ՀԱՐՑ. Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք կոնկրետ ո՞ւմ կարող է տրամադրվել: Եվ խնդրում եմ ասել, թե ում կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության որոշմամբ պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝
1) համայնքներին,
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
3) հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին,
4) միջազգային կազմակերպություններին,
5) ֆիզիկական անձանց,
6) անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ կազմակերպությունների:
Պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում ՀՀ կառավարության որոշման հիման վրա, որով կարող են սահմանվել նաեւ անհատույց օգտագործման տրամադրման այլ պայմաններ:
Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից՝ օգտագործողի հետ կնքելով նաեւ սպասարկման պայմանագիր:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից այնքան էլ պարզ չէ, թե մեզ դիմած քաղաքացին կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում եւ ինչի համար է ցանկանում ձեռք բերել այդ իրավունքը: Բայց պատասխանն ընթերցելուց հետո ավելի հստակ կիմանա իր քայլերի մասին: