Հրազդանի կիրճի հարեւանությամբ գտնվող Ձորափ բնակելի համալիրի, մասնավորապես Ձորափի 40 հասցեի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանք չնայած պարտաճանաչ վճարել են սպառած գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի կոմունալ վարձերը, այնուամենայնիվ, չեն ջեռուցվում:
Տեղեկացնենք, որ Ձորափի 40 հասցեի էլիտար շենքի կառուցապատող «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են Արմեն Մկոյանը, Ամատունի Տոնոյանը եւ Հայկազ Բախշեցյանը: Իսկ շենքի համար սպասարկման ծառայություններ իրականացնում է «Էլիտ սերվիս» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Լարիսա Մկոյանը, Հայկ Ֆարմանյանը, Արմեն Մարկոսյանը եւ Ռոման Ստեփանյանը: Ի դեպ, վերոնշյալ երկու ընկերությունները պատկանում են նույն Մկոյաններին:
Պարզվում է՝ կառուցապատողը մի շարք թերություններով է շահագործման հանձնել շենքը, ինչի հետեւանքով սպասարկումն էլ է թերություններով ընթանում:
Օրինակ՝ շենքն ունի կաթսայատուն, որը նախատեսված է մեծ թվով բնակիչների համար, բայց քանի որ շենքում քիչ թվով մարդ է բնակվում, դրա համար էլ նրանք հսկայական գումարներ են վճարում: «Ժողովուրդ»-ին դիմած բնակիչների խոսքերով՝ եթե շենքն ամբողջությամբ բնակեցված լիներ, ապա նման խնդիրներ չէր առաջանա: Օրինակ՝ շենքն ունի ավելի քան 100 բնակարան (որոնք, ի դեպ, վաճառված են), բայց փաստացի այնտեղ 31-32 բնակարան է բնակեցված: Եւ 31-32 բնակարանատեր վճարում է ավելի քան 100 բնակարանատիրոջ համար:
Սակայն արդեն մի քանի օր է, ինչ նշված շենքի բնակիչները նոր խնդրի առաջ են կանգնել. վերջիններս հրաժարվում են շենքի սպասարկման վարձը վճարել, քանի որ պնդում են, որ շենքում մաքրությունն ու անվտանգություն ասվածն ընդհանրապես չի պահպանվում: Բայց միաժամանակ նրանք պարտաճանաչ կերպով վճարում են սպառած գազի, էլէներգիայի եւ ջրի վարձերը: Սակայն «Էլիտ սերվիս»-ը վճարված գումարից առանձնացրել է իր սպասարկման վճարը եւ «Գազպրոմ Արմենիա»-ին վճարումներ չի արել, ինչի հետեւանքով դադարեցվել է գազամատակարարումը:
Սպասարկող ընկերության՝ «Էլիտ սերվիս»-ի ներկայացուցիչ Հասմիկ Մկոյանը խնդրի առնչությամբ խճճված պատասխան տվեց մեզ. «Չենք միացնելու, մինչեւ չվճարեն: Իրենք հրաժարվում են գազի, էլէներգիայի վարձերը վճարելուց»: Երբ նրան փոխանցեցինք բնակիչների պնդումները, որ իրենք գազի եւ էլէներգիայի վարձերը վճարել են, չեն վճարել միայն սպասարկման վարձը, տիկին Մկոյանն անդրդվելի մնաց:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ բնակիչների իրավաբան Վահե Մնացականյանի հետ: «Բնակիչների կողմից պետք է առանձին համատիրություն ստեղծվի: Եւ որոշեն՝ եթե իրենց ընդհանուր ջեռուցում անհրաժեշտ չէ, ապա հրաժարվեն դրանից եւ անհատական գազ քաշեն: Իրենք չեն համարվում ո՛չ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ո՛չ «Գազպրոմ Արմենիա» եւ ո՛չ էլ «Երեւան ջուր» ՓԲԸ-ների բաժանորդներ: Այստեղ «Էլիտ սերվիսը» գնում ու այն վաճառում է բնակիչներին: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է «Էլիտ սերվիս»-ը հանդես գալիս միջնորդի դերում»,- նկատեց Վ. Մնացականյանը: Ի դեպ, բնակիչների համար չկա էլէներգիայի համար սահմանված գիշերային եւ ցերեկային սակագինը: Նույնն է, թե` «լեւի լույս են» օգտագործում:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ շենքը չունի վերջնական ենթակայան, որը կկարողանա շենքի բնակիչներին առանձին էլէներգիա մատակարարել: Շենքը էլեկտրաէներգիայով սնվում է այլ աղբյուրներից:
Պազվում է` «Էլիտ սերվիս»-ը բնակիչներին յուրաքանչյուր ամսվա վերջին հաշիվ է ներկայացնում, բայց երբ բնակիչը պահանջում է ներկայացնել կատարած ծախսերը, որպեսզի հասկանա, թե ինչի համար է վճարում, սպասարկող ընկերությունը հրաժարվում է այն տրամադրել: Եւ բնակիչների համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե որ ամսին կոնկրետ ծառայությանը որքան գումար է տրամադրվել:
Այս պահին, կարծես թե, այս հարցը օդում է կախված, բնակիչներն էլ ո՛չ տաք ջուր ունեն, ո՛չ ջեռուցում: Մենք կհետեւենք այս պատմության հանգուցալուծմանը. ի վերջո, կարող էին դատի տալ բնակիչներին, այլ ոչ թե հաշվեհարդար տեսնել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ