Դատավորների սերնդափոխությունը շարունակվում է. Վերաքննիչ քրեական դատարանում պայքարն արդեն սկսվել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում առաջացած 2 թափուր տեղերի համար պայքարն արդեն սկսվել է: Այսպես, վերաքննիչ քրեական դատարանից թոշակի գնացին դատավորներ Գագիկ Ավետիսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը: Իսկ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, մութ պատմությունների արդյունքում, խնդրեց իջեցնել իր պաշտոնը եւ դարձավ շարքային դատավոր՝ զբաղեցնելով Գագիկ Ավետիսյանի տեղը: Դրանից հետո, ինչպես եւ հաղորդել էինք նախապես, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ դարձավ դատավոր Վազգեն Ռշտունին: Այժմ վերաքննիչ դատարանում 2 թափուր տեղ կա՝ թոշակի գնացած Հենրիկ Տեր-Ադամյանի եւ նախագահ դարձած Ռշտունու:

Մեր տեղեկություններով՝ վերաքննիչ գնալու հավակնություններ ունեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը եւ Գեղարքունիքի մարզի դատարանից Վահագն Մելիքյանը: Շատ հնարավոր է՝ նրանց «մուրազն» իրականանա: Ի դեպ, դատական համակարգում սկսված «պաշտոնս իջեցրու» մոլուցքով վարակված մեկ այլ՝ Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ, այժմ այդ դատարանում շարքային դատավոր Սամվել Ուզունյանը, մեր տեղեկություններով, այժմ էլ ցանկանում է դառնալ մարզային դատավոր եւ աշխատել Ապարանի դատարանում:

Նշենք, որ թոշակի գնացողները դատական համակարգում այս տարի էլ քիչ չեն․ հերթի մեջ են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը: Մարզայիններից թոշակի կգնա Կոտայքի մարզի դատավոր Յուրի Բաղդասարյանը, վերաքննիչ քրեական դատարանից՝ Արարատ Պետրոսյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանից՝ Գայանե Կարախանյանը։ Թոշակի կգնա նաեւ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս