Այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացնելու է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից իրացվող բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գինը սահմանելու մասին նախագիծը:
Դեռեւս 2012թ. սեպտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է իրագործել հերթական չարաբաստիկ նախագիծը, որով մի քանի ընկերություններ ստիպված կլինեն ինքնալուծարվել: Բանն այն է, որ ՀՀ վարչապետն ու Տամոժնի Գագոն համատեղ «թաքուն» ծրագրել են մենաշնորհատեր դառնալ նաեւ այդ ոլորտում: Նրանք հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման ու վաճառքի այնպիսի գին պետք է սահմանեն, որ շատ ընկերություններ, որոնք զբաղվում էին ՀԴՄ-ների ներկրմամբ, պարզապես դադարեն գործել: Եվ այսուհետ յուրաքանչյուր նոր բացվող ընկերություն ստիպված է լինելու ՀԴՄ գնել բացառապես հարկային տեսչությունից: Ու քանի որ չկա մրցակցություն, չի լինելու նաեւ գների իջեցում:
Ինչպես հայտնի է, այսօր հայաստանյան գործարարները հենց միայն հարկային տեսչությունից են գնում ՀԴՄ կտրոնների փաթեթները, որոնք Հայաստան է ներկրում ՊԵԿ նախագահը: Այդպես կլինի նաեւ ՀԴՄ-ների դեպքում:
Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ՊԵԿ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանից պարզել, թե ինչ գին է սահմանվել ՀԴՄ-ների համար, ու առհասարակ ինչու է նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն առաջացել: Խոսնակն ասաց, թե աշխատանքային ժամն ավարտվել է, ու ինքը չի կարող մեր հարցերին պատասխանել: Հետաքրքիր է, իսկ այն ընդհանրապես սկսվե՞լ էր ՊԵԿ լրատվականի համար:
ԳԻՆ ԿՍԱՀՄԱՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ