ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Հունիսի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Դահլիճում մենք չնկատեցինք ֆիլմի գլխավոր դերակատար Աննա Հարությունյանին, որն անակնկալի է եկել, երբ իմացել է, որ պրեմիերան կայացել է: «Բրավո»-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին տեղեկացրել է, որ երեկ առավոտյան դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից. «Նկարահանումներից հետո սպասում էի իմ կերպարի ձայնային հնչյունավորմանը, որ կատարելու էի ես, բայց դա այդպես էլ չեղավ. իմ փոխարեն այլ անձ է ձայնագրվել, ինչը նշանակում է, որ խախտվել են հեղինակային իրավունքներս: Ֆիլմն արդեն բարձրացել է մեծ էկրան, ես էլ արդեն փաստ ունեմ, դիմել եմ դատարան` խնդրելով ու պահանջելով, որ բավարարեն իմ հայցը»:
Աննա Հարությունյանը նաեւ նշել է, որ ֆիլմի աշխատակազմից եւ ոչ ոք իր հետ չի կապվել. «Իրենց հետ չեմ շփվել եւ հետագայում պատրաստվում եմ հանդիպել դատարանում: Յուրաքանչյուր դերասանի համար շատ կարեւոր է իր կատարած աշխատանքը, իսկ այս ֆիլմի համար ես ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես փայլուն աշխատանք եմ տարել: Ցանկանում էի իմ կերպարը լիարժեք տեսնել, իսկ այս դեպքում այն թերի է: Ստեղծված վատ իրավիճակը մյուս կողմից իր դրական կողմն ունի, որովհետեւ վերջապես ես այս հարցը կբարձրացնեմ, եւ շատ դերասաններ, որոնք ինձ նման խնդիրներ են ունեցել կամ կունենան, թույլ չեն տա իրենց իրավունքները ոտնահարել: Դատարանը կորոշի` որտեղ է սուտը, որտեղ` ճշմարտությունը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ