Ընտրական օրենսգրքի նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ ամփոփման փուլերում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց. «Այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռում ժամանակի ընթացքում տարածքներում եւս ձեւավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն, ինչը շատ կարեւոր է երկրի պատշաճ կառավարման համար»:
«Ժողովուրդ»-ը նոր ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված մի քանի հարց է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանին:
-Պարո՛ն Նիկոյան, նախօրեին հրապարակվեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Խոսվում է ռեյտինգային քվեարկության մասին: Ռեյտինգային պատգամավոր ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ, եւ ինչպե՞ս է կատարվելու նրա ընտրությունը
-Ռեյտինգայինը հետեւյալն է. որեւէ կուսակցություն որեւէ տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե իր անունով, այլ իր անդամներով: Այսինքն՝ քաղաքացին գնում է քվեարկության եւ այնտեղ որեւիցե կուսակցության ինքը քվեարկելու է հանձինս այդ կուսակցության անդամների: Եվ որպեսզի որեւէ կուսակցության քվեարկի, նախ պետք է ընտրի այդ կուսակցության քվեաթերթիկը, նոր միայն քվեարկի: Եւ եթե նախկինում որեւէ կուսակցություն մի ընտրատարածքում մեկ թեկնածուի առաջադրելու իրավունք ուներ, հիմա ցանկացած կուսակցություն, ցանկացած ընտրատարածքում կարող է առաջադրել բազմաթիվ` 15-20 անդամների: Նաեւ կուսակցության անդամների մեջ կարող է գնալ մրցակցություն, թե ընտրողներն ում են ավելի շատ ձայն տալիս… Սա է ռեյտինգայինը:
-Բացի այս՝ նոր նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրացուցակում պետք է ներգրավված լինեն եզդի, ռուս, ասորի, քուրդ ազգի ներկայացուցիչներ: Արդյո՞ք այդքան թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, հեշտ կլինի «գտնել»:
-Ես կարեւորում եմ Սահմանադրության մեջ այդ փոփոխությունը, որ ամեն դեպքում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները մեր պառլամենտում պետք է լինեն: Դա քաղաքական մոտեցում է, դա մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին համահունչ քայլելու խնդիր է: Դարերով մեր երկրում ապրող եզդի ազգաբնակչության ներկայացուցչությունը պառլամենտում ցանակալի կլինի, որովհետեւ գիտենք, թե տարածաշրջանում եզդի ազգաբնակչությունն ինչքան է, եւ նրանք քաղաքական պրոցեսի կենտրոնում են: Կարծում եմ՝ շատ դրական մոտեցում է: Այս պրոցեսը ներկայացված է. կքննարկենք, եթե շտկելու խնդիրներ լինեն, դա կանենք:
-Իսկ ռուսնե՞րը, ասորինե՞րն ու քրդե՞րը…
-Ուշադիր կարդացեք, այնտեղ ներկայացված է…
-Հստակեցված է, որ ընտրությունների ժամանակ նույնականացման քարտով պետք է ստուգվի` արդյոք քաղաքացին քվեարկել է, թե ոչ: Ինչքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այս տարբերակը կնպաստի ազատ, արդար ընտրություններին: Ծրագիրը մեզ չի խաբի՞:
-Ծրագիրը չի կարող խաբել, մարդն է խաբում: Այնպես չի, որ կարող ենք ասել, որ մենք վստահում ենք այդ ծրագրին: Վստահության համար պետք է, որ այդ տեխնիկան, տեխնոլոգիան համապատասխանի այս, այս, այս չափանիշներին: Այդ սարքերը, որոնց մենք ծանոթացել ենք, ունեն այնպիսի հնարավորություն, ըստ որի՝ ցանկացած հարցի պատասխան կարող են տալ: Այսինքն՝ ցանկացած կասկածամիտ մարդու մոտեցումները կարելի է, եւ տեխնիկան թույլ է տալիս ամրագրել, որ այդ հարցերը հանվեն:
-Պարո՛ն Նիկոյան, ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն հանդես է գալու տարբեր գույնի քվեաթերթիկներով: Դուք ո՞ր գույնն եք նախընտրում, եւ այս մեխանիզմի նպատակը ո՞րն է:
-Նպատակը հետեւյալն է. նախ որեւիցե մեկը, եթե ուզում է մեկին քվեարկի, կուսակցության անդամ պետք է լինի: Տվյալ կուսակցության անդամն այդ քվեաթերթիկի վրա պետք է լինի` շուտ կողմնորոշվելու համար: Մինչեւ հիմա մեղադրում են, որ այս կուսակցության ձայները տեղափոխել, տվել են մեկ այլ կուսակության եւ այլն, եւ այլն: Եթե գույները տարբեր են, ապա անհնար է տեղափոխել: Շատ հստակ, վերահսկելի մեխանիզմ է այդ գունավոր քվեաթերթիկներով ընտրությունը: Իսկ թե ինչ գույնով կլինենք, կգա ժամանակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոշի, թե որ կուսակցությունը որ գույնով է հանդես գալու:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ