Հայաստանում հնարավոր կլինի բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի. ովքեր կարող են դառնալ շահառու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի բաղադրիչներից մեկը  բնակարանային ապահովման պետական ծրագրում բարեփոխումներն են, որոնք հնարավորություն կտան առանց կանխավճարի դառնալ շահառու և ձեռք բերել բնակարան:

Ըստ ծրագրի՝ բնակարանի առավելագույն գին դիտարկվել է 15 մլն դրամը՝ նորակառույցների դեպքում, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով հանդերձ, կկազմի 73 հազար դրամ ամսավճար:  Մյուս տարբերակով հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12 տոկոսով, որի դեպքում 2 տոկոսը սուբսիդավորվելու  է, և դրանից կարող են օգտվել միջինը 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ քաղաքացին ամսական պետք է տա մոտ 70 հազար դրամի ամսավճար:

Այսօր գործող ծրագրով կանխավճարի համար անհրաժեշտ է 1.6 մլն դրամ՝ մարզերում, 4.8 մլն դրամ՝ Երևանում: Ծրագրից օգտվելու իրավունք ունեն ամուսնական այն զույգերը, որոնք գտնվում են 30 տարեկանի միջակայքում, սակայն ամուսնական միջին տարիքն ավելի բարձր է, և մինչև որոշում են լուծել բնակարանի խնդիրը՝ ընդհանրապես տարիքային շեմից անցնում են:

«Հնարավոր փոփոխությունն է՝ կանխավճարի շեմի նվազում և տարիքային շեմի բարձրացում»,- այդ թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանը:




Լրահոս