ԵՐԲ ԳՈՐԾԸՆԿԵՐԴ ԲԻԶՆԵՍ Է ԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտն առ այսօր չի արձագանքել ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին: Երեկ միայն հայտարարություն տարածեց ընդգծված արեւմտամետի համարում ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ նկատելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, եւ Ռուսաստանի քայլը դիտարկում են որպես նահանջ ռազմավարական գործընկերային հարաբերություններից:
Ռուս-ադրբեջանական ռազմական այս գործարքն ունի լուրջ ենթատեքստեր: Նախ՝ ՌԴ-ն զենք է վաճառում ու զինում իր ռազմավարական գործընկերը համարվող Հայաստանի հակառակորդին, մի երկրի, որի հետ Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմի մեջ: Ռուսական կողմը ամենեւին էլ չի փորձում արդարանալ: Նախօրեին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն էր հայտարարել, թե իրենք զենք վաճառելիս պահպանում են ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները: Իսկ երեկ էլ Երեւանում ՀԱՊԿ խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան է հայտարարել, թե սա իրենց համար բիզնես է, եւ ՌԴ-ն նույն կերպ զենք է վաճառում նաեւ շատ այլ երկրների: «Դա ՌԴ շուկան է, այլ հարց է, որ այս դեպքում ՌԴ-ն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»,-ասել է նա: Բորդյուժայի խոսքերի մեջ կա նաեւ տրամաբանություն. այնուամենայնիվ, ՌԴ-ն պարտավոր է առաջնորդվել ոչ թե Հայաստանի, այլ իր երկրի շահերով: Իսկ տվյալ դեպքում իրենց շահը թելադրում է 1 մլրդ դոլարի զենք վաճառել, շահույթ ստանալ եւ այլն, եւ այլն: Առավել եւս, երբ նույն ՌԴ-ն ռազմական ներկայություն ունի Հայաստանում, ասել է թե՝ իրենց տրամաբանությամբ նրանք փորձում են այդպես հավասարակշռություն պահպանել:  Սակայն այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք. ՌԴ-ն իր գործողություններով (այդ թվում՝ Հայաստանում ռազմական ներկայությամբ) պարզապես նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների ավելացմանը, ինչն էլ հանգեցնում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության սրման: Սա, բնականաբար, իր հետեւանքն է ունենում նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վրա՝ ավելի բարդացնելով հարցի լուծումը: Այնպես որ, լավ կլիներ, եթե նաեւ քաղաքական ուժերը գնահատական տային կատարվածին:

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

Երեկ ռուս-ադրբեջանական գործարքին վերջապես ստիպված են եղել անդրադառնալ նաեւ ՀՀ իշխանության ներկայացուցիչները. ՀԱՊԿ երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել ոչ միայն քանակական, այլեւ որակական առավելությունների շնորհիվ, եւ այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում եւ յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաեւ մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն»: Նա նաեւ խոսել է սպառազինությունների մրցավազքի մասին՝ ասելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է սպառազինությունների ձեռքբերման մրցավազքի մեջ ներքաշել նաեւ Հայաստանին: «Բայց մենք հենց այնպես, կուրորեն չենք ներքաշվում, եւ մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում»,-ասել է Օհանյանը։ Նկատեցի՞ք՝ ՀՀ իշխանություններն ամենեւին չեն անհանգստանում կատարվածից կամ գոնե որեւէ ակնարկ չեն անում իրենց ռազմավարական գործընկերոջ երկակի բիզնես խաղերի կապակցությամբ: Ավելին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այս հարցում այնքան առաջ է գնացել, որ ռուսներից ավելի ռուս է փորձել գտնվել. «Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ի պես պետությունն ունի իր ինքնիշխանությունը եւ կարող է զենք վաճառել կամ գնել աշխարհի ցանկացած երկրի: Մենք պետք է ողջախոհ լինենք եւ հասկանանք այդ պարզ ճշմարտությունը, կարեւոր է նաեւ, որ հայ-ռուսական ռազմական գործակցությունը զարգանում է, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների արդիականացման առումով»:
Հ.Գ. Պատահական չէ, որ այսքանից հետո երեկ՝ Ադրբեջանում կայացած զորահանդեսի ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով: «Գաղտնիք չէ, որ օրեցօր Ադրբեջանը դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք ցանկացած տեսանկյունից մի քանի անգամ գերազանցում ենք մեր թշնամիներին, որոշ ուղղություններով՝ նույնիսկ ավելի քան10 անգամ…Եվ այդ տարբերությունը ժամանակի ընթացքում մեծանալու է, քանի որ մենք հեռանկարներ, զարգացման ուղի ունենք»,-ասել է նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս