Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առէկսիմբանկ»-ը: Այժմ բանկը հավաքագրում է ընկերության գույքը, եւ առաջիկայում տեղի կունենա դրա աճուրդը: Արդեն տեղեկացրել ենք, որ «Քինգ դե լյուքս»-ի գույքը ցանկություն ունի գնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը:
Ինչպես հայտնի է` Արթուր Հարությունյանը` Պալաչը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն նրանց հարաբերությունները երկար ժամանակ է, ինչ սրված են: Արթուր Հարությունյանը տարիներ շարունակ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր համարվում եւ իր ողջ ունեցվածքը ձեռք է բերել հենց Ծառուկյանի կապերի շնորհիվ` տարբեր մարդկանցից ունեցվածքը խլելով: Այնուհետեւ նա երկար տարիներ փորձում էր անդամագրվել ՀՀԿ-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չէր ստացվում, իսկ արդեն անդամագրվելուց հետո նրան հեռացրին կուսակցության շարքերից` առանց համաձայնության Աբովյանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրվելու հանդգնության համար:
Ծառուկյանի եւ Պալաչի միջեւ հակամարտությունը հատկապես սրվեց 2012 թվականից, երբ վերջինս «դավաճանելով» ԲՀԿ առաջնորդին` անդամագրվեց ՀՀԿ-ին: ԲՀԿ նախկին առաջնորդն իր սանիկին պատժելու համար սկսեց գործարկել իր բարեգործական երթուղիները` այդկերպ խոչընդոտելով Պալաչին պատկանող Երեւան-Աբովյան երթուղու գործունեությանը: Հարությունյանն ամեն կերպ պայքարում էր, որպեսզի Ծառուկյանը դադարեցնի իր բարեգործական երթուղիների շահագործումը, սակայն ապարդյուն:
Իհարկե, այս ամենից հետո սանիկը հասկացավ, որ իր միակ փրկությունը նորից քավորին հավատարմություն հայտնելն է: Եւ սրան հաջորդեց Պալաչի ինքնախոստովանությունը, թե ցավում ու ափսոսում է, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ է տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ: «Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին եւ կխնդրեմ նրան արժանապատիվ լուծումներ գտնել»,- 2012 թվականին հայտարարեց Ա. Հարությունյանը: Արդյունքում` Ծառուկյանը ներեց սանիկին: Ավելին՝ նա Պալաչին օգնեց նաեւ ձեռք բերել «Աբովյան» հեռուստաընկերությունը (ըստ որոշ տեղեկությունների՝ Հ/Ը-ն գնվել է 2014 թվականի հոկտեմբերին):
Սակայն կարճ ժամանակ անց Պալաչը դարձյալ սկսեց «համը հանել» եւ իրեն վատ պահել: Վերստին սրված հարաբերությունների արդյունքում էլ 2015 թ. նա առաջադրց իր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Ընդ որում, այդպիսով նա դեմ գնաց ոչ միայն Ծառուկյանին, այլեւ «հարազատ» ՀՀԿ-ին, քանի որ ինքնաառաջադրվեց` ի հակառակ կուսակցական որոշման, որն այլ թեկնածուի սատարելու մասին էր հայտարարել: Սրա համար Պալաչը հեռացվեց ՀՀԿ-ից եւ ընտրությունների ժամանակ պայքարեց ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի առաջադրած համատեղ թեկնածուի դեմ: Հենց այդ պատճառով էլ Հարությունյանը նախ՝ զրկվեց Աբովյանում միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնելու լիցենզիայից, ապա՝ նրան պատկանող ընկերությունը սնանկ ճանաչվեց վարկային պարտավորությունները չկատարելու համար: Այն փաստը, որ սնանկության գործընթացը սկսվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո, կասկածի տեղիք չթողեց կատարվածի պատճառահետեւանքային կապի շուրջ:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով անցած տարվա հունիսի 19-ին Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկ ճանաչվեց: Իսկ անցած տարվա սեպտեմբերից սկսվեցին սնանկության գործով դատական նիստերը: Ի դեպ, ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առէքսիմբանկը», քանի որ Արթուր Հարությունյանը համարվում է տվյալ բանկի վարկառուն եւ չի կատարել վարկային պարտավորությունները: Բացի այդ, այս տարվա սկզբին էլ սնանկ ճանաչվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Հարությունյանը փորձել է կրկին գնալ Ծառուկյանի մոտ եւ ներողություն խնդրել, սակայն վերջինս նրան չի ընդունել: Մեր այն հարցին, թե արդյոք Գ. Ծառուկյանը կրկին պատրաստվում է ներել Ա. Հարությունյանին, Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը Արթուր Հարությունյանին ո՛չ տեսնելու եւ ո՛չ էլ հանդիպելու ցանկություն ունի»:
Ստացվում է, որ Արթուր Հարությունյանը, Ծառուկյանի շնորհիվ դառնալով հայտնի գործարար, ի վերջո, հենց նրա միջոցով էլ սնանկացավ: Եւ չի բացառվում, որ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը առաջիկայում կգնի Հարությունյանի ողջ գույքը:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության Երեւան-Չարենցավան եւ Երեւան-Աբվոյան երթուղին չի աշխատում, ինչի պատճառով Աբովյանի եւ Չարենցավանի բնակիչները մի քանի օր շարունակ չէին կարողանում մեկնել Երեւան եւ վերադառնալ: Երեկ, սակայն, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված երթուղիները սպասարկող հասարակական տրանսպորտը արդեն աշխատում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ