Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին նիստերը կմնան մեր խորհրդարանի պատմության մեջ որպես ամենաբուռն եւ ամենակրքոտ քննարկումների եւ սկանդալային բացահայտումների շրջան: Հատկապես բուռն ու շիկացած քննարկումների բովում անցան 2012-ի պետական բյուջեի կատարողականին եւ Վերահսկիչ պալատի հաշվետվություններին նվիրված նիստերը, որոնք հրաշալի առիթ եղան մեր մի շարք պատգամավորների համար՝ հանդես գալու ինքնատիպ սոցիալ-քաղաքական շոուներով՝ այդպես բացահայտելով պետության «թույլ տեղերը»:
Թվում էր, թե քննարկումներում ամենաակտիվն ու ամենասկզբունքայինը պետք է լիներ ֆինանսական օրենսդրության թիվ մեկ պաշտպանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա ակտիվությունը սպասվում էր, որովհետեւ քննարկումների առանցքում բյուջեի կատարողականն էր, պետական միջոցների օգտագործման հարցերն էին, այն թալանն էր, որն իրականացվել էր հենց պետական ֆինանսական միջոցների շրջագծում, եւ որոնց մասին չափազանց կրքոտ էին խոսում հատկապես ընդդիմադիր պատգամավորները: Բայց Գ. Մինասյանը լուռ մնաց, որովհետեւ գրեթե բոլոր խախտումների կենտրոնում կա՛մ իր կուսակիցներն էին, կա՛մ ՀՀԿ-ի հետ վերստին սիրախաղեր տվող ԲՀԿ-ականները: Ինչպես ասում են, պատահական մարդիկ չկային: Գ. Մինասյանին գուցե «առաջարկել» էին լռել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային բացահայտումների ժամանակ, որովհետեւ այս դեպքում էլ թեժացող կրակը կարող էր սեփական ոտքերն այրել: Այսինքն՝ ամեն ինչ պիտի կապակցվեր հարազատ կուսակցությանը: Հատկապես եվրոպական խորհրդարանների փորձը ցույց է տալիս, որ բյուջեի մսխումների եւ նմանօրինակ այլ բացահայտումների նախաձեռնողը վերոնշյալ հանձնաժողովի նախագահն է լինում, մինչդեռ հազիվ թե հայ խորհրդարանականները հիշեն մի դեպք, երբ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը բացահայտումներ արած լինի: Հավանաբար ձեռնտու չէր կամ էլ նա մշտապես գործել է «աղբը տանից դուրս չտանելու» կարգախոսով…
Խնդիրը բոլորովին այն չէ, թե Գ. Մինասյանը կարող է պետական մասշտաբով իրականացվող թալանի մասնակից լինել: Առայժմ նրա անվանը սկանդալային պատմություններ չեն կապակցվում, չեն խոսում այն մասին, թե հատկապես բյուջեի մասին օրենքի նախագիծը խորհրդարանում անցկացնելու կամ էլ լոբբինգ անելու համար Գ. Մինասյանին ինչպիսի կարկանդակներ են տալիս: 2012-ի նրա հայտարարագրում նշվել է, որ ավտոմեքենա չունի, անշարժ ու շարժական գույք չունի, անգամ չի նշել բնակարանի առկայության մասին, իսկ ահա ֆինանսական միջոցները կազմել են 2 մլն դրամ եւ տասը հազար ԱՄՆ դոլար: Դոլարային կուտակումներն էլ երեւի ձեւավորվել են «Բիթլիս-մեն» ՍՊԸ-ում ունեցած 25 տոկոս բաժնեմասից:
Նշենք, որ Գ. Մինասյանը խորհրդարանում է նշել իր ծննդյան 50 եւ 60-ամյակները՝ հանդիսանալով ամենահնաբնակ պատգամավորներից մեկը՝ տասնվեց տարվա պատգամավորական ստաժով: Գ. Մինասյանի հայտնությունը քաղաքական դաշտում եւ խորհրդարանում շատ անսպասելի էր: 1972-ին ավարտելով Պոլիտեխնիկական ինստիտուտը եւ ստանալով ԷՀՄ ճարտարագետի որակավորում, նա անմիջապես աշխատանքի է անցել ըստ մասնագիտության՝ իր կենսագրությունը կապելով մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ: Այստեղ աշխատել է ուղիղ 25 տարի: Ազգային զարթոնքի օրերին երբեւէ չի հիշատակվել նրա անունը, նա չի եղել ակտիվ քաղաքական դաշտում, սակայն 1997թ. դարձավ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով՝ «Հանրապետություն» միավորումից: Ոմանք պնդում են, թե Գ. Մինասյանը ոչ պասիվ ՀՀՇ-ական էր: Իսկ ոմանք էլ նրա հայտնությունը խորհրդարանում պայմանավորում են Անդրանիկ Մարգարյանի գործոնով: Առավել հավատընծան, թերեւս, առնչությունն է Ա. Մարգարյանին, որովհետեւ այդ տարիներին վերջինիս միջնորդությամբ Մինասյանը դարձավ վարչապետ Արմեն Դարբինյանի խորհրդականը՝ պատգամավորական աշխատանքը զուգակցելով խորհրդականի գործունեությանը:
Ինչպես շատերը, Գ. Մինասյանն էլ խորհրդարանում մի գիշերում «հավատափոխ» եղավ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո շտապեց տեղ զբաղեցնել «Երկրապահ» պատգամավորական խմբում: 1999թ. նրա համար դարձյալ բարեխոսեց Ա. Մարգարյանը, եւ նա դարձավ «Միասնություն» դաշինքի անդամ, ընտրվեց նշյալ հանձնաժողովի անդամ, ապա՝ նախագահ… 2003թ., 2007թ., 2012թ. էլ Գ. Մինասյանն իր մշտական տեղն ուներ ՀՀԿ խմբակցությունում: Ոչ միայն մշտական տեղը, այլեւ մշտական պաշտոնը, որովհետեւ նա մեր խորհրդարանի պատմության մեջ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ամենաերկարակյաց նախագահն է:
Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվել Գ. Մինասյանին փոխխոսնակ ընտրելու մասին, սակայն հավանաբար նա այդ հանձնաժողովի անփոխարինելի նախագահն է, որովհետեւ նշյալ հանձնաժողովը շատ բան է թաքցնում ու շատ բան անում իշխանությունների կամոք…
ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ