ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել: Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նոր ԸՕ-ով հերթական ընտրությունները պետք է անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 60 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Ըստ այդմ, ընտրությունները պետք է անցկացվեն  2017 թվականի ապրիլի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից ապրիլի 2-ը եւ 9 կիրակի են, հետեւաբար այդ օրերից մեկին էլ կնշանակվեն ԱԺ ընտրությունները:

Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017-ի մայիսին պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու ընտրություններ: Նոր ԸՕ նախագծով նախատեսված ժամանակացույցով  Երեւանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 8-ից 18 ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից մայիսի 14-ն է միայն կիրակի, ուստի կարելի է ենթադրել, որ հենց այդ օրը, այսինքն՝ ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս անց էլ կնշանակվեն Երեւանի ավագանու ընտրությունները: Բայց մինչ վերը նշված երկու կարեւոր իրադարձությունները, այս տարվա սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ վերջին տարիներին մշտապես հաղթել է ընդդիմությունը, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այսինքն՝ իրականում 2017-ի խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հիմնականում պայմանավորված կլինեն նրանով, թե 2016-ի սեպտեմբերին ինչպես կհանգուցալուծվեն Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս