ԵԽԽՎ ամառային նստաշրջանում երեկ քննարկվել է «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցը: Այս կապակցությամբ ելույթ են ունեցել նաեւ հայկական պատվիրակության անդամները, սակայն միայն ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է խոսել Հայաստանում տիրող կոռուպցիայի մասին:
Զուրաբյանը հայտարարել է, թե ժողովրդավարությունն ու կոռուպցիան փոխկապակցված են, եւ բերել է Հայաստանի օրինակը: «Հայաստանը ԵԽ անդամ այն մի քանի երկրներից է դարձել, որտեղ իշխանության փոփոխությունն անհնար է իրականացնել ընտրությունների միջոցով: Իրականում այն, ինչ մենք այսօր ունենք Հայաստանում, դասական գողապետություն է, որտեղ մի քանի օլիգարխներ, այդ թվում՝ նախագահը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, առեւանգել են պետական մեքենան, եւ այն վեր են ածել անօրինական հարկային եւ մաքսային արտոնությունների միջոցով ձեւավորված մենաշնորհների շահերը սպասարկող մի մեխանիզմի»,-ասել է նա եւ որպես օրինակ մատնանշել վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային վերջին սկանդալը: Զուրաբյանը նաեւ ԵԽԽՎ-ին կոչ է արել առանձնահատուկ ուշադիր վերահսկողության ռեժիմ ցուցաբերել այն երկրների հանդեպ, որոնք ժողովրդավարության ու կոռուպցիայի անտեսման տեսանկյունից գտնվում են ցանկի ստորին հատվածում:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների կոռումպացվածության մասին: Ըստ նրա՝ Ադրբեջանը կիրառում է «խավիարային քաղաքականություն», ինչի արդյունքում շատ կազմակերպություններ լռում են այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին: «Բաքվի ամենակարող նավթոտ թաթը հասել է անգամ Օբամայի վարչակարգ»,-հայտարարել է Զոհրաբյանը՝ կոչ անելով հետեւություններ անել: «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է քաղաքական կոռուպցիան քայքայում ժողովրդավարական արժեքները, տեսնում ենք, թե ինչպես են հենց մեր վեհաժողովում շատ հարգարժան պատգամավորներ դառնում այս կամ այն երկրի վճարովի լոբբիստը, բայց չենք ուզում ընդունել, որ քաղաքական կոռուպցիան այլեւս հասել է այնպիսի մի սահմանագծի, որ լռության ցանկացած օր հավասարազոր է մեր կառույցի հիմնարար արժեքների անվերադարձ փլուզման»,-ասել է նա:
Ադրբեջանի կողմից կոռուպցիոն դրսեւորումների մասին է խոսել նաեւ ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում մենք հանդիպել ենք ոչ պատշաճ լոբբինգի դրսեւորման դեպքերի: Դրա ակնառու օրինակն է պարոն Շտրասերի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ զեկույցի ձախողումը: Սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոչ պատշաճ լոբբինգի իրական մի օրինակ է, որը մենք չպետք է հանդուրժենք,-նշել է նա՝ կոչ անելով,-եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել, մենք պետք է սկսենք մեզանից»:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՍԵԼ Է ԵԽԽՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ