Դերասանուհի, բեմադրիչ Լիլի Էլբակյանը շուտով հանդես կգա նոր ներկայացման շրջանակում, նա պատրաստվում է նաեւ երկու նոր գործ բեմադրել: Լիլին «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի իր ծրագրերից, խոսել է բեմադրվող պիեսների մասին` նկատելով, որ դրանցում հաճախ չեն արծարծվում այսօրվա խնդիրները: Դերասանուհին անդրադարձել է նաեւ երիտասարդների շրջանում տարածում գտած «ցուցամոլության համախտանիշին»` ընդգծելով, որ այսօր կարեւոր չէ, թե նրանք ինչ են անում, կարեւորը, որ հայտնի լինեն:
-Լիլի՛, տեւական ժամանակ է` զբաղված եք Ձեր երկրորդ զավակի խնամքով, բեմը չե՞ք կարոտել:
-Բեմադրությունների մասով ես դադար չեմ տվել, անգամ երկու հղիություններիս ընթացքում ծանր գործեր եմ բեմադրել, օրինակ` «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Բայց վաղուց որպես դերասանուհի հանդես չեմ եկել, կարոտել եմ բեմին: Վերջապես հնարավոր կլինի այդ կարոտը մեղմել. Խամաճիկների թատրոնում մի ներկայացում կա, որտեղ խաղալու եմ Մերի Փոփինսի դերը: Ինձ համար սա նորություն է. առաջին անգամ եմ այս թատրոնում հանդես գալու որպես դերասանուհի. միշտ կատարել եմ ռեժիսորի աշխատանք: Կարծում եմ` շուտով «կվերադառնա» այն ծանրաբեռնվածությունը, որով աշխատում էի նախկինում: Մտադիր եմ նաեւ նոր գործեր բեմադրել` «Ջրահարս» տիկնիկային ներկայացումը՝ փոքրերի համար, եւ Շեքսպիրի գործերից մեկը` մեծերի համար:
-Դուք պետք է հանդես գայիք «Վարդապետի լռությունը» ֆիլմում, սակայն ծնվեց Ձեր երկրորդ երեխան եւ չհասցրիք նկարահանվել: Հիմա գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Վերջերս ունեցել եմ մի քանի հրավերներ, բայց քանի որ զբաղված էի երեխայի խնամքով, մերժեցի: Դրանից հետո առաջարկներ են եղել նաեւ սերիալներից, բայց ռիսկ չեմ անում ծանրաբեռնել ինձ դրանցով. դեռեւս սպասում եմ հարմար առաջարկի:
-Դուք դասավանդում եք հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ռեժիսորական թարմ մտքի պակաս զգո՞ւմ եք: Սկսնակ ռեժիսորներին այսօր, առհասարակ, ի՞նչն է պակասում:
-Ես դասավանդում եմ ռեժիսորական կուրսում եւ կարող եմ ասել, որ այսօր շատ լավ երիտասարդներ կան, նրանցից մեկն, օրինակ, վերջերս մեր թատրոնում ներկայացում բեմադրեց, որը մտավ խաղացանկ: Պարզապես երիտասարդներին պակասում է մարդուն լավ ճանաչելու ձգտումը: Չէ՞ որ թատրոնի կենտրոնում մարդն է, հետո նոր գալիս են էֆեկտներն ու զանազան արտահայտչամիջոցները:
-Ասում են` արվեստում չկա էֆեկտ` առանց ճշմարտության աղավաղման:
-Հիմա երիտասարդներն ամեն ինչով զբաղվում են` բացի մարդուց: Ինչո՞ւ է Համլետը բարձրանում բեմ, ինչո՞ւ է Ռոմեոն ասում այն, ինչ ասում է: Այսինքն` մարդուն, նրա հոգեբանությունը, նրա խոսքերի ենթատեքստերը բացահայտելն ամենակարեւորն է. էֆեկտները կգնան, ու կգան դրանցից ավելի լավերը, բայց մարդը կմնա անփոփոխ: Ռեժիսորի գործն էլ հենց մարդուն փնտրելն է:
-Երբ Դուք էիք ուսանող, Ձեզ համար ամենակարեւորը ի՞նչն էր:
-Այն ժամանակ թատերական ինստիտուտում մենք ուզում էինք սովորել մեզ համար, եւ չկար աստղ դառնալու միտում: Իսկ այսօր բոլորն աստղային հիվանդությամբ են տառապում. դա ինձ վախեցնում է, ես ուզում եմ աստղ չլինել, որովհետեւ այդ կերպ կնմանվեմ մյուսներին: Այսօր կարեւոր չի, թե ինչ են անում, կարեւորը, որ հայտնի լինեն: Այս ցուցամոլություն կոչվող հիվանդությունը տարածվել է բոլորի վրա, այդ թվում` ուսանողների: Աստղ դառնալու հեշտ եղանակ կա, եւ նրանք ձգտում են դեպի դա` չիմանալով, որ փառքը գալիս է աշխատանքից, ոչ թե սկզբից գալիս է փառքը, հետո նոր` աշխատանքը:
-Իսկ այսօր ստեղծվող կամ բեմադրվող պիեսների մասին ի՞նչ կասեք: Կա՞ն թեմաներ, որոնք շրջանցվում են, բայց Դուք կուզենաք, որ դրանց անդրադարձ կատարվի:
-Արվեստագետի առաքելությունն այն է, որ անտարբեր չմնա իր շուրջը տիրող երեւույթների նկատմամբ: Մենք այսօր փակում ենք մեր աչքերը եւ խաղում ենք գեղեցիկ պիեսներ, որտեղ ամեն ինչ հրաշալի է, բայց դրանք ոչ մի կերպ չեն առնչվում այսօրվա խնդիրներին: Մենք չենք տեսնում, որ այսօր մեր շուրջը կան մարդիկ, որոնց պարզապես պետք է օգնել: Իսկ արվեստագետի գործը նկատելն է ու ինչ-որ բան դեպի լավը փոխելը: Ես կցանկանայի նոր դրամատուրգիան խոսեր իմ ասած թեմաների մասին: Եվ պետք չի դա անել գռեհիկ լեզվով, կամ արատավոր երեւույթները խրախուսելու միտումով, ինչպես հաճախ լինում է. արվեստը պետք է աշխարհը դարձնի ավելի լավը:
Աննա Բաբաջանյան