Արման Թաթոյանն անցել է կադրային ջարդի. նորընտիր ՄԻՊ-ի և նախկին օմբուդսմենի որոշ աշխատակիցների ջրերը մեկ առվով չեն հոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականի փետրվարի 23-ին Մարդու իրավունքների չորրորդ պաշտպան ընտրված Արման Թաթոյանը անցել է կադրային ջարդի:
Չնայած ընդամենը 9 օր է, ինչ Արման Թաթոյանը աշխատանքի է անցել, սակայն արդեն իսկ նորընտիր ՄԻՊ-ի եւ նախկին օմբուդսմենի որոշ աշխատակիցների ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ, օրինակ, մինչ Արման Թաթոյանի նշանակվելը, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը շարունակել է աշխատել ՄԻՊ-ում, սակայն Արման Թաթոյանի գործի անցնելուց հետո աշխատանքից ազատման դիմում է գրել: Նշենք, որ Գրիգորյանի հետ ազատման դիմում են գրել արտաքին կապերի վարչության մի շարք աշխատակիցներ, այդ թվում եւ Լուսինե Ավագյանը:

Ի դեպ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի վարորդ Թոմաս Հակոբյանը եւս նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել: Նկատենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո վերոնշյալ անձինք շարունակում էին աշխատել ՄԻՊ-ում եւ, ըստ էության, սպասում էին նորանշանակ օմբուդսմենին, որի կամքից էլ կախված կլիներ նրանց հետագա ճակատագիրը: Սակայն դատելով ստեղծված իրավիճակից` ամենայն հավանականությամբ, Արման Թաթոյանը չի ցանկացել աշխատել նրանց հետ եւ ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրեն:

Նշենք, որ Արման Թաթոյանը ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում է իր նախկին աշխատատեղի` արդարադատության նախարարության աշխատակիցներով: ՄԻՊ հանրային կապերի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը չհերքեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որոշ մարդիկ ազատման դիմում են գրել. «Ունենք աշխատակիցներ, որոնք դուրս են եկել, ունենք նոր աշխատակիցներ, որոնք որ նոր են ընդունվել աշխատանքի, դա բնական է՝ մարդիկ դուրս են եկել այլ աշխատանք փնտրելու պատճառով»:

Ի դեպ, գրել էինք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված իրավախախտումների կապակցությամբ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր ՀՀ իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել արձանագրված դեպքերով: ՀՀ գրեթե բոլոր իրավապահ մարմինները պատասխանել են Անդրեասյանի դիմումներին: Մեզ հասած տեղեկություններով՝ օմբուդսմենի գրասենյակը, ուսումնասիրելով բոլոր դիմումները եւ վերլուծելով արձանագրված փաստերը, նախատեսել էր 2016թ. հունվարի 25-ին հրապարակել դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Ասել է, թե մինչ օրս օդից կախված է մնացել հանրաքվեի մասին ՄԻՊ զեկույցը:

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Արման Թաթոյանը, արդյո՞ք կհրապարակի նախկին օմբուդսմենի վերլուծությունը, թե հերթական անգամ նոր դիմումներ պետք է ուղարկի իրավապահ մարմիններին` վերստին ծանոթանալու եւ ամփոփելու դրանց արդյունքները: Այս հարցին ի պատասխան՝ Ռոնա Ահարոնյանը նշեց, որ խնդիրը քննարկման փուլում է:
Նկատենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդված 17-ի համաձայն՝ «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում»:

Այդպիսով` Արման Թաթոյանը մինչ մարտի վերջ պետք է ներկայացնի նախորդ տարվա զեկույցը, իսկ մինչ այդ էլ հանրաքվեի զեկույցի մասին պետք է հայտարարությամբ հանդես գա: Թե ինչպես կպլանավորի նորընտիր օմբուդսմենն իր գլխին կուտակված այս հարցերի ընթացքը, պարզ կդառնա առաջիկայում:

Հավելենք, որ Լուսինե Ավագյանը զանգահարեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ վստահեցրեց, որ ինքը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: Հուսանք` իրոք այդպես է:

Քնար Մանուկյան




Լրահոս