Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ուժի մեջ կլինի ևս 4 ամիս. ի՞նչ կլինի հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարարները հաճախակի են բողոքում, որ տարատեսակ տեսչական ստուգումներն անտեղի են ու չհամակարգված: Այս խնդիրը կարգավորելու համար անցած տարվա հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կես տարով տնտեսվարողների գործունեությանը չմիջամտել եւ տեսչական ստուգումները դադարեցնել: Վարչապետի այս հանձնարարականից անցել է ուղիղ 7 ամիս: Սակայն «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացավ, որ տեսչական ստուգումները վերսկսվելու են միայն այս տարվա հուլիսի 1-ից:

ՀՀ վարչապետն իր այս որոշումը պայմանավորեց նրանով, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ բողոքում են անհարկի տեսչական ստուգումներից, որոնք ավելորդ խոչընդոտներ ստեղծում իրենց գործունեության համար: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009-2010 թվականներին եւս արգելվեց բոլոր տեսչական ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում: Որոշման նպատակն էր աջակցել փոքր եւ միջին բիզնեսին եւ նրանց համար ստեղծել հարկային վարչարարության բարենպաստ միջավայր: Սակայն 2013թ-ին այս արգելքը հանվեց՝ այն հիմնավորմամբ, որ մի շարք մարմիններում ներդրվել են ռիսկի վրա հիմնված համակարգեր:
Ի դեպ, ստուգումների կասեցման ժամանակահատվածում անվտանգության նկատառումներով սահմանվել են այն ռիսկային ոլորտները եւ դեպքերը, որոնց ուղղությամբ շարունակվում են ստուգումները: Որպես օրինակ տեղեկացնենք, որ ստուգումները շարունակվում են մանկապարտեզներում եւ դպրոցներում՝ երեխաների անվտանգ եւ որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտութունից ելնելով: Ստուգումներ իրականացվում են նաեւ այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմում են տնտեսվարող սուբյեկտները:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ստուգումները տեսչությունների կողմից կիրառվող գործիքներից մեկն են հնարավոր ռիսկերի կանխարգելման եւ անվտանգության ապահովման տեսանկյունից, եւ տեսչությունների աշխատակազմերը չեն կարող կազմավորվել՝ ելնելով միայն ստուգումներ անցկացնելու սկզբունքից: Դեռեւս 2009 թվականից Հայաստանում մեկնարկած տեսչական համակարգի բարեփոխումների գործընթացը համակարգվում է ՀՀ վարչապետին կից տեսչական բարեփոխումների խորհրդի կողմից: Իրականացվող բարեփոխումների շրջանակներում տեսչություններում ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, որի արդյունքում տեսչությունները ստուգումներ են իրականացնում բացառապես ստուգաթերթերի միջոցով՝ հաշվի առնելով տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը:

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն եւ հետաքրքրվեց՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2015 թվականի հուլիսի 23-ի նիստում հնչեցրած տեսչական ստուգումները մինչեւ նույն տարվա վերջը կտրուկ նվազեցնելու մասին հանձնարարականն արդյոք մնում է ուժի մեջ եւ տարածվում նաեւ տեսչությունների՝ 2016 թվականի գործունեության վրա: Մեր այս հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին հետեւյալը. «Համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, 2016 թվականի հունվարի 16-ին ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որը փոփոխություններ է նախատեսում ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիս 30-ի որոշման մեջ, մասնավորապես՝ «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինվել է «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերով»: Այսինքն՝ մեր գործարարներին ընդամենը մնացել է 4 ամիս հանգիստ շունչ քաշելու, որովհետեւ հուլիսի 1-ից կվերսկսվեն տեսչական ստուգումները:

Այնուամենայնիվ, վարչապետի հանձնարարականը այս պահին էլ դեռ շարունակում է ուժի մեջ մնալ: Հետեւաբար տեսչությունների աշխատակազմի մի զգալի մասը շարունակելու է մնալ պարապուրդի մատնված:
ՀՀ կառավարությունից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետը հանձնարարի կրճատել տեսուչների աշխատակազմի մի մասին, առավել եւս, որ բազմիցս հայտարարվել է պետբյուջեի ծախսերը կրճատելու անհրաժեշտության մասին:
Մեր այս հարցին գրավոր պատասխանեց էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը: «Բարեփոխումների այս փուլում աշխատանքներ են տարվում տեսչությունների օպտիմալացման եւ տեսչական մարմինների ձեւավորման ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում: Սակայն այս գործընթացը պայմանավորված է իրականացվող տեսչական բարեփոխումներով, որի վերաբերյալ դրույթներն ամրագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված տեսչական բարեփոխումների իրականացման հայեցակարգերում, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս