
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 15-ին կանցկացվի «Արմավիա» ավիաընկերության գույքերի կրկնաճուրդը: Ավիաընկերությունն աճուրդի է հանել 1999 թվականին արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր:
Այն կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում, արժի 172 մլն 200 հազար դրամ: Աճուրդի են հանված նաեւ մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երեւանում: Շինությունը պատկանում է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին եւ գրավադրված է «Ամերիաբանկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ է:
Աճուրդի է հանվել նաեւ «Արմավիա»-ի սեփականտեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ գինը 201 մլն դրամ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր՝ մոտ 532 մլն դրամ: Վաճառվում են նաեւ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն: