է, որ կինոնախագծերի հայտեր ընդունելու վերաբերյալ հայտարարությունն ուշացած է: Չէ՞ որ մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այսինքն` 2015 թվականի ապրիլի 24-ը, լուրջ կինոնկար նկարահանելու համար քիչ ժամանակ է մնացել: Չպետք է մոռանալ նաեւ, որ ֆիլմը նկարահանելուց հետո պետք է տեղի ունենան շնորհանդեսներ, զանազան այլ միջոցառումներ:
Վերջում հիշեցնենք, որ կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնն են:

Նյութերը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ




Լրահոս