Հունիսի 25-ին պապական Քասղի գյուղում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն է գործել Հրազդան քաղաքի բնակիչ 29-ամյա Զոհրապը: Վերջինիս քեռին, սակայն, չի հավատում, որ նա ընդունակ էր ինքնասպանության:
Ըստ ոստիկանության պաշտոնական վարկածի` Զոհրապի դի հայտնաբերվել է նշված գյուղի կեղտամաքրման կայանի կաթսայատանը կախված վիճակում: Պարզվել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թեեւ Զոհրապն ինքնասպան է եղել հայրական գյուղում, սակայն, ինչպես տեղեկացանք գյուղի բնակիչներից, երկու որդիների հայրը ծնողների հետ ապրում էր Հրազդան քաղաքում:
Ի՞նչը կարող էր լինել երիտասարդ տղայի ինքնասպանության պատճառը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Զոհրապի քեռու՝ Սայաթի հետ:
Սայաթը կոմբայնավար է եւ դեպքի օրը եղել է Հոկտեմբերյան գյուղում: Երբ վերադարձել է տունը, գյուղի բնակիչները նրան տեղեկացրել են կատարվածի մասին:
«Շատ բարոյական ընտանիք են եւ սոցիալապես շատ ապահով վիճակում են գտնվում: Զոհրապը ոչ մի բանի խնդիր չուներ: Մի քույր ուներ ընդամենը, նա էլ ամուսնացել գնացել էր, ու ամեն ինչ իրեն էր մնացել: «Nissan» ֆիրմայի ավտոմեքենա էր քշում եւ վարորդ էր աշխատում: Շատ հաճախ գնում էր Ղարաբաղ ու հետ էր գալիս, հիմնական զբաղմունքը դա էր»,-պատմեց քեռի Սայաթը:
Երիտասարդ տղայի քեռիներն ու մորաքույրներն ապրում են Քասղի գյուղում. «Շատ հաճախ էր գալիս մեր գյուղ: Սրանից 40 օր առաջ Լեռնանիստ գյուղում տեղի ունեցավ իմ քրոջ դստեր թաղման արարողությունը: Այդ օրը տեսել եմ Զոհրապին: Խոսեցի հետը: Ոնց միշտ կար, այդպես էր, ու ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել: Հարցրել եմ, թե ոնց եք, լավ եք: Նա էլ ինձ ասել է, թե քեռի՛ ջան, ամեն ինչ լավ է»:
Ըստ մեր զրուցակցի` վերոնշյալ կաթսայատան հսկիչ Սամվել Ենոքյանը, որը Քասղի գյուղի բնակիչ է, առաջինն է տեսել տղային կախված վիճակում. «Ենոքը շողք է նկատել եւ մտածել, թե միգուցե մի մարդ բնական կարիքներն է հոգում: Առաջացել է, որ տեսնի՝ ով կա կաթսայատանը: Սարսափելի այդ տեսարանին է ականատես եղել: Ենոքը լավ գիտի Զոհրապին, սակայն այնքան վախեցած է եղել, որ չի կարողացել կախվածի դեմքին նայել: Շատ արագ վազել է իր հարեւան Աշոտի տուն ու ասել, թե կաթսայատանը մարդ կա կախված»:
Վախեցած պահակը, նրա հարեւան Աշոտը, որը եւս ինքնասպան եղած Զոհրապի քեռին է, իր որդու հետ միասին շտապել են դեպքի վայր եւ ճանաչել իրենց քրոջ կախված որդուն. «Զոհրապն այդ տղան չէր, որ իր հետ նման բան լիներ, շատ հավասարակշռված, ոչ մի խնդիր չուներ: Ահավոր շոկի մեջ ենք ու անգամ նման բան չէինք էլ կարող մտքներովս անցկացնել: Չեմ հավատում, որ Զոհրապը կգնար այդ քայլին»:
Ու թեեւ, համաձայն գյուղում պտտվող խոսակցությունների, Զոհրապն ընտանեկան խնդիրներ է ունեցել, սակայն նրա քեռին բացառեց այդ վարկածը. «Ամեն մեկը մի բան կարող է ասել, ու ինչ խոսակցություններ ասես, որ չեն տարածում: Չեմ հավատում»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ կատարվում է քննություն:
ԿԱԽԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ԿԱԽՎԵԼ Է ԿԱԹՍԱՅԱՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ