ԿՐԿԵՍԱՅԻՆ ԱՄԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանի տեղեկացմամբ` մոտ օրերս դրվելու է Երեւանի կրկեսի նոր շենքի հիմքը, որը, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է, որ կրկեսի նոր շենքը պետք է շահագործման հանձնվի 2014 թվականի վերջին:
Նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Վահագն Վերմիշյանն է, հաստատվել է օրերս: Հիշեցնենք, որ կրկեսի պայթեցումը, մեղմ ասած, ցավագին ընդունվեց ոչ միայն երեւանցիների, այլեւ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Նոր շենքի հեղինակները խոստացել էին, որ այն գրեթե ամբողջովին լինելու է նախկինի նման: Իսկ հիմա ասվում է, որ կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Նոր շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի նստատեղ, բացի այդ, 3 փոխարկվող մանեժ: Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու նախորդից  եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Իսկ մինչ շենքը կկառուցվի, երեւանյան կրկեսի թատերախումբը հունիսի 30-ից հուլիսի 6-ը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր շրջաններում նախատեսված է 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով: Ինչպես նշել է երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, իրենք առաջին անգամ են շրջագայության մեկնում ԼՂՀ: Ծրագրում ընդգրկվել են նաեւ Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտները: Կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաեւ ԼՂՀ զորամասերում: Իսկ արցախյան շրջագայությունից հետո կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալ: Հիշեցնենք, որ մինչ այդ երեւանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում:
Շարունակելով կրկեսային թեման` նշենք, որ Հայաստանում 10-15 տարվա ընդմիջումից հետո նորից հայտնվեց շապիտո-շրջիկ կրկես: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում` ապամոնտաժված դելֆինարիումի տեղում, իրականացվել են շապիտո-շրջիկ կրկեսի տեղադրման աշխատանքները: Այն երկու-երեք ամիս Երեւանում գործունեություն ծավալելուց հետո կմեկնի մարզեր: Շրջիկ կրկեսն ունի 3 արջ, 3 կապիկ, շնիկներ, սողուններ, 10 դերասան, որոնք հրավիրված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից, իսկ երկուսը Հայաստանից են:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս