Շատ կարևոր է, որ քաղաքական ուժն ակտիվ լինի նաև տեղական մակարդակով. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք եւ Վայոց ձոր, տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդդիմադիր կուսակցություններից շատերը, սակայն, այս անգամ եւս որեւէ հետաքրքրություն չեն դրսեւորում ՏԻՄ ընտրությունների հանդեպ, եւ դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանք առաջադրելու են իրենց թեկնածուներին առաջիկա ՏԻՄ ընտրություններում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, «Հայ ազգային կոնգրես»-ն այժմ քանի՞ տարածքային կառույցներ ունի:

-2008 թվականից մենք ստեղծում ենք դրանք: Սկզբից մազկենտրոններում ստեղծեցինք, հետո մտանք ամեն շրջան: Կարելի է ասել՝ նախկին սովետական բաժանման շրջաններում մենք կառույցներ ունենք, բացառությամբ մի քանիսի: Ընդհանուր 5000 մարդ է, բայց ռեալ, ոչ թե փուչիկ: Հիմա որ կուսակցությանը հարցնես, կասեն՝ կա՛մ 150.000 մարդ են, կա՛մ 50.000, կա՛մ 200 000: Վստահ եղեք, որ նման մեծությունների կուսակցություններ չկան, գոյություն չունեն Հայաստանում: Միգուցե ֆորմալ առումով միայն ՀՀԿ-ն կարողանա համարվել այդպիսի մեծ կուսակցություն, բայց այն պատճառով, որ մարդիկ մտնում են այդ կուսակցություն պաշտոններ ստանալու համար, որովհետեւ շատերին նման պայմաններ են առաջարկում:

-Իսկ ՀԱԿ տարածքային կառույցներն ինչպիսի՞ ակտիվությամբ են այժմ գործում:

-Վերջին ակտիվ գործողությունը հանրաքվեն էր, որտեղ միայն ՀԱԿ-ի տարածքային կառույցներն են աշխատել: Դա համատարած կարծիք է, բոլորը, այդ թվում օտարերկրյա դիվանագետները, ովքեր դիտարկել են ընտրությունները, ասել են, որ կեղծիքներին դիմադրել են քաղաքացիական հասարակությունը եւ ՀԱԿ-ի տարածքային կառույցները: Մեր կառույցները կան, երեւացող են, գործ անող են, այլ ոչ թե փուչիկ, ինչպես շատ ամպագոռգոռ խոսացող քաղաքական ուժերի կառույցները:

-Պարո՛ն Զուրաբյան, ապրիլի 17-ին ՀՀ տարբեր մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Արդյո՞ք ՀԱԿ-ը թեկնածուներ կառաջադրի այդ ընտրություններում:

-Մենք հասկանում ենք, որ ամենամեծ իմաստն ունի մասնակցել նախագահական ընտրություններին, որովհետեւ այդ ժամանակ ժողովուրդը, այնուամենայնիվ, ինչ-որ շանս տեսնում է եւ գնում է լուրջ պայքարի: Երկրորդ նշանակությունն ուներ Ազգային ժողովի ընտրությունները: Մինչեւ մենք երկրում չփոխենք իշխանությունը, ՏԻՄ ընտրություններին իմաստ չունի մասնակցել, որովհետեւ ակնհայտ է, որ ժողովուրդը չի գնա ռիսկի եւ աջակցի ընդդիմությանը, քանզի գիտի, որ դրա համար հետո հալածվելու է, գիտի, որ իշխանությունները հետո պրոբլեմ են ստեղծելու ընդդիմադիր համայնքի կամ նրա ընդդիմադիր ղեկավարի համար: Բայց հիմա կարծես ինչ-որ պլան կա, որով ցանկանում են վերանայել ընտրական օրեսգիրքը եւ համայնքներում մտցնել կուսակցական սկզբունքը: Տեսնենք նոր ԸՕ-ն ինչ կանոններ է սահմանել քաղաքական պայքարի համար, այդ ժամանակ միգուցե իմաստ լինի ակտիվորեն մասնակցելու արդեն կուսակցական սկզբունքով անցկացվող ՏԻՄ ընտրություններին: Առավել եւս, որ դա բերում է մեզ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, եւ շատ կարեւոր է, որ քաղաքական ուժը ակտիվ լինի նաեւ տեղական մակարդակով:

-Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Սասուն Միքայելյանին: Դուք պաշտպանելո՞ւ եք նրա թեկնածությունը:

-Նման հարց մենք ընդհանրապես չենք քննարկել:

Արփինե Թովմասյան




Լրահոս