Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգը «կնստի՞» եվրոպացու լեզվի վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի` «LoveWave»-ի եւ դրա տեսահոլովակի պրեմիերան: Մի կողմից յութուբյան դիտումները ցույց են տալիս, որ Իվետա Մուկուչյանի կատարումը հասցրել է հավաքել շուրջ 233 հազար դիտում, մյուս կողմից անհնար է չնկատել, որ հայերիս շրջանում եվրատեսիլյան թեման մարել է, այն այլեւս ակտուալ չէ:

Եթե տարիներ առաջ եվրատեսիլյան երգերի պրեմիերաները ուղեկցվում էին բուռն քննարկումներով, վեճերով ու սկանդալներով, ապա վերջին տարիներին մեր հանրությունը նույն ակտիվությամբ աչքի չի ընկնում, այս տարի, օրինակ, շատերը նույնիսկ չեն էլ լսել երգը: Եվ պատճառն ամենեւին էլ մեր երգչուհու պրոֆեսիոնալիզմը կամ մասնագիտական որակները չեն. մրցույթի հանդեպ հետաքրքրությունն է կորել:

Դրա պատճառներից մեկն էլ կարելի է գտնել սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններում, որտեղ նրանք նշում են, թե իրենք արդեն սովոր են, որ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայանալու է չհիշվող, չտպավորվող, իսկ հաճախ էլ` եվրոպական լայն զանգվածների համար անհրապույր կամ ոչ մատչելի երգով: Մյուս պատճառն էլ այն է, որ շատերն, առհասարակ, լուրջ չեն վերաբերվում այս մրցույթին` նշելով, թե դա քաղաքականացված շոու է եւ այլն: Այնուամենայնիվ, մեզ նման փոքր երկրի արտիստի համար «Եվրատեսիլ»-ը դրսեւորվելու եւ ճանաչվելու լավագույն հարթակներից մեկն է, ուստի, թերեւս, ճիշտ կլիներ օգտվել առիթից եւ բաց չթողնել Եվրոպայի սիրտը շահելու առիթը:

Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««LoveWave»-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել եւ ոչնչացնել, հզորացնել եւ թուլացնել, բաժանել եւ ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժե պայքարել…»: Թե որքանով է «LoveWave»-ը կարողացել փոխանցել այս մեսիջը` վիճելի հարց է. այս մասին կարծիքները հակասական են:

Լրագրող, հաղորդավար Արմեն Դուլյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս մեր երգը, կներեք, նման է շատ սիրուն դիմահարդարում արած, նորաձեւ շորեր հագած աղջկա… Ախր, որ հանվեցնես ու լողացնես՝ տակը բան չի մնա… Բայց ես, իհարկե, ո՛չ երաժշտությունից եմ բան հասկանում, ո՛չ էլ աղջիկներից…»:

Իսկ, օրինակ, «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը, ով 2013-ին իր խմբով ներկայացրել է Հայաստանը եվրատեսիլյան բեմում, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չի հասկացել, թե որն է, այսպես ասած, եվրատեսիլյան ֆորմատը, եւ իր համար դժվար է ասել, թե ինչը կարող է գրավել եվրոպացիներին. «Ճիշտն ասած` ցանկություն էլ չունեմ հասկանալու. դա պրոդյուսերների խնդիրն է: Իսկ Իվետա Մուկուչյանի երգը լավն էր, ինձ դուր է եկել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:

Հակառակ կարծիքին է բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նախ շեշտեց, որ ինքն անտարբեր է այս մրցույթի հանդեպ, ապա խոստովանեց, որ երգն իր վրա որեւէ տպավորություն չի թողել. «Հերթական մի երգ` գեղեցիկ երգչուհու կատարմամբ: «Եվրատեսիլ»-ում քվեարկությունը քաղաքականացված է, ամենալավ երգն էլ կարող է քիչ միավորներ հավաքել: Իսկ մեզ չի հաջողվում եվրոպացու հոգին մտնող երգ ներկայացնել: Այն, ինչ մատուցում ենք, հիմնականում հայաստանցու ճաշակով է: Գուցե երգչուհու մոտ կա լավ պոտենցիալ, բայց երգը հաջողված չէ, այն չհիշվող է եւ չի մտնի եվրոպացու ուղեղը, չի «նստի» նրա լեզվի վրա»:

Բոլորովին այլ կարծիքի է երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով միջազգային մրցույթների մասնակցելու որոշակի փորձ ունի. «Օրիգինալ, հետաքրքիր, կրեատիվ երգ է, ինձ դուր եկավ, բայց մինչեւ չլսեմ «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների երգերը, ոչինչ չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Ուկրաինայի ներկայացուցչի երգը նույնպես լավն է: Իսկ, առհասարակ, ես սիրում եմ այս մրցույթը եւ սիրով կհետեւեմ մեր մասնակցի ելույթին»,-ասաց նա:

Թե ինչ հաջողություն կունենա Իվետա Մուկուչյանի երգը, ցույց կտա ժամանակը, իսկ մենք Իվետային մաղթում ենք հաջող ելույթ: Նշենք, որ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է «Come together» (Միավորվենք):

Աննա Բաբաջանյան




Լրահոս