Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղում դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գեւորգյանը: Նրան դանակահարել է թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանը: Մեր տեղեկություններով` դանակահարությունը եղել է աղջկա պատճառով:
Մինչ կատարվածի մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ նախօրեին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները նամակ էին ուղղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին, որտեղ իրենց բողոքն էին արտահայտել «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գեւորգյանի նկատմամբ: Այժմ ներկայացնենք նամակի հակիրճ բովանդակությունը.
«Մենք հասկացանք, որ մեզ մոտ է եկել ամբիցիոզ, սակավ գիտելիքների տեր, ուսանողությանն արհամարհող, ժամանակակից բուհական պահանջները չբավարարող մի մարդ, որն օրավուր մեծացրեց անդունդն իր եւ ուսանողության միջեւ: Վասիլ Գեւորգյանը շաբաթական մեր մասնաճյուղում պիտի պարապի առնվազն 10 ժամ, սակայն նա ուսումնական պարապմունքների է գալիս ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ՝ մեկ շաբաթով: Սա արդեն նշանակում է, որ խախտվել են պարապմունքների համակարգման եւ մատուցման ձեւերը: Դասախոսը պարտադրում է քննությունների եւ ստուգարքների ժամանակ բառացիորեն պատասխանել ողջ ծրագիրը՝ դրան հասնելով ինքնակրթությամբ: Քննությունները Վասիլ Գեւորգյանը վերածում է սեփական ամբիցիաների ցուցադրության եւ դաժանության: Դասախոսը սկսում է չհիմնավորված «անբավարար» գնահատականներ «շարել»՝ այսպես ցույց տալու համար իր իբր սկզբունքայնությունն ու խստապահանջությունը, իր գերազանցությունը մեր նկատմամբ: Ավելին, նա նշանակում է այսպես կոչված «լիկվիդացիոն շրջան» եւ բացակայում դրանից՝ հետագայում անցնելով շանտաժի, իբրեւ թե ուսանողները չեն ներկայացել: Մեր պահանջն է շուտափույթ կերպով Վասիլ Գեւորգյանին հեռացնել ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղից եւ, համաձայն Բոլոնիայի համաձայնագրի պահանջների, թույլ տալ ուսանողությանն ընտրելու դասախոս եւ պատվիրակելու կրթություն…»:
Մինչ Արմեն Աշոտյանն ու Արմեն Մազմանյանը կփորձեն ընդառաջ գնալ եւ արձագանքել ուսանողների բողոքին, բուհում իրավիճակն անվերահսկելի է դարձել: Բանն այնտեղ է հասել, որ հնչյունային ռեժիսոր Ակսելը դանակահարել է դասախոս Վ. Գեւորգյանին: Ակսելի հարազատներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին պատմեց, թե դանակահարության պատճառը եղել է այն, որ նշված բուհում սովորող Ակսելի ընկերուհի Աննա Դարբինյանին Վ. Գեւորգյանն անբավարար է նշանակել՝ վիրավորելով նրա արժանապատվությունը: Ակսելն էլ՝ որպես իսկական սիրող տղա, ընդհուպ մինչեւ դանակի գործադրմամբ փորձել է պաշտպանել Աննայի արժանապատվությունը: Եվ դասախոսին դանակահարելուց հետո ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն: Իսկ Վ. Գեւորգյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԴԱՍԱԽՈՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ